Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագիր

22/05/2008

ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հաստատման եւ ի կատարումն ԵԽ ԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւում ամրագրված դրույթների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության առաջարկները:

Համաձայն ՀՀ սահմանադրության երրորդ հոդվածի` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: «Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ ՀՀ սահմանադրության ոգու եւ տառի պահպանմանն է միտված նաեւ ԵԽ ԽՎ թիվ 1609 բանաձեւը:

Մասնավորապես` ԵԽ ԽՎ բանաձեւի

12-րդ կետում ամրագրված է, որ քաղաքական ուժերի երկխոսության համար իշխանությունները պետք է ապահովեն հետեւյալ առաջնահերթ պայմանների կատարումը.

– անհապաղ իրականացնել մարտի 1-ի դեպքերի եւ դրանց հանգեցրած հանգամանքների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննում (12.1),

– անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված մարդկանց (12.2),

– ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերջին փոփոխությունները (8.4, 12.3):

ԵԽ ԽՎ թիվ 1609 բանաձեւի ընդունումից հետո անցել է մեկ ամիս, սակայն ոչ միայն չի կատարվել նշված պայմաններից ոչ մեկը, այլեւ իշխանությունների դրսեւորած գործելաոճը ամենեւին չի նպաստել ՀՀ ներկայիս քաղաքական լարված իրավիճակը դույզն-իսկ մեղմելուն: Առանց վերոհիշյալ կետերի իրագործման` ընդդիմության հետ արդյունավետ երկխոսություն ծավալելու, գործող իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության: Ուստի «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահից ակնկալում է նշել թիվ 1609 բանաձեւի պայմանների կատարման ստույգ ժամկետները եւ պատասխանատու անձանց անունները:

1. Ժողովրդավարական հաստատությունների կայացման անկյունաքարը ընտրություններն են: Սկսած 1995 թվականից` ՀՀ-ում իշխանությունները չեն կարողացել ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Ուստի ԵԽ ԽՎ թիվ 1609 բանաձեւի 8.2 կետի համատեքստում անհրաժեշտ ենք համարում ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում`

– ընտրական հանձնաժողովներում ընդդիմությունը եւ իշխանությունն ունենան հավասար ներկայացվածություն եւ, ավելի ճշգրիտ, ձեւավորվի ընտրությունները կազմակերպող ու իրականացնող անկախ մարմին,

– քվեաթերթիկները պարտադիր տպագրության հանձնվեն Եվրամիության անդամ երկրներից որեւէ մեկում,

– անձնագրին փոխարինող փաստաթղթի տրամադրումը դադարեցվի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ, իսկ այդ փաստաթուղթը ստացած ընտրողների ցուցակները ընտրությունների օրը փակցված լինեն տեղամասում,

– ընտրությունն իրականացվի «մեկ ընտրող` մեկ ձայն» սկզբունքով` մատի թանաքոտման ճանապարհով,

– ընտրողների կողմից արդեն ստորագրված ընտրացուցակները հրապարակայնացվեն, փոփոխություններ կատարվեն վերահաշվարկի եւ բողոքարկման ընթացակարգերում եւ այլն:

Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել նախորդ ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների անաչառ քննություն եւ մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության` միաժամանակ ապահովելով օրենսդրական համապատասխան հիմքեր առաջիկա խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու եւ կուսակցություններին` իրենց համամասնական ցուցակով ընտրված պատգամավորների հետկանչման իրավունք տալու համար:

2. Ժողովրդավարական հասարակության մեկ այլ առանցքային տարրը ուժեղ եւ անկախ Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) ձեւավորումն է: Պետությունը պետք է Սահմանադրությամբ ամրագրված միջավայր ապահովի ԶԼՄ-ների ներուժի եւ ինքնուրույնության ամրապնդման համար: Պետք է դադարեցվեն ԶԼՄ-ների նկատմամբ բացահայտ եւ քողարկված հետապնդումները` հասարակությանը հնարավորություն տալով իրացնել բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը: Այդ խնդիրների իրականացման առաջնահերթ քայլերն են.

– ընդդիմության եւ իշխանության հավասար ներկայացվածություն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ նշանակելու` ընդդիմության երաշխավորված իրավունքի ամրագրումը,

– Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածության պարտադիր համաձայնեցումը խորհրդարանական ընդդիմության հետ,

– ԵԽ ԽՎ նախորդ բանաձեւերում ամրագրված` «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները եթեր վերադարձնելու իշխանության պարտավորության իրականացումը,

– Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով առավել դիտելի եւ լսելի ժամերին խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր խմբակցությանը շաբաթական մեկ ժամ եթերի տրամադրումը, ընդ որում` նույն օրն ու ժամին,

– ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում լրատվական ու տեղեկատվական դաշտը կարգավորող օրենսդրության, տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցների վիճակը քննարկելու նպատակով անհապաղ խորհրդարանական լսումներ հրավիրելու իշխանության` խորհրդարանական մեծամասնության, եւ ընդդիմության պարտավորության ամրագրումը:

3. Դատական համակարգի անկախությունը ժողովրդավարական հաստատությունների կայացման գրավականն է, որում վճռական է հակակշիռների մեխանիզմի ներդրումը: Օրենքի իշխանությունն ամրագրելու երաշխիքներն են.

– Հանրապետության նախագահի հանրային հանձնառությունն առ այն, որ հետայսու իսպառ կբացառվեն «հեռախոսային արդարադատության» բոլոր փորձերը եւ օրենքի ամենայն խստությամբ կպատժվեն բոլոր օրինախախտները` սկսած նախագահի աշխատակազմից, վերջացրած դատավորներով, նախարարներով, մարզպետներով, քաղաքապետերով ու նրանց աշխատակազմերով,

– խորհրդարանական ընդդիմության կողմից գլխավոր կամ, այլընտրանքաբար, հատուկ նշանակության դատախազ առաջադրելու իրավունքի ամրագրման մասին սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը: Այդկերպ ձեւավորված Դատախազության իրավասությունների մեջ պետք է մտնի պետական ու քաղաքացիական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը` ՀՀ նախագահի նստավայրից մինչեւ իրավապահ մարմիններ, Դատախազություն եւ հասարակություն,

– իրավապահ ու անվտանգության մարմիններում քաղաքացիների նկատմամբ տարիներ շարունակ քաղաքական դրդապատճառներով եւ անօրինական հիմքերով իրականացվող բռնաճնշումների, հալածանքի, գաղտնալսումների, հետապնդումների, ընդհուպ ընդդիմության համակիր-տանտեր-նվիրատուների վրա տարբեր միջոցներով ճնշում գործադրելու դեպքերի բացառման հրապարակային հանձնառությունը, ինչպես նաեւ՝ վերջին 5 տարիներին այդպիսի անօրինականություններ հրահանգող եւ իրականացնող անձանց բացահայտումն ու օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկումը, որպես դրա առհավատչյա` «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի ապօրինի բռնափակումը, տեղեկատվական կողոպուտը հրահանգողների ու կատարողների ինքնությունը բացահայտելու` իշխանության վճռականության ու պարտավորվածության ամրագրումը,

– օպերատիվ հետախուզության մասին օրենքի արմատական փոփոխումը,

– ընդդիմության հետ փոխհամաձայնության արդյունքում դատաիրավական բարեփոխումների իրականացումը, այդ նպատակով ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում խորհրդարանական լսումների անհապաղ հրավիրումը:

4. Հարկ է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ ԱԺ ներկայացնել «Ընդդիմության մասին» օրենքի նախագիծը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի բարեփոխումները` ներկայումս եւ ապագայում ժողովրդավարական հաստատությունների կայացմանն օժանդակելու, ԱԺ օրենսդիր գործունեությանը արտախորհրդարանական ընդդիմության գործուն եւ բազմակողմանի մասնակցությունն ապահովելու, ինչպես նաեւ՝ ապագա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության գործունեության երաշխավորված իրավունքներն օրենսդրորեն ամրագրելու նպատակով: Վերոհիշյալ փաստաթղթերում պետք է ներառվեն հետեւյալ դրույթները.

– ընդդիմությանը երաշխավորված եղանակով ընդգրկել ԱԺ-ի մեկ փոխնախագահի, ԱԺ 9 մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների եւ հինգի նախագահների տեղակալների պաշտոններում, ինչպես նաեւ՝ Վերահսկիչ պալատի նախագահի եւ խորհրդի կազմի կեսից ավելիի, ՀՀ գլխավոր կամ հատուկ նշանակության դատախազի, նրա առնվազն մեկ տեղակալի, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոններում,

– ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը վերապահել երաշխավորված իրավունքներ`

  • առանձին օրենքների եւ այլ նախագծերի քննարկման համար կամ ցանկացած հարցի, իրադարձության ու փաստի առթիվ խորհրդարանական լսումներ հրավիրելու ու անցկացնելու, Ազգային ժողովի եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու, ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու, դրանք նախագահելու, դրանցում մեծամասնության կամ իշխանության ներկայացուցիչների թվաքանակին հավասար ներկայացվելու,
  • խորհրդարանական բոլոր պատվիրակություններում ԱԺ ընդդիմության մասնակցությունն ապահովելու, նաեւ դրանցից կեսի ղեկավարումը ստանձնելու,
  • խորհրդարանական ընդդիմության սահմանած օրակարգով արտահերթ նիստ եւ նստաշրջան հրավիրելու,
  •  յուրաքանչյուր երկրորդ քառօրյա նիստի օրակարգը ամբողջովին կազմելու, կամ յուրաքանչյուր քառօրյայի օրակարգում նվազագույնը 10 օրենքի կամ այլ նախագծի երաշխավորված ընդգրկումն ապահովելու,
  • Սահմանադրական դատարան դիմելու,
  • ի թիվս ԱԺ կանոնակարգում այլ հստակեցումների, մասնավորապես` քննարկումից անմիջապես հետո օրենքների քվեարկությունը նշանակելու,

– բարձրացնել ու համահավասարեցնել պատգամավորական խմբակցությունների, ինչպես նաեւ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում որոշակի շեմ հաղթահարած կուսակցությունների պետական ֆինանսավորման չափերը,

– անհապաղ խորհրդարանական լսումներ հրավիրել ԱԺ Պետական-իրավական հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, «Ընդդիմության մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով:

5. Ժողովրդավարության եւ կայուն զարգացման պայման է նաեւ բազմակարծությունը, հանրային քաղաքականության շրջանակներում հասարակության առաջընթացի եւ հիմնախնդիրների լուծման ազատ մրցակցային տարբերակների ստեղծագործումը: Ուստի այսօր արդեն արդիական է «Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման առաջարկությունների մշակման փորձագիտական-խորհրդատվական կենտրոնի» («Ժողովրդավարական կենտրոնի») հիմնադրումը: Կենտրոնում կընդգրկվեն հասարակական հայտնի գործիչներ, Մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպությունների եւ գործարար ընկերակցությունների ներկայացուցիչներ, մասնագետներ ու քաղաքացիներ:

Ժողովրդավարական կենտրոնի նպատակը պետք է լինի պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ու նրա կազմակերպությունների միջեւ երկխոսության ու գործընկերության ձեւավորումը: Նրա գործունեությունը կներառի հանրային քաղաքականության համալիր առաջարկների մշակումը տեղական ինքնակառավարման, երիտասարդության, կրթության ու գիտության, մշակույթի, առողջապահության, օրենքի գերակայության, գենդերային հավասարության եւ պատկան այլ հարցերի շուրջ:

17 մայիսի 2008թ.
Երեւան