1. Այդ գործոնի նշանակությունը մի քիչ չափազանցված է։ Հավասարակշռության մասին խոսում են, երբ պետք է հավասարակշռել կողմերի հայացքների տարբերությունները։ Ես ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ խիստ հակասություններ չեմ տեսնում։ Աշխարհաքաղաքական շահերն այս տարածաշրջանում ավելի շատ արտահայտվում են այլ բնագավառներում։ Հարկ է արձանագրել, որ Մինսկի խմբի բոլոր միջնորդների, ինչպես նաեւ Իրանի՝ որպես տարածաշրջանային խոշոր տերության, համակրանքը հայերի կողմն է։ Ուստի՝ մենք այստեղ չենք տեսնում սուր մրցակցություն, ընդհակառակը, տեսնում ենք համարյա միաձայնություն։ Մրցակցություն առաջանում է այն ժամանակ, երբ միջնորդներն օժանդակում են մեկ կամ մյուս կողմին, իսկ մեր դեպքում ամեն բան հանգում է նրան, որպեսզի ստիպեն Ադրբեջանին՝ հաշտվել Ղարաբաղի կորստի հետ։
2. Կոսովոյի դեպքը միակողմանի, դեկլարատիվ անկախության ճանաչման գործողություն չէ, այլ, ընդհակառակը` ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ համաձայնության արդյունք։ Ուստի՝ Կոսովոյի ճանաչումը կարող է լինել բացառություն միջազգային պրակտիկայում, քանի որ եւ՛ ԱՄՆ-ը, եւ՛ ՆԱՏՕ-ն, եւ՛ ԵՄ-ն, եւ՛ նույնիսկ Ռուսաստանը հայտարարել են, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ տարածաշրջանների համար։ Մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ Հայաստանը եւ մյուս երկրները, որոնք սատարում են անջատողականությանն, այդ նախադեպը չեն օգտագործի ի շահ իրենց։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային միջնորդներին, ապա այս դեպքում նրանք Կոսովոյի անկախությունը ճանաչեցին առանց Սերբիայի համաձայնության, իսկ մեր դեպքում նրանք ցանկանում են անջատել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի համաձայնությամբ։ Ուստի Ադրբեջանը պետք է հետեւողական աշխատանք կատարի, աշխատի միջազգային կազմակերպություններում, ինչպես դա հաջողությամբ արեց ՄԱԿ-ում։ Բացի այդ, միջազգային ակտիվության հետ մեկտեղ, Ադրբեջանը պետք է մեծացնի իր ռազմական կարողությունը։
3. Հիմա, երբ բռնազավթված է երկրի տարածքի 20%-ը, Ադրբեջանի անվտանգության մասին խոսելն անլուրջ է։ Միաժամանակ, Ադրբեջանի` ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելն ապագայում կարող էր երաշխավորել մեր անվտանգությունը։ Բայց Ադրբեջանին ՆԱՏՕ կարող են ընդունել միայն ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո։
Ուստի՝ ես կարծում եմ, որ մենք կարող ենք լիովին ապահովել մեր անվտանգությունը միայն այն դեպքում, եթե վերականգնենք վերահսկողությունը բռնազավթված տարածքների նկատմամբ։ Հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մենք ոչ մի արդյունքի չենք հասնի։ Միջնորդների նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ բանակցային գործընթացը շարունակվում է, որ նրանք ճիշտ ուղու վրա են, եւ նրանց ջանքերի շնորհիվ հանդիպում են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իսկ իրականում պետք է ուշադրություն դարձնել հակամարտ կողմերի այն հայտարարությունների վրա, որ այս տարի հակամարտության կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի սպասվում։ Այսինքն՝ համանախագահների նպատակը միայն այն է, որպեսզի, ինչպես իրենք են ասում, բանակցությունների գործընթացը կանգ չառնի, որպեսզի կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը, եւ նրանց միջեւ շարունակվի կարծիքների փոխանակումը։ Սա նշանակում է, որ նրանք շահագրգռված են, որպեսզի պահպանվի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն, իսկ իդեալական դեպքում, ինչպես վերը նշեցի, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին՝ հրաժարվելու Ղարաբաղից։ Ուստի՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար լավագույն ձեւաչափը կլիներ Թուրքիայի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվում։ Հենց Թուրքիայի բացակայությունն է բանակցային գործընթացի փակուղային վիճակի պատճառը։ Բայց, իմ կարծիքով, հակամարտության կարգավորման համար ամենաճիշտը կլիներ միջնորդների Ռուսաստան-Իրան-Թուրքիա կազմը, այսինքն՝ տարածաշրջանի առաջատար երկրների մասնակցությունը։
4. Երկու կարծիքներն էլ ունեն գոյության իրավունք։ Եթե խոսենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մասին, ապա Ռուսաստանը բոլորից ավելի է շահագրգռված Հայաստանի եւ Ադրբեջանի վրա իր ազդեցությամբ` ղարաբաղյան հակամարտությունը որպես դրա համար գործիք օգտագործելով։ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար այս հակամարտության լուծումն ունի ավելի ներքաղաքական նշանակություն, քանի որ այդ երկրներում ապրում են նշանակալի հայկական համայնքներ, որոնք, բնականաբար, շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի Հայաստանի օգտին։
5. Ղարաբաղյան հակամարտության տարբերությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետեւում բացահայտ կանգնած է Հայաստանը, իսկ քողարկված ձեւով՝ Ռուսաստանը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ հակամարտության կարգավորման խնդիրը վաղուց մտել է միջազգային ասպարեզ։ Վրաստանը միայն հիմա է փորձում աբխազական եւ հարավօսական հակամարտությունների լուծումը դուրս բերել միջազգային ասպարեզ, իսկ ղարաբաղյանը վաղուց գտնվում է միջազգային հանրության տեսադաշտում։ Հակամարտության հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մենք գործ ունենք արտասահմանում գործող հզոր հայկական լոբբիի հետ, ինչը չունեն ոչ աբխազները, ոչ չեչենները, ոչ օսերը։