Հայկական երաժշտությունն ազգի հանճարի մեծագույն դրսեւորումներից մեկն է արվեստի բնագավառում: Ազգի զարմանալի երաժշտականությունն իր դրսեւորումն է գտել բոլոր ոլորտներում` սկսած ճարտարապետությունից` մինչեւ ոսկերչություն, պոեզիայից (այս իմաստով ուղղակի ցնցող է հայոց այբուբենը, որը բնության շատ ձայներ կարողացել է լսել ու ներկայացնել տառերի տեսքով), մինչեւ գեղագրություն, խաչքարից մինչեւ ասեղնագործություն եւ գեղանկարչություն, մանրանկարչությունից` մինչեւ ժամանակակից նկարիչները: Իսկապես, ազգային երաժշտությունը հայկական մշակույթի ամենահարուստ բնագավառներից է: Սակայն եթե հոգեւոր երաժշտությունը հզոր եւ կայուն վեկտոր ուներ ի դեմս քրիստոնեության եւ մեր եկեղեցու` որպես ինստիտուտի, ապա ազգային երաժշտությունը հսկայական սթրես է ապրել օտարերկրյա բազամադարյան լծի տակ: Ազգային երգը զարմանալի նրբագեղ է եւ ձեւով ու բովանդակությամբ զուսպ: Հենց այդ երգն է Կոմիտասը փրկել օտար ազդեցություններից ու ներկայացրել աշխարհին: Հայերիս պրոֆեսիոնալ մշակույթի մեջ ազգային մտածողությունը եվրոպակենտրոն է: Եվ դրա բազում ապացույցներ կան` հելլենիզմի եւ քրիստոնեության ընդունումից՝ մինչեւ եվրոպակենտրոն աշխարհայացք ու մշակութային արմատներ ունեցող երկրներ արտագաղթով (Ռուսաստան, Արգենտինա, Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա, եւն): Բացի դա` հայ արվեստագետներն այս երկրներում երբեք ադապտացվելու խնդիր չեն ունեցել. նրանց մշակութային վեկտորն ուղղված է դեպի առաջավոր գեղագիտական միտքն ու տեխնոլոգիաները (Այվազովսկուց եւ Արշիլ Գորկուց սկսած՝ մինչեւ Ռուբեն Մամուլյանն ու Ազնավուրը): Հենց այս փաստն ենք մենք տեսնում եւ Կոմիտասի կենսագրության մեջ, որը իմաստավորեց ազգային մելոսը Բեռլինում կրթություն ստանալուց հետո: Այդպիսին էր եւ մի ուրիշ մեծ կոմպոզիտոր` Մակար Եկմալյանը, որն իբրեւ արվեստագետ ձեւավորվել է Պետերբուրգի Կոնսերվատորիայում: Սակայն հայկական երաժշտությունն իր պրոֆեսիոնալ որոնումները սկսել է մի կողմից՝ ռուսական օրիենտալիզմից (Սպենդիարյանը դրա վառ ապացույցն է), մյուս կողմից` եվրոպական, մասնավորապես՝ գերմանական եւ իտալական երաժշտական դպրոցների բազմերանգ մոզաիկայից:
20-րդ դարասկզբի հայ հասարակությունը մի շարք հզոր ցնցումներ է ապրել` ցեղասպանություն, ազգային ինքնապաշտպանություն, ապա եւ ազգային մշակութային ժառանգության` հնագիտության, ազգային երաժշտության, պոեզիայի ու էպոսի, ազգային տարազի, պատմության եւ ճարտարապետության նկատմամբ զանգվածային հետաքրքրություն (հիշենք, օրինակ, «Վերնատունը»):
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական մշակույթը սկսեց պայքարել յուրաքանչյուր հայի համար, քանզի երիտասարդ սերնդի ձուլումն ու կորուստը, հատկապես երեխաների, որոնց գողանում էին թուրքերն ու քրդերը, աղետալի չափերի էր հասել: Միայն ազգային ինքնագիտակցությունը, որ մենք մեր թշնամուց լավն ենք, ավելի տաղանդավոր, այս հողի վրա մենք ավելի վաղուցվանից ենք բնակվում, մեզ հնարավորություն տվեց դիմակայելու իսպառ անհետանալու վտանգին: Այսօր, երբ գրում եմ այս տողերը, անհնարին է հավատալ, թե ինչպես մենք կարողացանք այդ ամենի միջով անցնել:
Մշակույթի դերը այդ ժամանակներից ի վեր այնքան հզոր դարձավ, որ մենք այսօր` այս կարեւորագույն պահին, իրավունք չունենք այդպես ապաշնորհ կերպով կորցնելու նախաձեռնությունը:
Ի դեպ, նշեմ, որ Փարիզում կայացած ցուցահանդեսները ցույց տվեցին մշակույթի մեր ընկալման ոչ միայն ուժեղ, այլեւ թույլ կողմերը. մենք չկարողացանք գտնել այն մարդկանց, ովքեր կարող էին իրենց մեկնաբանություններով այդ ցուցահանդեսները դուրս բերել համաշխարհային գործընթացների համատեքստ:
20-րդ դարում հայերի երաժշտարվեստը զարմանալիորեն փոխկապակցված է ռուսական երաժշտարվեստի հետ, ինչպես կոմպոզիտորական, այնպես էլ՝ կատարողական: Ռուսական հզոր, ուժեղ երաժշտական կյանքը, որը գրավում է հայ երաժիշտների մի հսկայական բանակի, դեռ հեղափոխությունից առաջ որոշակի հող էր ստեղծել եւ մեր ազգային մշակույթի համար: Ռուսական երաժշտության բազմազանությունը (սկսած Սկրյաբինից ու Ստրավինսկուց՝ մինչեւ Տանաեւ ու Ռիմսկի-Կորսակով) պայմաններ ստեղծեց նաեւ հայկական երաժշտության համար: Ավելին, այնպիսի կոմպոզիտորներ, ինչպես Ռախմանինովը, տարված էին հայկական մելոսով: Սա դեպի համաշխարհային ճանաչում հայ երաժշտարվեստի վերելքի սկիզբն էր: Սակայն հեղափոխության հետ մի կարճ պահ եղավ ոգեւորության, ասել է թե՝ նաեւ փորձարարության շրջան, որին հետեւեց ռեակցիոն ռեժիմն ու տեռորը: Հայ պրոֆեսիոնալ մշակույթը սահմանափակվեց պահպանողականության շրջանակներում, քանզի միայն համակարգված մոտեցումը կարող էր ազգին ցանկալի արդյունքի հասցնել: Անգնահատելի մշակութային, այդ թվում եւ՝ երաժշտական շերտ բերեցին հայ երաժիշտները. հիշենք թեկուզ այնպիսի լուսավոր կերպար, ինչպիսին Սարաջեւն էր: Եվ սա հսկայական դեր խաղաց: Արամ Խաչատրյանը զավակն է այն մշակութային վերելքի, որը հայ ժողովրդին գոնե ինչ-որ իրավունքներ տվեց գոյատեւելու ստալինյան պետության մեջ: Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այդ ահավոր ժամանակները մենք առավելագույնս արդյունավետ օգտագործեցինք: Արամ Խաչատրյանի հանճարը ստիպեց աշխարհին լսելու եւ ընդունելու հայկական երաժշտությունը` որպես համաշխարհային մելոսի կարեւոր բաղադրիչ:
Խրուշչովյան ձնհալի տարիներին երեւան եկավ կոմպոզիտորների մի ողջ աստղաբույլ` Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան եւն, որոնց ներաշխարհը լի էր երկրի արեւային գույներով, երկրի, որը ոչ միայն կարողացել էր գոյատեւել, այլեւ դուրս գալ նախ՝ ԽՍՀՄ, ապա եւ՝ 60-ականների աշխարհի առաջավոր դիրքերի վրա: Փորձարարության այս շրջանում հայտնվեցին մի շարք փայլուն վարպետներ, որոնց համար աշխարհայացքային ու ձեւակազմիչ բաղադրիչները դառնում են կարեւորագույնը, բայց արդեն համաշխարհային փորձի շրջանակներում: Հիշենք Տերտերյանին, Զոհրաբյանին, Իսրայելյանին, Մանսուրյանին, որոնց ավելի ուշ` 70-ականներին, միացան նաեւ երիտասարդ կոմպոզիտորները` Է.Հայրապետյան, Ռ.Սարգսյան եւ ուրիշներ:
Հայ ինտելեկտուալ երաժշտական միտքը սկսում է աշխարհում կշիռ ձեռք բերել. այստեղից էլ գալիս է ազգային երաժշտարվեստի նկատմամբ գնալով մեծացող հետաքրքրությունը, որը 80-ականների վերջին դարձավ Պիտեր Գաբրիելի հայտնությունը ողջ աշխարհի համար, եւ ոչ միայն դասական երաժշտության բնագավառում: 90-ականներից մինչ մեր օրերը հայկական դուդուկի հնչյունները մարմնավորում են մարդու ապրումները ինչպես պատմական, այնպես էլ՝ ժամանակակից ֆիլմերում, ընդ որում` ինչպես՝ հեռավոր արեւմուտքում` Հոլիվուդում, այնպես էլ՝ Ռուսաստանում: Զարմանալի է, որ ռուս երաժշտական միտքը փորձում է հասկանալ եւ գնահատել հայկական մելոսը այդքան մեծ ուշացումով, թեեւ, ինչպես գիտենք, ընկալելու, ըմբռնելու փորձեր եղել են դեռ 20-րդ դարի սկզբին: Մեկնաբանությունների այսպիսի լայն դիապազոնը վկայում է հայկական ազգային երաժշտության հզորության մասին:
20-րդ դարի ընթացքում հայկական պրոֆեսիոնալ երաժշտությունն արեւելյան, դեկորատիվ ապրումներ մարմնավորելուց հասել է հզոր, բազմաշերտ, ներդաշնակ զգացմունքներ արտահայտելուն եւ աշխարհի հետ ինտելեկտուալ զրույց է սկսել ու գտնվում է որոնումների մեջ, թող որ՝ ոչ այնքան լայնածավալ, բայց խորը եւ յուրօրինակ:
Դեռ վերջնական արդյունքի չենք հասել այստեղ: Ես համոզված եմ, որ մենք նոր-նոր ենք կանգնել ճիշտ ուղու վրա, երբ հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը պետք է հասնի աշխարհի եւ այդ աշխարհում իր դերի ընկալման նոր մակարդակի: Եվ այդ առաքելությունը դրված է ոչ միայն այսօրվա կոմպոզիտորների (մասնավորապես՝ նրանց, ում ես հիշատակեցի), այլեւ մոտ ապագայում հայտնվելիք խոշոր անհատի կամ անհատների վրա: Չէ՞ որ կարեւոր է հասկանալ, թե ինչ է տվյալ պահին առաջարկում իր արվեստագետին ժողովուրդը եւ նրա մշակույթը: Բնականաբար, երբեք չբացառելով համաշխարհային մշակույթը, քանզի հենց այնտեղ են աշխատում տարբեր երկրների եւ մշակույթների լավագույն կոմպոզիտորները: