Գեղեցիկ գովազդը, բարձրակարգ սպասարկումը, զեղչերն արդեն ապացուցել են
իրենց ազդեցիկությունը: Բայց դա դեռ բոլորը չէ: Գումար ծախսելիս մարդիկ
նաեւ ցանկանում են խուսափել տհաճ իրավիճակներից, օրինակ՝ հերթերից եւ
ժամանակի աննպատակ կորստից: Այսօր ֆինանսական գործարք իրականացնելու, այդ
թվում՝ գնման, վճարման, լիցքավորման կամ պատվիրելու համար իդեալական միջոց
է էլեկտրոնային, այսինքն՝ ինտերնետային վճարման համակարգը: Ինտերնետային
online համակարգը սպասարկում է թե՛ ծառայություն մատուցողներին՝ լինի դա
ապրանքի, իրավաբանական կամ բժշկական խորհրդատվության տեսքով, թե՛
բնակչության վճարները գանձող հաստատություններին՝ գազի, ջրի կամ
էլեկտրաէներգիայի վճարման տեսքով, եւ թե՛ ժամանցի վայրերին՝ օրինակ,
խաղադրույք կատարելու կամ կինոթատրոնի տոմս պատվիրելու հնարավորություն
ընձեռելով: Եվ այս ամենը՝ ինտերնետին միացված համակարգչի միջոցով, առանց
տանից դուրս գալու: Այս տարբերակն արդեն վաղուց օգտագործում են զարգացած
երկրները: Հայտնի վճարային համակարգերից են «PayPal», «eBay», «Easy Pay»,
«AliPay», «TradEnable», «Monex» համակարգերը: Անցյալ տարվանից
Հայաստանում գործարկվեց EDram ինտերնետային վճարման համակարգը, որը դեռեւս
սպասարկում է Երեւանի տարածքում գտնվող առեւտրի կետերը եւ Հայաստանի
փոստերը:
Ալարկոտներին եւ ոչ միայն
Առեւտրի կազմակերպման այս եղանակը բոլոր ինտերնետից օգտվող սպառողների,
բայց ոչ բոլոր առաջարկողների համար է: Որպեսզի կարողանան ինտերնետի
միջոցով գրավել պոտենցիալ գնորդի ուշադրությունը, հարկավոր է կայանալ
որպես առեւտրի օբյեկտ, ձեռք բերել վստահություն եւ ճանաչում: Հաջորդ քայլը
ինտերնետային կայքի ստեղծումն է, որը պետք է աշխատի ոչ միայն որպես
կազմակերպության մասին տեղեկացնող էլեկտրոնային էջ, այլեւ՝ վիրտուալ
խանութ: Անվճար գրանցվելով EDram համակարգում, անձը ձեռք է բերում իր
անձնական համարը՝ EDram ID եւ «փին կոդը», որը հասանելի է միայն իրեն եւ
որի միջոցով նա կատարում է ցանկացած ֆինանսական օպերացիա՝ պատվիրում
պիցցա, գնում հագուստ, վճարում կոմունալ վարձերը եւ այլն: Կատարած
գործարքների մասին ինֆորմացիան պահվում է օգտվողի անձնական արխիվում եւ
յուրաքանչյուրի իսկությունն ապահովվում է պետական կնիքի էլեկտրոնային
տարբերակով, որն ունի նույն իրավաբանական ուժը, ինչը եւ՝ շոշափելի թղթե
անդորրագրերը: Առեւտուր կամ վճարում կատարելու դեպքում գնորդի ֆինանսական
միջոցներն անցնում են նույն ճանապարհը: Յուրաքանչյուր կազմակերպություն
ունի իր դիսպետչերական բաժինը, որը վերահսկում է պատվերի ընդունման,
կատարման եւ գումարի գանձման գործընթացը մեխանիկական՝ ձեռքից ձեռք
փոխանցելու կամ ավտոմատ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով: Սակայն կան
կազմակերպություններ, որոնք չունեն դիսպետչերական բաժիններ, եւ նրանց
պատվերները գրանցվում են EDram-ի համապատասխան բաժնում: Վերջինիս
աշխատակիցները կապվում են կազմակերպության հետ եւ տեղեկացնում պատվերի կան
գնման մասին: Քանի որ EDram համակարգն այսօր հանդիսանում է Հայփոստի 30-րդ
բաժանմունքը եւ պետական մարմին, ապա, առանց որեւէ դժվարության,
համակարգում գրանցված անձը կարող է ծանուցվել իր կոմունալ վարձավճարների
մասին եւ կատարել այդ վճարումները: Բջջային հեռախոսից օգտվողները կարող են
լիցքավորել հեռախոսաքարտը եւ վճարել ամսական հեռախոսավարձերը: Առաջին
հայացքից էլեկտրոնային կոմերցիան առեւտրի իդեալական տարբերակ է երկու
կատեգորիաների մարդկանց համար՝ չափազանց զբաղվածների եւ ծույլերի: Սակայն
շնորհիվ իր արագ, վստահելի, դյուրին եւ հարմար ծառայությունների՝ այն
գրավում է բոլորին: Համակարգն աշխատում է ավտոմատ եղանակով: Յուրաքանչյուր
կես ժամը մեկ բոլոր պատվերների եւ կատարված վարձավճարների մասին
ինֆորմացիան հասնում է հասցեատիրոջը: EDram-ի գլխավոր առավելությունն այն
է, որ այս հնարավորությունների հետ մեկտեղ համակարգն իր ծառայությունների
համար տոկոսային պահումներ չի կատարում:
Կատալոգային առեւտուրը բարձր խավի համար է
Առեւտրի ալտերնատիվ եղանակներից է նաեւ կատալոգային մարքետինգը: Երեւանում
այս ոլորտը ներկայացնում է ՕTTO գերմանական կոնցեռնի հայաստանյան
գրասենյակը: Կատալոգային մարքետինգի առավելությունը կայանում է նրանում,
որ պատվիրելով հագուստ, կոշկեղեն, կահույք կամ ոսկերչական զարդեր՝
համոզված ես, որ ստանալու ես հենց այն, ինչ տեսել ես կատալոգում, եւ
կեղծիքները բացառվում են: «Եթե փորձեինք կեղծել այս ապրանքները, մենք պետք
է ունենայինք առնվազն տասը տարբեր արտադրամաս, որոնք կաշխատեին օրնիբուն,
որպեսզի հասցնեն պատվերներն իրականացնել,- ասում է ՕTTՕ-ի գլխավոր
հաշվապահ Արմեն Մարգարյանը,- պատկերացրեք՝ դա ինչ գումարների հետ է
կապված»: Գերմանիայից մինչեւ Հայաստան պատվերները ժամանում են 1-1,5 ամսվա
ընթացքում՝ կախված պատվիրված ապրանքի գնից եւ չափսերից: ՕTTO-ի գրասենյակը
յուրաքանչյուր պատվերից ունի 30-40% եկամուտ: Վճարումն իրականացվում է
եվրոյով: Եվ, քանի որ կատալոգային մարքետինգը թանկ հաճույք է, նրա
ծառայություններից օգտվում է հիմնականում «միջինից բարձր խավը»:
Գնողունակության հատկանիշով «միջինից բարձր խավի» մեջ, ըստ ՕTTO-ի
ներկայացուցչի, մտնում են քաղաքական ասպարեզի մարդիկ: