«Հայաստանում տիրող լարված ու պայթյունավտանգ իրավիճակը նախագահական ընտրություններում կազմակերպված զանգվածային կեղծիքների ու դրան հաջորդած, մարտի 1-ին իշխանությունների կողմից կազմակերպված ջարդի հետեւանքն է»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ըստ նրա, իշխանություններն այս ամիսների ընթացքում ոչ միայն հետեւություններ չեն արել ու չեն փոխել իրենց վարքագիծը, այլեւ շարունակում են բռնի մեթոդներով վերջնականապես ընդդիմությանը ճնշելու փորձերը, ինչը, սակայն, Ա. Մուսինյանի խոսքերով` ի դժբախտություն իշխանությունների, չի հաջողվում:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյականության հետ կապված խնդիրներ ունի: Ա. Մուսինյանի խոսքերով` այդ հարցազրույցի ընթացքում Ռ. Քոչարյանը չկարողացավ փաստերով հերքել Լ. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած հիմնավորումները Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում: «Որեւէ բանական պատասխան չհնչեց: Ավելին, որեւէ իշխանավոր ջանք չգործադրեց պաշտպանելու Քոչարյանին, այնպես որ, ես Քոչարյանի հարցազրույցը կորակեի՝ որպես ջղաձիգ արդարացումներ»,- նշեց նա:
ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներն իրականացնելու համար իշխանությունները որոշ քայլեր են կատարում, ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Արդյոք այդ քայլերը գոհացնո՞ւմ են Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցներին: Ա. Մուսինյանի հավաստմամբ` հանձնաժողովներ ստեղծվում են յուրաքանչյուր խայտառակ ընտրությունից հետո, բայց հաջորդ ընտրությունը լինում է ավելի խայտառակ: «Որեւէ ռեալ քայլ իշխանություններն այսօր չեն ձեռնարկում ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների իրականացման վերաբերյալ: Ապրիլի 17-ից հետո, երբ ընդունվեց բանաձեւը, յոթ մարդ ձերբակալվել է: Այսինքն՝ քաղաքական հետապնդումները չեն դադարեցվել: Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսից հետո նոր թափ են հավաքել բռնությունները քաղաքացիների նկատմամբ, նրանց ապօրինաբար տանում են հարցաքննության, իրավական հիմք չունեցող թղթեր են պարտադրում ստորագրել, որպեսզի հետագայում նրանք չկարողանան մասնակցել հանրահավաքների»,- ասաց նա` հավելելով, որ բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը փորձում է ահաբեկել ընդդիմությանը: Չկա նաեւ անկախ հանձնաժողով, չնայած Ա. Մուսինյանը խորապես կասկածում է, որ Հայաստանում հնարավոր է անկախ հանձնաժողով ստեղծել`մարտի մեկի դեպքերից հետո: «Իրավապահ մարմինները, որոնք մինչ օրս զբաղված են այս շինծու քրեական գործերը սարքելով` որեւէ ռեալ քայլ չեն արել` մարտի մեկի իրական պատասխանատուներին բացահայտելու առումով: Կա 10 զոհ, բայց որեւէ սպանության գործով քրեական գործ չի հարուցվել: Չկա կալանավորված մարդ, որը ձերբակալվել է զենք կրելու համար: Իշխանություններն իրենց քայլերով դեռեւս չեն ապացուցել, որ փոխելու են իրենց գործելաոճը»,- ասաց նա:
Դեռեւս մարտի 4-ին ՍԴ-ում ունեցած ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքը որպես երկխոսության օրակարգ՝ ընդունում է ԵՄ նախագահության հայտարարությունը, որտեղ երկխոսության համար չորս նախապայման է առաջարկվում: Սա, Ա. Մուսինյանի խոսքերով` նշանակում է, որ իրենք դեռ մարտին տվել են իրենց համաձայնությունը` որոշակի պայմանների իրականացման դեպքում գնալ երկխոսության: «Երկխոսությունը մի ճանապարհ ունի` երկիրը վերադարձնել քաղաքական պրոցեսների հուն, թուլացնել տիրող հասարակական լարվածությունը, որի միակ ձեւն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են»,- ասաց նա: Իսկ հարցին, թե ի՞նչ են անելու իրենք, եթե իշխանությունները չհամաձայնեն արտահերթ ընտրություններ անցկացնել, բանախոսը պատասխանեց, որ իրենք կշարունակեն պայքարել` միտինգներ, ցույցեր, հացադուլներ կկազմակերպեն: Իսկ իշխանությունները հինգ տարի կառավարելու ռեսուրսներ չունեն: Ա. Մուսինյանի գնահատմամբ` նրանց մնացել է միայն մեկ ռեսուրս` բռնությունը: Իսկ առանց նախապայմանների երկխոսություն, Ա. Մուսինյանի կարծիքով, անհնար է: «Մեր ընկերները ոչ մի բանի համար բանտում պատանդ են պահվում: Իմ ընկերները պատանդ են պահվում, ես գնամ, նստեմ, բանակցե՞մ նրանց հետ: Դա բացառվում է»,- ասաց նա:
Երբ 1996 թ. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե ինքն է հաղթել նախագահական ընտրություններում, Լ. Տեր-Պետրոսյանը հակադարձել էր` վկայակոչելով ՍԴ-ի, ԿԸՀ-ի որոշումներն ու միջազգային կառույցների գնահատականները: Այս դեպքում, սակայն, ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում նույն կառույցների որոշումները: Ա. Մուսինյանի հավաստմամբ`այս անգամ ՍԴ-ում գործը քննվել ու վճիռ է կայացվել արտակարգ դրության իրավական ռեժիմի պարագայում: Մինչդեռ, ըստ նրա` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՍԴ-ում արտակարգ դրության ժամանակ նման վճիռներ չեն կայացվում: «Եթե մարտի 1-ի ջարդը տեղի չունենար, ու ՍԴ-ն վճիռ արձակեր, մենք բոլորս գնալու էինք տուն ու պատրաստվեինք հաջորդ ընտրություններին: Այլ հարց է, որ եթե մարտի մեկի ջարդը տեղի չունենար, ՍԴ-ն այլ որոշում կընդուներ: Մի բան է՝ կաշկանդված, ավտոմատներով շրջապատված որոշում ընդունելը, այլ բան՝ դեմոկրատական պայմաններում վճիռ ընդունելը: Եվ Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի սարսափը հենց դրանում էր, որ Ազատության հրապարակում մարդ չպիտի լինի վճիռ կայացնելիս: Մարտի 1-ի ջարդի հիմնական պատճառը հենց դա էր»,- հայտարարեց Ա. Մուսինյանը: Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը հայտարարել էր, որ ինքը պատասխանատվություն չի կրում մարտի 1-ի իրադարձությունների համար եւ գտնվել է Ազատության հրապարակում` Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու համար: Ա. Մուսինյանի խոսքերով` ինքը կզարմանար, եթե նա քաջություն ունենար պատասխանատվություն վերցնել իր վրա: «Թեւեր ոլորելով անվտանգություն չեն ապահովում: Բացի այդ, Գրիշա Սարկիսյանը ՀՀ առաջին նախագահին օրեր շարունակ պահել է անազատության մեջ, ելումուտն արգելված է եղել, գրանցումներ են արվել, մեքենաներ խուզարկվել եւ այլն»,- ասաց նա` հավելելով, որ Գ. Սարկիսովն ի վերջո պատասխանատվություն կրելու է կատարվածի համար: Անդրադառնալով ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կյանքին վտանգ սպառնացող առողջական խնդիրներին` Ա. Մուսինյանը նրա նկատմամբ իշխանությունների պահվածքը որակեց իբրեւ սադիզմ: «Մարդն ուղղակի կարող է մահանալ, իսկ իշխանությունները հայտնի կենդանու համառությամբ չեն ուզում այդ մարդուն տեղափոխել հիվանդանոց: Ավելին, բժիշկներից մեկը եզրակացություն էր տվել, նրան հեռացրին աշխատանքից, ու աղմուկից հետո նոր վերականգնեցին: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Արամ Կարապետյանին, նրան համարում ենք մեր քաղաքական պայքարի զինակիցը, ով այս պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար փաստացի պատանդ է պահվում իշխանությունների կողմից»,- հայտարարեց Ա. Մուսինյանը: