Ինքնությունը պարզվել է

23/05/2008

Մայիսի 19-ին Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի տղամարդու ինքնությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանն «Արմենպրեսին» ասել է, թե սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի` Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի (նախկինում` Շամշադինի շրջան) Արծվաբերդ գյուղում: Նա վերջին անգամ գրանցված է եղել ՌԴ Բաշկորտոստանում: Նշենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում նման տվյալներով անձ հաշվառված չէ: Ռուսական աղբյուրների հաղորդմամբ էլ` սպանությունը կատարվել է Մանտուլինի փողոցի թիվ 12 տան բակում, ժամը 23.00-ի մոտ: Վ. Հայրապետյանը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից: Հանցագործները փախել են դեպքի վայրից: