Ափիոնը՝ սոխի պարկում

23/05/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Մարտիկ Բոլյանն իր հանցավոր արարքների կատարումը պատճառաբանում էր ընկերոջ խնդրանքով: Ինքը պարզապես ընկերասեր մարդ է եւ ընկերոջ խնդրանքը մերժել չի կարողացել: Իսկ դրանք միանգամայն լուրջ հանցագործություններ էին, որ առնչվում էին թմրամիջոցների հետ:

Դժվար թե Մարտիկ Բոլյանն այնքան միամիտ լիներ, որ չհասկանար, թե ընկերոջ խնդրանքը հանձն առնելով՝ հանցագործություն է կատարում, այն էլ՝ բավական ծանր հանցագործություն: Ընդ որում, դա արել էր ոչ մեկ անգամ: Ու, ստացվում է, եթե չբռնվեր, կարող էր նույն «ընկերասիրությամբ» շարունակե՞լ իր հանցավոր գործունեությունը:

Մարտիկը վարորդ էր, գործի բերումով հաճախ էր մեկնում Իրան ու վերադառնում: Օրերից մի օր նրա ընկերոջը՝ Սաշային, թմրամիջոց պետք եղավ: Սաշան դիմեց Մարտիկին, նա էլ համաձայնեց: Ավանսով 100 դոլար ուզեց եւ անմիջապես էլ ստացավ: Մեկ շաբաթ պահանջվեց, որպեսզի Մարտիկը ընկերոջ խնդրանքը կատարի: Նա Սաշայի համար 100 գրամ ափիոն ճարեց ու ստացավ եւս 100 դոլար, որովհետեւ թմրանյութի տվյալ քանակության համար Մեղրու մաքսակետի տարածքում 200 դոլար էր վճարել մի պարսիկ վարորդի:

Ո՞ւմ պետք է դիմեր Սաշան հաջորդ անգամ, երբ սիրտը նորից թմրանյութ ուզեր: Անկասկած՝ Մարտիկին: Վերջինս էլ, անշուշտ, պիտի համաձայներ, մանավանդ, որ մեկնում էր Իրանի Ջուլֆա քաղաքը: Սաշան լուրջ «պաշար» էր ուզում, հետեւաբար «անձնազոհ» ընկերոջը միանգամից 600 դոլար տվեց: Մարտիկն էլ հանձն առավ:

Ջուլֆայում նա իր ծանոթ Ջաֆարից 600 դոլարով 300 գրամ ափիոն գնեց: Նույն այդ Ջուլֆայում հանդիպեց իր փեսային: Վերջինս նույնպես ափիոն էր գնել, բայց Հայաստան հասցնել չէր կարողանում: Մարտիկը հանձն առավ նաեւ փեսայի 200 գրամ ափիոնի փոխադրումը: 500 գրամ ափիոնը ճարպկորեն տեղավորեց սոխի պարկի մեջ եւ մաքսանենգ ճանապարհով բերեց Հայաստան: 300 գրամն անմիջապես հանձնեց Սաշային, իսկ մնացած 200-ը պահեց իր տանը:

Դեպի հարեւան պետություն նոր ուղեւորություններ կատարել Մարտիկ Բոլյանն այլեւս չհասցրեց, որովհետեւ շուտով բռնվեց: Նրա տանը հայտնաբերվեց թաքցրած ափիոնի ամբողջ 200 գրամը: Բռնվեցին նաեւ Սաշան, նրա ընկերները, Մարտիկի փեսան: Սակայն ամենածանր մեղադրանքներն առաջադրվեցին հենց Մարտիկ Բոլյանին: Նա մեղադրվեց թմրամիջոցների մաքսանենգության, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ իրացնելու համար:

Առանց օգուտ ստանալու

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մարտիկ Բոլյանին առաջադրված բոլոր մեղադրանքները հաստատված գնահատեց եւ որպես վերջնական պատիժ սահմանեց 9 տարի ազատազրկումը: Նրա տնտեսությունից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվեր 250.000 դրամ:

Բոլյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք բերեց: Վերաքննիչ դատարանը փոփոխեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ Մարտիկի պատիժն էականորեն նվազեցրեց՝ նրան դատապարտելով 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Ըստ վերաքննիչ դատարանի՝ Բոլյանի արարքում բացակայում էր թմրամիջոցների իրացումը: Այսինքն, նրա գործողություններում առկա էին առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, սակայն նա դրանք իրացնելու նպատակ չէր ունեցել: Դատարանի կարծիքով՝ Մարտիկը թմրամիջոցները ձեռք էր բերել ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ ընկերոջ՝ Սաշայի խնդրանքով ու նախաձեռնությամբ: Վերջինս դրա համար Մարտիկին նախապես գումար էր տրամադրել եւ հայտնել, որ ափիոնը պետք է անձնական օգտագործման համար, քանի որ ինքը տառապում է ստամոքսի խոցից:

Իրանում ձեռք բերելով ապօրինի թմրամիջոցը՝ Բոլյանը պահել էր իր մեքենայում, փոխադրել Հայաստան ու հանձնել «պատվիրատուին»՝ առանց օգուտ ստանալու: Նույն ձեւով փոխադրել էր նաեւ փեսայի տված թմրանյութը:

Վերաքննիչ դատարանում մեղմացված դատավճիռն, ինչ խոսք, Մարտիկ Բոլյանի սրտով էր: Նա այլեւս չբողոքարկեց այն: Դատավճիռն ուժի մեջ մտավ: Սակայն Բոլյանը չհասցրեց հանգիստ շունչ քաշել: Ուժի մեջ մտած դատավճիռը հենց Մարտիկ Բոլյանի մասով բողոքարկեց գլխավոր դատախազի տեղակալը:

Ո՞ր դատավճիռն էր օրինական

Բողոքի հեղինակը պնդում էր, թե վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործի հանգամանքները եւ Բոլյանի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է սխալ հետեւության: Դատապարտյալի կողմից թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու հանգամանքը հիմնավորվել էր թե՛ նրա տան թաքստոցից հայտնաբերված առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի առկայությամբ, թե՛ թմրամիջոցը տեղափոխելու եւ Սաշային հանձնելու փաստով: Հետեւաբար, վճռաբեկ բողոքով խնդրվում էր բեկանել վերաքննիչ դատարանի դատավճիռը, օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի հիմնավոր եւ օրինական դատավճռին:

Հանցագործության օբյեկտը

Մարդկանց առողջության իրավական պաշտպանության ձեւերից մեկն էլ քրեաիրավական պաշտպանությունն է, որն իրականացվում է առողջությանը վնաս պատճառող կամ այն վտանգի տակ դնող որոշակի արարքների համար քրեական պատասխանատվություն սահմանելով:

Թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերը պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, իրացնելու, ինչպես նաեւ՝ հաշվառելու, բաց թողնելու, գործածելու ապօրինությունը որոշվում է 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունված՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը միջազգային նշանակություն ունի: Կան երկրներ, ուր թմրամիջոցների ապօրինի իրացման համար մահապատիժ է սահմանվում, այնքան ծանր հանցանք է համարվում այդ արարքը: Դրա դեմ պայքարին ուղղված համաձայնագրեր են ընդունվում միջազգային տարբեր կազմակերպությունների եւ իրավապահ կառույցների կողմից:

Մեր երկրի օրենսդրությամբ՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից իր բնույթով եւ վտանգավորության աստիճանով առանձնանում է ՀՀ Քր. օր.-ի 266 հոդվածով սահմանված՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը: Սրա հասարակական վտանգավորությունն այն է, որ հանգեցնում է թմրամիջոցների անկառավարելի տարածմանն ու չարաշահմանը եւ լրջորեն ազդում բնակչության առողջության, ինչպես նաեւ՝ երկրի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի վրա:

Վերոհիշյալ հոդվածի առաջին մասը պատասխանատվություն է սահմանում իրացնելու նպատակով թմրամիջոցներ պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու եւ իրացնելու համար: Այս հանցագործության անմիջական օբյեկտը մարդկանց առողջության անվտանգությունն է: Այն ոտնձգություն է նաեւ հասարակական անվտանգության նկատմամբ:

Այս հանցանքի օբյեկտիվ կողմը դրսեւորվում է միայն ակտիվ վարքագծով՝ արտահայտվելով իրացման նպատակով թմրամիջոցներ պատրաստելով, ձեռք բերելով, պահելով, փոխադրելով, առաքելով եւ ապօրինի իրացնելով:

Հանցանքի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ հանցավոր արարք է կատարում եւ ցանկանում է այն կատարել: Տվյալ դեպքում պարտադիր է ինչպես իրացման նպատակի առկայությունը, այնպես էլ ապօրինի իրացումը:

Ո՞րն է «իրացումը»

Տվյալ գործում դատական երկու ատյաններ տարբեր կերպ էին մեկնաբանել այն, թե ինչ պետք է հասկանալ «իրացում» ասելով: Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ Բոլյանն իրացում չէր կատարել, որովհետեւ օգուտ, շահ չէր ստացել, կատարել էր պատվեր, խնդրանք: Մինչդեռ օրենքով սահմանվում է, որ թմրամիջոցների տարածման ցանկացած եղանակ, այդ թվում՝ պատվերովը, համարվում է իրացում:

Իրացման նպատակի մասին են վկայում ձեռք բերողի եւ ստացողի նախնական պայմանավորվածությունը, թմրամիջոցներ ձեռք բերելն ու պահելը՝ դրանք չօգտագործող անձի կողմից, թմրամիջոցի զգալի քանակությունը, իրացման համար հարմար փաթեթավորումը եւ այլն: Առգրավված թմրամիջոցի մեծ քանակությունն ինքնին դեռ իրացնելու անվիճելի ապացույց չէ, դա պետք է գնահատվի իրացման մասին վկայող այլ տվյալների համակցությամբ:

Ապօրինի իրացումը թմրամիջոցի՝ ցանկացած եղանակով օտարումն է: Դրա տակ պետք է հասկանալ այն հատուցմամբ կամ անհատույց այլ անձանց հանձնելու, փոխանցելու ցանկացած եղանակ՝ վաճառք, նվիրատվություն, փոխանակում, պարտքի մարում, ուրիշի ներարկում եւ այլն: Իրացման առանձնահատկությունն այն է, որ նշված գործողությունների հետեւանքով թմրամիջոցին տիրանում է մեկ այլ անձ, որը հանդես է գալիս որպես ստացող, սպառող: Ապօրինի իրացումը համարվում է ավարտված, երբ արդեն մեկ այլ անձ է տիրանում թմրամիջոցին: Փոխանցման եղանակը կարող է տարբեր լինել, բայց դա արարքի որակման համար պետք է նշանակություն չունենա: Իրացման հանցակազմի համար նշանակություն չունի, թե թմրամիջոցին տիրած անձը ինչպես է այն տնօրինելու:

Չարդարացված բարելավում

Կոնկրետ Բոլյանի գործով ապացուցվել էր նրա նախնական պայմանավորվածությունը թմրամիջոց գնող, սպառող ընկերոջ հետ: Եվ Բոլյանը նրանից գումարներ էր վերցրել՝ թմրամիջոց ձեռք բերելու համար: Հենց ընկերոջ նախնական պատվերով էլ Բոլյանը թմրամիջոց էր գնել ու ապօրինի տեղափոխել Հայաստան: Երկու դրվագով էլ նա ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց՝ 100 գրամ եւ 300 գրամ: Ինքը՝ թմրամիջոց ձեռք բերող-փոխադրող Բոլյանը, թմրամիջոց չէր գործածում. դա հաստատված է փորձաքննությունների եզրակացություններով: Նրա գործողությունների հետեւանքով թմրամիջոցին տիրացել էր մեկ այլ անձ:

Գործով ձեռք բերված փաստերն ու ապացույցները լիովին հիմնավորում էին, որ Բոլյանի կատարածը նախաքննության ընթացքում եւ առաջին ատյանի դատարանի կողմից ճիշտ էր որակվել: Հետեւաբար, վերաքննիչ դատարանի հետեւություններն այդ առումով անհիմն էին:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Բոլյանի արարքը վերաորակելով՝ վերաքննիչ դատարանը թույլ էր տվել քրեական օրենքի սխալ կիրառում: Դա ազդել էր գործով ճիշտ որոշում կայացնելու վրա եւ հանգեցրել առանձնապես ծանր եւ ծանր հանցագործություններ կատարած անձի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելուն:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռն իր կողմից բեկանելը վճռաբեկ դատարանը պատճառաբանեց նրանով, որ թույլ էին տրվել նյութական եւ դատավարական իրավունքի էական խախտումներ: Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը անհիմն, չարդարացված կերպով բարելավել էր դատապարտյալի վիճակը, հանգեցրել դատական սխալի, հետեւաբար՝ վերաքննիչ դատարանի դատավճիռը չէր համապատասխանում արդարության պահանջներին, խաթարում էր արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Վճռաբեկ դատարանն, այսպիսով, բեկանեց վերաքննիչ դատարանի դատավճիռը եւ օրինական ուժ տվեց առաջին ատյանի դատարանի դատավճռին, որով Մարտիկ Բոլյանը դատապարտվել էր 9 տարի ազատազրկման: