Տարել են

22/05/2008

Ոստիկանության աշխատակիցները երեկ բերման են ենթարկել վաղ առավոտից Մասիսի հրապարակում՝ ի պաշտպանություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ 3 տարի ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանի, հացադուլ սկսած Սամվել Գեւորգյանին եւ Կորյուն Թադեւոսյանին: Դեռեւս մինչեւ բերման ենթարկվելն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սամվել Գեւորգյանն ասել է, որ իրենք պահանջում են «արդարություն» եւ «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ու Հուսիկ Բաղդասարյանին»: Մասիսի ոստիկանության պետի տեղակալ, մայոր Գուրգեն Բեգլարյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Բայց ո՞վ է ասել, որ ինքը (Գեւորգյանը.- խմբ.) հացադուլի մեջ է… Հացադուլ անելիս բաժնին (Ոստիկանության.- խմբ.) տեղյակ չե՞ն պահում: Պահում են, չէ՞, երեւի կարգն այդպես է: Մենք տեղյակ չենք, նա հացադուլ է հայտարարել, թե ինչ,- շարունակել է Բեգլարյանը` ավելացնելով,- Մեզանից պահանջել են, մենք էլ տարել ենք Գլխավոր դատախազություն: Իրեն ծանուցագիր է տրվել, ու նա ուղարկվել է Դատախազություն: Մարտի 1-ի դեպքերով ցուցմունքներով անցել է Գեւորգյանը, երեք անգամ նախկինում նրան տարել են, լսել են»: Ավելի ուշ Կորյուն Թադեւոսյանը, Դատախազությունում հարցաքննվելուց հետո, վերադարձել է տուն: