Օրենք «ժամանակ ձգձգելու մասին»

22/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 17-ին ստացել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

Երեկ այդ փոփոխությունների նախագիծը քննարկվեց ԱԺ հերթական նստաշրջանում: Հիշեցնենք, որ օրենքը փոփոխության էր ենթարկվել մարտի 17-ին` արտակարգ դրության պայմաններում եւ, ըստ էության, արգելում էր զանգվածային միջոցառումների անցկացումը: Սակայն ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան այդ օրենքի նոր փոփոխություններին: «Դրանք հակասում են եվրոպական չափանիշներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, ինչպես նաեւ խախտում են ՀՀ՝ որպես ԵԽ անդամ պետության, պարտավորություններն ու հանձնառությունները»,- նշված է ԵԽ ԽՎ բանաձեւում: ««Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» վերջերս կատարված փոփոխությունները եւ լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների»,- նշված է բանաձեւի մեկ այլ պահանջում: Ապրիլին Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եկել էին հանդիպելու այդ փոփոխությունները նախաձեռնող աշխատանքային խմբի հետ: Հանդիպել էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Դրանից հետո օրենքի փոփոխությունների նախագիծը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Եվ այնպես է ստացվել, որ այդ նախագծի հեղինակը դարձել է Տ.Թորոսյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի խոսքերով, Տ.Թորոսյանն այդ օրենքի փոփոխությունները մոնոպոլիզացրել է, եւ իրենց մասնակից չի դարձրել աշխատանքներին: «Հերթական անգամ իշխանությունները գնում են վստահությունը նվազեցնելու ճանապարհով, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովի հետ ծածուկ հանդիպումներով, ծածուկ աշխատանքներով բերվեց մի տարբերակ, որը, եթե անգամ համարենք կոմպրոմիս ՀՀ իշխանությունների եւ եվրոպական կառույցների միջեւ, միեւնույն է, դա ի վնաս է ՀՀ քաղաքացիների իրավունքներին»,- ասում է նա:

Իսկ ԱԺ նախագահն իր ելույթում հայտարարեց, որ առաջարկված փոփոխությունների մասին Վենետիկի հանձնաժողովը հիմնականում «ողջունելի» կարծիք է հայտնել: «Չնայած ընդհանրական դրական գնահատականին, կան որոշակի ձեւակերպումներ, որոնք վկայում են այն մասին, որ օրինական փոփոխությունը թեպետ բավարար, բայց լավագույնը չէ»,- հակադարձեց Ս.Սաֆարյանը:

Օրենքի քննարկումը երեկ ավելի շատ կենտրոնացել էր երկու փոփոխությունների վրա, որոնցից մեկն ինքնաբուխ հավաքների թույլտվության դրույթի վերաամրագրումն էր: Մարտի 17-ի փոփոխություններն արգելում էին ինքնաբուխ միջոցառումները, իսկ այս նախագիծը թույլատրում է, բայց ընդամենը 6 ժամով: Նախկինում ժամային սահմանափակում չկար: Այս փոփոխության հետ կապված հարցերը շատ էին, եւ դրանց քննարկումը ունեցավ նաեւ զավեշտալի դրսեւորումներ: Օրինակ, «Ժառանգության» պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինքնաբուխ հավաքի մեկնարկի ժամը ո՞ր պահից եւ ո՞վ է հաշվարկում: Ի՞նչ չափանիշերով է որոշվելու, թե որ դեպքերում է միջոցառումն ինքնաբուխ, որ դեպքերում` զանգվածային: ««Զանգվածայինի» համար մենք չափանիշ ունենք: Եվ քանի դեռ զանգվածային չի դառել հրապարակային միջոցառումը` կարգավորման կարիք չունի մեր օրենքի համաձայն»,- ասաց Տ.Թորոսյանը: Իսկ միջոցառումը զանգվածային է դառնում, եթե մասնակիցների քանակն անցնում է 100 հոգուց: Ո՞վ է հաշվելու մասնակիցներին, եւ արդյո՞ք ոստիկաններն ու լրագրողները միջոցառման մասնակից են համարվելու: Իսկ եթե ինքնաբուխ միջոցառման մեկնարկի պահի մասնակիցները, ովքեր սովորաբար փոքրաթիվ են լինում, գնան, եւ ավելի ուշ եկածները նույնպես ցանկանան 6 ժամ մնալ, ապա ինչպե՞ս է որոշվելու, թե ո՞ր ժամն է համարվում միջոցառման ավարտը: Այս եւ այլ հարցերին որոշակի պատասխաններ չտրվեցին: Իսկ ի՞նչ կլինի, եթե հավաքը 6,5 կամ 7 ժամ տեւի. այս հարցին արդեն ԱԺ նախագահը պատասխանեց` «Ինչ լինում է սովորական զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ»: Նախագծի համաձայն, ուժը կորցրած է ճանաչվում նաեւ այն հոդվածը, ըստ որի՝ եթե նույն քաղաքական ուժի կազմակերպած նախորդ միջոցառման ժամանակ տեղի են ունեցել մարդկային զոհերով ուղեկցված անկարգություններ, լիազոր մարմինն իրավունք ունի արգելել զանգվածային միջոցառում կազմակերպել: Քննարկվող մյուս հարցը վերաբերում էր զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին քաղաքապետարանի որոշումը դատարանում բողոքարկելուն: Նախկինում նման հնարավորություն չկար: Այս նախագիծը միջոցառումներ կազմակերպողին 72 ժամվա ընթացքում մերժումը բողոքարկելու հնարավորություն է տալիս: Իսկ դատարանը պետք է բողոքն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում վճիռ կայացնի: Առաջին հայացքից թվում է, թե այս կետը քաղաքապետարանի մերժմանը կարող է այլընտրանք լինել: «Ցանկացած հրապարակային միջոցառում կազմակերպելու համար ժամանակ ձգձգելու մասին օրենք է: Որպեսզի քաղաքապետարանն ու իրավապահ մարմինները կարողանան իրար «պաս» տալով մերժել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը: Քաղաքապետարանի մերժելուց հետո անգամ, եթե դատարանը որոշում ընդունի, որ այդ մերժումը եղել է անհիմն, միեւնույն է, ժամանակ է անցնում, միջոցառման անցկացման հարցի հրատապությունը կորում է»,- ասում է Ս.Սաֆարյանը եւ ավելացնում, որ «Ժառանգությունն» այս փոփոխություններին դեմ է քվեարկելու: «Առաջարկված նախագիծը մեզ համար ընդունելի է»,- ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: «Ակնհայտ է, որ մարտի 17-ին կատարված փոփոխությունը հետքայլ էր, մենք հիմա նվաճում ենք կորցրածը: Իրավիճակային լուծումներ են, որոնք ես չեմ ողջունում, բայց որոնք հավանաբար պետք է համարել պարտադրված: Սրանք այն փոփոխություններն էին, որոնք մենք առաջարկում էինք մարտի 17-ի գիշերը: Այս մասով բավարարված ենք, բայց պետք է առաջ քայլել»,- ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Բնականաբար, օրենքի այս փոփոխությունները ԱԺ-ն կընդունի այնպես, ինչպես ընդունել էր մարտի 17-ին: