Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված ծառայություն էին իրականացնում թե՛ դատական դեպարտամենտի կարգադրիչները, թե՛ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները։ Ծառայության աշխատանքները ղեկավարում էր գնդի հրամանատար գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Դատական ողջ նիստն անցավ փակ դռների ետեւում։ Մինչ դատավոր Գայանե Կարախանյանը կլսեր նախաքննական մարմնի ներկայացուցիչներին, ամբաստանյալ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ նրա շահերի պաշտպանին, դատարանի բակում Ա. Կարապետյանի համակիրները, ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը 7 հացադուլավոր կանանց հետ բողոքի ակցիա էին անցկացնում։ Ժամը 18։20-ի սահմաններում պարզ դարձավ, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրել Ա. Կարապետյանի կալանքը։ Դրսում հավաքված մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է՝ կալանքը երկարացվի, այնքան ժամանակ, մինչեւ դատարանի վարչական տարածքից դուրս չեկավ շտապօգնության ավտոմեքենան, որով դատարան էր բերվել Արամ Կարապետյանը։ Վերջինս խնդրել էր դատարանին, որպեսզի ինքը անպայման մասնակցի դատավարությանը։ Շտապօգնության մեքենայի գնալուց հետո ակցիայի մասնակիցները` ի նշան բողոքի, ոտքով գնացին ՀՀ Գլխավոր դատախազություն` շարունակելու իրենց կողմից մի քանի օր առաջ սկսված հացադուլը։
Իսկ Երեւանի քրեական դատարանում երեկ կայացավ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործով դատական նիստը, որը նույնպես ուղեկցվեց դատարանի շենքի մոտ հավաքվածների ակցիայով: Դատարանի շարքային կարգադրիչներից մեկը, ով ոչ բարեխիղճ աշխատանքի համար հեռացվել էր իրավապահ մարմիններից, խոչընդոտում էր լրագրողների գործունեությանը, արգելում էր լուսանկարել` հրաժարվելով ներկայանալ: «Լավ եմ անում, դուք չպիտի նկարեք»,- բղավում էր կարգադրիչը` առանց որեւէ բացատրություն տալու: Իսկ Վարդան Ջհանգիրյանը դատական նիստերի դահլիճ մտավ մեծ դժվարությամբ` ձեռնափայտերին հենված: Նա տառապում է ողնաշարի ոսկրային տուբերկուլյոզով, եւ, չնայած բժշկական փաստաթղթի այն հավաստմանը, որ նրան բուժում է հարկավոր եւ խնամք, նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանքը: Երեկ Վարդան Ջհանգիրյանի դատապաշտպանները` Լուսինե Սահակյանը, Տիգրան Սաֆարյանը եւ Հովհաննես Գալյանը հանդես եկան մի շարք միջնորդություններով: Նախ դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկ հայտնեցին, որը մերժվեց: Այնուհետեւ միջնորդեցին մեղադրող կողմ ներգրավել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչը եւս մերժվեց: Վերջում պաշտպանները միջնորդեցին փոխել Վ. Ջհանգիրյանի խափանման միջոցը եւ անմիջապես ազատ արձակել, քանի որ ապրիլի 24-ին լրացել է նրա կալանքի երկամսյա ժամկետը: Դատարանն այս միջնորդության քննարկումը հետաձգեց մինչեւ էական հանգամանքների պարզաբանումը: Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 26-ին: