Ազատ կարձակե՞ն

22/05/2008

Չնայած դատարանի երեկվա որոշմանը` ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ, ըստ լավատեղյակ աղբյուրների, բացառված չէ, որ առաջիկայում իշխանությունները նրան ազատ արձակելու որոշում կայացնեն: Բանն այն է, որ մի կողմից՝ իշխանություններն են անհանգստանում, որ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ Ա. Կարապետյանին առողջական վատ վիճակում պահելը կարող է շահարկվել ընդդիմադիրների կողմից, մյուս կողմից էլ՝ վերջիններս են օգտվում այդ հնարավորությունից` որոշ տեղեկությունների համաձայն, որոշակիորեն չափազանցված ներկայացնելով նրա առողջական խնդիրը: Այսպիսով, Ա. Կարապետյանն ու իր փաստաբաններն ակնկալում են, որ եվրոպական եւ ռուսական քաղաքական որոշակի շրջանակների ազդեցության տակ իշխանությունները ստիպված կլինեն նրա խափանման միջոցը փոխելու որոշում կայացնել: Նույն տեղեկությունների համաձայն, Ա. Կարապետյանի առողջական վիճակի վատթարացման առաջին նախանշանները նկատվել են մայիսի 11-12-ին, որից հետո նրա նկատմամբ «Երեւան» ք/հ-ում բժշկական հսկողություն է սահմանվել: Որոշ ժամանակ անց Ա. Կարապետյանի հարազատները խորհրդատվության համար հրավիրել են իրենց հեռավոր ազգականին` սրտաբան Արմեն Գասպարյանին: Վերջինս, ըստ նույն տեղեկությունների, Ա. Կարապետյանի զոքանչի քեռու որդին է եւ որպես դոցենտ աշխատում է ԵՊԲՀ-ի թերապիայի ամբիոնում` համատեղության կարգով խորհրդատվություն անցկացնելով նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մայիսի 14-ին Ա. Գասպարյանը եւ դատապարտյալների հիվանդանոցից հրավիրված եւս երկու բժիշկներ մեկուսարանում հետազոտել են Ա. Կարապետյանին: Դատապարտյալների հիվանդանոցի բժիշկներն իրենց եզրակացության մեջ նշել են, որ Ա. Կարապետյանը կարող է բժշկական օգնություն ստանալ եւ վերականգնվել դատապարտյալների հիվանդանոցում, իսկ Ա. Գասպարյանը պնդել է, որ բուժումը պետք է անցկացնել «Էրեբունի» բ/կ-ում: Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները թույլատրել են դա` քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով: