Պահանջել են չեղյալ հայտարարել

23/05/2008

Վրացական ընդդիմությունը երեկ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները 12 ընտրական տեղամասերում: «Խախտումներ են տեղի ունենում ամբողջ Վրաստանում»,- հայտարարել է միավորված ընդդիմության ընտրական դաշինքի մեջ մտնող «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Գամկրելիձեն` հավելելով, թե այդ խախտումների եւ ծանր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի իշխանությունների վրա: «Ոստիկանությունը ոչինչ չի անում ընտրատեղամասերում կարգուկանոնն ապահովելու համար»,- ասել է նա՝ պահանջելով չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքներն այն տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել: Իր կողմից քվեարկության ընթացքում խախտումների մասին հայտարարում են նաեւ «Միասնական ազգային շարժում» կառավարող կուսակցության ներկայացուցիչները: Մի խումբ միջազգային դիտորդներ, սակայն, այն կարծիքն են հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունն ընդհանուր առմամբ ընթացել է առանց կոպիտ խախտումների: «Առայժմ ընտրական տեղամասերից ոչ մեկում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Ընտրական գործընթացն ազատ է ու թափանցիկ»,- ճեպազրույցում ասել է ԵԽ ԽՎ մոնիտորինգի պատվիրակության անդամ Մաթիաս Յորշին: Դիտորդները նաեւ նշել են, որ իրենք մտադիր չեն անուշադրության մատնել խախտման եւ ոչ մի փաստ, որը նրանց կտրամադրվի ինչպես՝ իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացուցիչներից: Մինչդեռ ընդդիմությունը հայտարարել է քվեարկության ընթացքում տեղ գտած մի շարք խախտումների, այդ թվում՝ ընտրողների վրա ճնշում գործադրելու, ընդդիմության ներկայացուցիչներին եւ լրագրողներին ծեծելու, մի շարք լցոնումների մասին: