Սպասելի որոշում

22/05/2008

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանի բողոքը եւ անփոփոխ է թողել կալանքը եւս 2 ամիս ուժի մեջ թողնելու որոշումը: «Ի՞նչ դատավարություն: Ինչի՞ մասին է խոսքը»,- դատարանից դուրս գալով` «Ա1+»-ին զայրացած ասել է Ա. Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: «Ա. Արզումանյանը սրանից 1 տարի առաջ արդեն հետապնդման էր ենթարկվում, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել կալանքը: Իրենց հայտնի է, որ Արզումանյանը չի խուսափի նախաքննության մարմնին ներկայանալուց, հանցագործություն չի կատարի: Ի վերջո, նրանք մեզ հիմք են տալիս ասել, որ Ա. Արզումանյանը քաղբանտարկյալ է»,- հայտարարել է Հ. Արսենյանը, ով պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան: Դատավարության ընթացքում շուրջ 2 ժամ սպասել են Հայոց կանանց շարժման անդամները` վանկարկելով «Ազատություն Ալիկին», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: «Ինձ համար անսպասելի չէր դատարանի որոշումը, որովհետեւ ՀՀ-ում այսօր արդարադատություն չկա: Ես համոզված եմ, որ իմ ամուսնուն եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին ազատ են արձակելու, բայց ոչ թե դատարանի որոշմամբ, այլ` քաղաքական որոշմամբ, քանի որ նրանք ձերբակալվել են քաղաքական հայացքների համար: Իսկ այսօր ինչ տեղի է ունենում` կրկես է, ֆարս: Այսօր բոլորն էլ գիտեն, թե ՀՀ-ում ովքեր են հանցագործները, իսկ իմ ամուսինն ու մյուս քաղբանտարկյալներն ընդամենը սիրում են իրենց երկիրը»,- ասել է Ա. Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: