«Պայքարը տենամ, նոր մեռնեմ»

14/05/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ առավոտյան Կենտրոնի
Ոստիկանություն են հրավիրել Երեւանի Խուլ համրերի պալատի փոխտնօրենին եւ
ահաբեկել, որպեսզի վերջինս թույլ չտա, որ իր ղեկավարած տարածքում ՀԺԿ
ղեկավարությունը հանդիպի իր կուսակցության ակտիվի հետ: «Դա վկայում է այն
մասին, որ ռեժիմը պարզապես հոգեվարքի մեջ է ու վախենում է նույնիսկ
դահլիճային հանդիպումներից: Ո՞նց կարելի է այդպես երկիր ղեկավարել:
Ակնհայտ է, որ սվիններով երկար իշխանություն պահել հնարավոր չէ»,- ակտիվի
հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ս. Դեմիրճյանը:
Իսկ հավաքում հնչած ելույթներում այս անգամ ավելի շատ քննադատվում էին
«Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունները, քան իշխանությունները,
ինչը դահլիճի կողմից ընդունվում էր նույն ոգեւորությամբ, ինչ
իշխանությունների հասցեին հնչող որեւէ քննադատական խոսք: ՀԺԿ կենտրոնի
տարածքային կազմակերպության անդամ Ռուբեն Կանդայանն իր ելույթում նշեց, թե
ժողովուրդը իր հույսը պետք է դնի միայն իրենց վրա: «Առաջ Ս. Դեմիրճյանի
մասին այնպես էին խոսում, որ ստացվում էր, թե ինքը պետք է ամաչի, որ Կարեն
Սերոբիչի տղան է: Մնում էր միայն, որ ինքն ասի` կներեք, ժողովուրդ, հա, ես
Կարեն Սերոբիչի տղան եմ: Մեղադրում էին, որ Ս. Դեմիրճյանի ուսերի վրա
ՀՀՇ-ն վերադառնալու է իշխանության: Ծիծաղելի ու հիմար վարկած: Այսօր էլ որ
ալիքով նայում ես, այս թզուկ` 10, 5 հոգանոց կուսակցությունները, որոնք
պառլամենտ չեն անցել, այնպես են խոսում, որ կարծես մենք ենք այս վիճակի
համար ավելի շատ մեղավոր, քան իշխանությունները»,- ասաց նա: Իսկ հետո
անդրադարձավ դաշինքին` ափսոսանք հայտնելով, որ դահլիճում ներկա են միայն
ՀԺԿ-ականները. «Ամեն անգամ ԱԼՄ Կարապետիչը եթեր է հրավիրում դաշինքի
մարդկանց ու ամեն անգամ ասելով, թե՝ ձեր մասին չէ խոսքը, շարունակում է
վարկաբեկել դաշինքի այսինչ անդամին: Ու այդ մարդիկ հանգիստ լսում են: Սա
իշխանության քաղաքականությունն է, եւ մեր օգնությամբ էլ է այս
քաղաքականությունը տարվում»: Ռ. Կանդայանի համոզմամբ, այսօր դաշինքն
ամենահզոր քաղաքական ուժն է Հայաստանում, բայց, չնայած սրան, դաշինքի որոշ
գործիչներ, կուսակցության ղեկավարներ փորձում են իրենց առանձին «խաղը
խաղալ»: «Մեկի մտքով թող չանցի` այս դաշինքի հիմքը, սիրտը եղել է ՀԺԿ-ն եւ
շարունակում է մնալ ՀԺԿ-ն: ՀԺԿ-ի ձայներով, հեղինակությամբ, լիդերի
ավտարիտետով են այդ բոլոր ձայները հավաքել, եւ կարելի է ասել, որ եթե
դաշինքը չկազմավորվեր, ՀԺԿ-ն կարող է նույն արդյունքն ունենար, եթե ոչ
ավելին: Դրա համար մեր դաշինքի գործընկերները թող երբեւէ չմոռանա՛ն
արմատները»: Ռուբեն Կանդայանի համոզմամբ, եթե այդ կուսակցությունները
դաշինքի կազմում չլինեին, ապա չէին հայտնվի անգամ խորհրդարանում: Նա
դաշինքի անդամ կուսակցություններին մեղադրեց նաեւ նրանում, որ նրանք չեն
կարողանում իրենց ամբիցիաները մի կողմ դնել ու հրապարակայնորեն
հայտարարել, որ հանրապետության նախագահի թեկնածու կարող է լինել Ստեփան
Դեմիրճյանը: «Ամոթ ա, ոչ մեկը չի ասում, որ` մենք գտնում ենք, որ ղեկավար
կարող է լինել Ստեփան Կարենիչը: Հարցնում են` բա ո՞վ կարող է լինել երկրի
ղեկավար, չեն կարողանում պատասխանել: Այ մարդ, գլուխները կախած այնպես են
ամաչում: Շնորհիվ Դեմիրճյանի եկել եք պառլամենտ ու շատ լիարժեք կարող եք
ասել՝ Ս. Դեմիրճյանը: Կարո՞ղ է Դեմիրճյանն այն ուղին չի անցել, կամ այն
ծնունդը չի, ոնց որ այս համբալները, որոնք այսօր ղեկավարում են: Եթե
ժողովրդի շահերի պաշտպանությունը չլիներ, նա հանգիստ կարող էր իր համար
վայելել իր հոր պատիվն էլ, ամեն ինչն էլ: Այսօր Հայաստանում ինչքան
գյադա-գյուդա կա, այսօր դարձել է քաղաքական գործիչ ու ամբախ-զամբախ դուրս
են տալիս,- դաշինքից բողոքեց Կանդայանն ու կոչ արեց միասին պայքարել,
հակառակ դեպքում,- բոլորս կորած ենք, Աջ-ձախ ամեն ինչ սուտ են, մենք պիտի
միավորվենք»:
Տնտեսագետ Սեւակ Այվազյանի քննադատության թիրախը նույնպես դաշինքի անդամ
կուսակցություններն ու «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ
Արտաշես Գեղամյանն էին: «Ստեփան Դեմիրճյանի կողքին կանգնելու փոխարեն՝
Արտաշես Գեղամյանն իր ամբիցիոզ դիրքորոշմամբ ու վճռական պահին ցուցաբերած
պասիվությամբ նոր հնարավորություններ ստեղծեց Քոչարյան-Սարգսյան առանցքի
համար` ընտրությունների վերջին փուլում ավելի սանձարձակ ընտրակեղծիքներ
գնալու ու նախագահի աթոռին տիրանալու համար»: Իսկ հետո սահուն անցում
կատարելով դաշինքի կուսակցություններին, Ս. Այվազյանն ասաց. «Դասեր
քաղելու փոխարեն՝ ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են նորից ջուր
լցնել հակառակորդի ջրաղացին: Տպավորություն է ստեղծվում, որ այդ այրերը
ցանկանում են հանրության մոտ թարմացնել երբեմնի սեփական
պոպուլյարությունը, քան դաշինքի հիմնական համաձայնեցված ու հետեւողական
ծրագրերը»: Իսկ Արտաշատի տարածքային կազմակերպության ղեկավար Արամայիս
Բարսեղյանը հայտարարեց, որ իրենց ճանապարհը ոչ թե հեղափոխությունն է, այլ`
իշխանափոխությունը, որին պատրաստ սպասում են Արտաշատի բոլոր գյուղերի
բնակիչները: «Սպասում են լիդերի, որը կասի, որ գործընթացը սկսում են:
Սպասում են այն ճանապարհին, որը կասի մեր լիդերը: Համաձայն ենք լիդերի
առկայության դեպքում միասնական համագործակցել քաղաքական դաշտում եւ գնալ
իշխանափոխության: Ժողովուրդը չի ստիպելու ձեզ գնալ իշխանափոխության,
ժողովուրդն ինքն է գնալու»,- ասաց Ա. Բարսեղյանը` ավելացնելով, որ
Արտաշատի ժողովուրդը շատ քաղաքակիրթ է, եւ Ղրղըզստանի նման ոչ մի խանութի
կամ կրպակի ապակի չի ջարդելու: «Հաստատ այդ կարգի վայրագությունների չի
գնա»,- Ս. Դեմիրճյանին համոզում էր Ա. Բարսեղյանը:
Պատգամավոր Ստեփան Զաքարյանի ելույթը հիմնականում նվիրված էր ընդդիմության
հասցեին հնչած քննադատությունները մեղմելուն։ Նա մի քանի անգամ պնդեց, որ
դաշինքում որեւէ տարաձայնություն չկա, իսկ քաղաքական նոր ֆորմատն էլ,
ինչպես նշեց Ս. Զաքարյանը, «ինչպես տեսնում եք՝ առայժմ չկա»:
Ստեփան Դեմիրճյանն էլ Կենտրոնի ՀԺԿ տարածքային կազմակերպության այս
հավաքից եկավ այն եզրահանգման, որ վերջիններս պատրաստ են պայքարի, ինչին
ներկաներից մի ծեր կին արձագանքեց. «Ես էլ էդ պայքարը տենամ, նոր մեռնեմ»: