«Քաղաքական դաշտում այսօր կա լուրջ առճակատում` իշխանության եւ գերակայող, դոմինանտ ընդդիմության` Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի միջեւ»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել Ալբերտ Բազեյանը:
Նրա կարծիքով, մեր երկրում քաղաքական դաշտում քաղաքական ուժերի միջեւ սահմանազատումը գաղափարական, ծրագրային տարբերությունների հիմքի վրա չէ: Իրականում, սահմանազատման հիմնական պատճառը, ըստ նրա, իշխանության հանդեպ քաղաքական ուժերի վերաբերմունքն է: «Այսինքն՝ պայքարն ընթանում է ոչ թե գաղափարական-քաղաքական առումով, այլ անձնավորված»,- ասել է Ա. Բազեյանը` հասարակության մեջ առաջացած երկփեղկվածության պատճառ համարելով կեղծված ընտրությունները: «Հայաստանում եթե տեղի ունենային արդար, օրինական ընտրություններ, արդյունքում չէր լինի առճակատում»,- հայտարարել է նա: Ա. Բազեյանը համարում է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կախված է իշխանություններից, մասնավորապես՝ նրանից, թե որքան շուտ վերջիններս վստահություն կձեւավորեն հասարակության մեջ: «Ե՛վ իրավունքը, եւ՛ պատասխանատվությունը իշխանությունների ձեռքում են»,- ասել է նա: «Հանրապետություն», «Ազգային վերածնունդ» կուսակցությունների նախկին անդամը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին, քանի որ, ըստ նրա, այսօրվա խորհրդարանը հասարակության պահանջները չի բավարարում: Միեւնույն ժամանակ, նա ամենեւին հույս չունի, որ այսօրվա իշխանությունները նման քայլի կդիմեն:
Ա. Բազեյանը անդրադարձել է նաեւ «Երկրապահ կամավորականների միության» շուրջ ընտրություններից առաջ եւ հետո տեղի ունեցած իրադարձություններին: Նա հայտարարել է, թե ինքը միշտ էլ դեմ է եղել հասարակական կազմակերպությունների` քաղաքական գործընթացների մեջ ընդգրկվելուն, ինչ-որ քաղաքական ուժի պաշտպանելուն: «Նրանց պետք է ազատ թողնել իրենց ընտրության հարցում: Նրանք ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ, սոցիալական մղումներ»,- նշել է ԵԿՄ, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունների անդամ Ա. Բազեյանը` ավելացնելով, որ հակառակ դեպքում տեղի է ունենում կազմակերպությունների պառակտում:
Նա անդրադարձել է իր հետագա քաղաքական ծրագրերին, որոնք, ինչպես հայտնի է, Ա. Բազեյանն այլեւս իրականացնելու է նորացված Ռամկավար ազատական կուսակցության կազմում, որի անդրանիկ համագումարը տեղի է ունենալու այս տարվա աշնանը: «Դե ֆակտո, «Ազգային վերածնունդ» եւ «Դաշինք» կուսակցությունների գործունեությունը դադարեցված է, դրանց իրավաժառանգորդը հանդիսանում է Հայաստանի Ռամկավար կուսակցությունը»,- հայտարարել է նա՝ ասելով, որ իրենք չեն սահմանափակվում այս երեք կուսակցությունների միավորման գործընթացով, այլ շարունակում են կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ գաղափարական դաշտում գործող առանձին կուսակցությունների, քաղաքական գործիչների հետ, որպեսզի կարողանան ձեւավորել ազդեցիկ, հասարակության որոշակի խավերի վստահությունը վայելող ինքնաբավ քաղաքական ուժ: «Մեր խնդիրն է՝ գտնել նույն գաղափարական դաշտում գործող համադրելի քաղաքական ուժեր եւ սկսել մի գործընթաց: Նոր կուսակցությունը պետք է ի վիճակի լինի հետեւել մեր պետության քաղաքական գործընթացներին: Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ, քաղաքական համակարգը թերի է»,- ասել է Ա. Բազեյանը` տեղեկացնելով, որ նոր կուսակցության կենտրոնը լինելու է Երեւանում, իսկ համագումարում ընտրվելու է կուսակցության ղեկավար: Ա. Բազեյանը նշել է նաեւ, որ կուսակցության անվանման շուրջ դեռ քննարկումներ են ծավալվում, եւ չի բացառվում, որ այն ունենա նոր անվանում: Նշենք, որ որոշ դիտորդների կարծիքով, այս նոր ստեղծվող կուսակցությունն իշխանական «պրոյեկտ» է եւ քաղաքական դաշտում փորձելու է կատարել «կառուցողական ընդդիմության» դերը: