Բուշի վետոն չօգնեց

23/05/2008

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անտեսել է Ջորջ Բուշի կողմից վետոյի սպառնալիքը եւ երեքշաբթի օրվա նիստում 324 «կողմ» եւ 84 «դեմ» ձայներով հավանություն է տվել նավթի, բնական գազի կամ ցանկացած այլ նավթամթերքի ոլորտում ՕՊէՔ-ի օրինակով նավթի-գազի արտասահմանյան կարտելների արգելման օրինագծին: Պալատում քվեարկությունից առաջ Սպիտակ տունը տարածել էր հայտարարություն, որում ընդգծված է, որ «ԱՄՆ-ի վարչակազմը վճռականորեն առարկում է» օրինագծի դեմ եւ զգուշացնում է, որ դրա ընդունումն իրենով կհարուցի «պատասխան գործողություններ ամերիկյան շահերի դեմ», ինչպես նաեւ՝ նավթի մատակարարումների կրճատում աշխարհի շուկաներին:

Նավթի-գազի կարտելների արգելման մասին օրինագծի ընդունումը «վնաս կհասցնի արտասահմանում ԱՄՆ-ի շահերին, բացասական կազդի ԱՄՆ-ի էկոնոմիկայում կատարվող ներդրումների վրա, պոտենցիալ կերպով կկրճատի բենզինի առկայությունը եւ, հնարավոր է, էլ ավելի կբարձրացնի վառելիքի գները», ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Նախագահի ավագ խորհրդականները խորհուրդ են տալիս, որ նախագահը վետո դնի ցանկացած օրինագծի վրա, որը նման դրույթ է բովանդակում (նավթի-գազի կարտելների արգելք)»,- ընդգծված է փաստաթղթում: Փաստաթղթի համաձայն, ցանկացած արտասահմանյան պետություն, որը մասնակցում է «կարտելների» կամ նավթի եւ գազի ոլորտում այլ համատեղ եւ կոլեկտիվ գործողությունների, այժմ զրկված կլինի «սուվերեն անձեռնմխելիության» իրավունքից օգտվելու հնարավորությունից, ուստիեւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազն իրավունք է ստանում դատական կարգով հետապնդելու նման պետություններին ԱՄՆ-ի տարածքի ցանկացած դատարանում՝ ամերիկյան «հակամենաշնորհային օրենքներին» համապատասխան: