Կանայք շատ են սիրում խանութներում կոշիկներ փորձել, եթե նույնիսկ չեն պատրաստվում գնել այն: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ հենց կոշիկից կարելի է սնկային հիվանդություն ստանալ:
Սնկային հիվանդությունը կոշիկից հեշտությամբ փոխանցվում է մարդուն: Վիճակագրական տվյալներով` յուրաքանչյուր հինգերորդը տառապում է սնկային հիվանդությամբ, իսկ տարիքի հետ աճում է նաեւ հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, կոշիկն այդ բակտերիայի միակ կրողը չէ: Հավասար հավանականությամբ` սնկային հիվանդությամբ կարելի է վարակվել հասարակական վայրերից` լոգարանից, մարզասրահից, լողավազանից: Եթե անգամ հյուր եք գնում եւ ստիպված եք ուրիշի հողաթափերը հագնել, ապա սկզբից հագեք ձեր տարած հատուկ գուլպաները եւ նույն միջոցն էլ օգտագործեք կոշիկ փորձելիս: Սնկի հարուցիչը շատ «սիրում է» տաք ու խոնավ վայրեր, որտեղ մարդաշատ է, այդ պատճառով էլ լողավազան կամ այլ վայրեր գնացեք ձեր սեփական մարզական կոշիկներով: Գեղեցկության սրահներում անպայման հետեւեք, որ մատնահարդարը ձեր աչքի առաջ մաքրի գործիքները, սրբիչները լինեն լվացված ու օսլայած:
Սնկի հարուցիչը շատ հեշտ կպչում է նաեւ մարդուն, ում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան թուլացել է հակաբիոտիկներ օգտագործելուց:
Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է` քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը` ոտնաթաթերն ու թեւատակերը: Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում: Հիվանդության հարուցիչը կարող է գոյատեւել նույնիսկ սառելուց հետո, իսկ արդեն 75 աստիճան տաքությունը կարող է սպանել այն: 1 տոկոսանոց ֆորմալինը եւս սնկիկների մեծ թշնամին է. վերացնում է 10 րոպեի ընթացքում: Քլորամինի լուծույթում դրանք վերանում են 30-40 րոպեի ընթացքում: Մաշկի սնկային հիվանդության զարգացման համար էական է տարիքը: Օրինակ, «լիշայ» հիվանդությամբ հիվանդանում են միայն նախադպրոցական ու դպրոցական ցածր դասարանի երեխաները, իսկ մեծերը հազվադեպ են հիվանդանում այս հիվանդությամբ: Իսկ ահա ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդություններով հիվանդանում են միայն մեծերը: Հիվանդության զարգացմանը նպաստում են նաեւ նյութափոխանակության խանգարումները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հիվանդություններն ուղեկցվում են մաշկի թթվայնության նվազմամբ: Հիվանդանալու հավանականությունը մեծ է հղիների եւ նոր ծննդաբերածների մոտ: Այդ ժամանակահատվածում կնոջ դիմադրողականությունը թուլանում է՝ ոչ լիարժեք սնվելուց, վիտամինների պակասից, ու սնկային հիվանդության համար բարենպաստ պայմաններ են առաջանում:
Բացի դեղերից ու քսուքներից, որ հիվանդության դեպքում նշանակում է բժիշկը, հիվանդ մասերին շատ օգտակար է քացախը՝ ինչպես ակտիվ բուժման համար, այնպես էլ` որպես պրոֆիլակտիկ միջոց:
Ոտնաթաթի սնկերի դեպքում վաննայի մեջ լցնել 0,5 լիտր քացախ եւ դրա մեջ պահել ոտքերը 20 րոպե: Ցանկալի է, որ քացախը լինի տաք վիճակում: Հետո հանել ոտքերն ու սրբել, բայց չի կարելի լվանալ ջրով: Շաբաթվա մեջ այս պրոցեդուրան կարելի է կատարել 3 անգամ: Իսկ որքան պետք է շարունակել` կախված է հիվանդության ծանրությունից:
Եղունգների սնկերին լավ օգնում է սխտորը: Սխտորը բարակ շերտով կտրատել, դնել հիվանդ եղունգի վրա ու կապել թանզիֆի կտորով, թողնել 1 օր, ու, երբ սխտորն ամբողջովին չորանա, փոխել ու դնել նորը: Այսպես` 1 ամսվա պրոցեդուրայից հետո ձեր եղունգը կընկնի: Եղունգների սնկային հիվանդության դեպքում, որի ժամանակ եղունգները նաեւ սեւանում են, թրջոցի տեսքով կարելի է օգտագործել խառնաթ տեսակի սունկը: Չորանալուց հետո կրկնել այնքան ժամանակ, մինչեւ կառողջանաք: Կամ, երբ սնկային հիվանդություն ունեցողների եղունգները շերտավորվում ու ջարդվում են, կարելի է 220 գ մեղրամոմը ջրային գոլորշու վրա հալեցնել, թողնել մի քիչ սառչի ու վերջույթները դնել դրա մեջ: Երբ այն ամբողջությամբ սառի` հանեք ձեռքերը, ապա հագեք բամբակե ձեռնոցներ ու այդպես թողեք գիշերը: Առավոտյան հանեք ձեռնոցներն ու մաքրեք մեղրամոմը: 1 շաբաթվա այս պրոցեդուրաներից հետո հաստատ տարբերությունն ակնհայտ կլինի:
Գլխի սնկային հիվանդությանը շատ օգտակար է եղինջի ջուրը: Գլուխը լվանալ եղինջի ջրով, այնուհետեւ գլխին փաթաթել նույն ջրի մեջ թաթախված սրբիչը: Այսպես 3 ամիս անընդմեջ անելուց հետո տարբերությունը զգալի կլինի:
Ոտքերի սնկային հիվանդության ժամանակ կարելի է ոտքերը լվանալ տաք ջրով, լավ չորացնել, ապա ոտքերին 3 ժամ ընդմիջումով յոդ քսել: Կրկնել այնքան ժամանակ, մինչեւ հիվանդությունը բուժվի: Օգնում է նաեւ սովորական սուրճը: Պետք է սուրճը եփել եւ հիվանդ մասերը դնել մեջը: