Նոր մեղադրանք

23/05/2008

Երեւանի թիվ 178 դպրոցի ուսուցիչ Կարեն Թումոյանի նկատմամբ ՀՀ Քր.օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը («Անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը») նախաքննության մարմնի կողմից փոփոխվել է եւ վերջինիս առաջադրվել է նոր մեղադրանք ՀՀ Քր.օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008թ. մայիսի 16-ին կայացրել է որոշում, որով նշված քր.գործն ուղարկվել է Երեւանի մասնագիտացված քրեական դատարան: Հիշեցնենք, որ վերոհիշյալ քր.գործով կազմված նախնական մեղադրական եզրակացության համաձայն, Թումոյանը, 2007թ. նոյեմբերի 28-ին դասավանդման դասաժամին 9-րդ դասարանի աշակերտ Հրայր Մանուկյանի առողջությանը պատճառել էր ծանր վնաս, որ գնահատված էր որպես «անզգուշությամբ» պատճառած: Սակայն ապրիլի 16-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազը, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով, միջնորդել էր հետաձգել գործի դատական քննությունը` Կ. Թումոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու նպատակով: