«Ընծա» երգի մրցույթ-փառատոնը, որն ավանդաբար անցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, արդեն չորրորդ անգամ մի քանի օրով համախմբում է հայ տաղանդավոր երիտասարդներին: Իսկ պայքարը շատ լուրջ է լինում, քանի որ հաղթանակը, որպես կանոն, դեպի մեծ շոու-բիզնես տանող ուղեգրի է հավասարվում։
Համահայկական այդ մրցույթը ուշագրավ ուղղվածություն ունի, այն մի կողմից՝ մեր շոու-բիզնեսի ապագա աստղերին է ուրվագծում (ինչպես եղավ Ռազմիկ Ամյանի, Վարդան Բադալյանի դեպքում), իսկ մյուս կողմից` յուրահատուկ մաքրող քամու դեր է կատարում: «Մաքրող» բառը բավականին տեղին է, քանի որ լսելով աշխարհի տարբեր երկրներից Ստեփանակերտ ժամանած հայ երգիչներին, հասկանում ես, որ նրանցից շատերն այնքան լավ ձայնային տվյալներ ու աշխատելու մղում ունեն, որ հանգիստ կարող են էստրադային բեմից դուրս մղել արդեն հաստատված «աստղերին»։
«Ընծան» հայկական երգարվեստի բնագավառի միակ մրցույթն է, որը մեծ դրամական պարգեւներ է շնորհում հաղթողներին։ 2008 թվականի «Ընծայի» գրան-պրիին արժանացավ Երեւանը ներկայացնող Լիլիթ Հովհաննիսյանը, ով շատերին ծանոթ է որպես «Սուպերսթար» նախագծի մասնակից։ Մրցույթների հոգեբանությանն ու երգելու հմտությանը ծանոթ Լիլիթը Արցախից տուն բերեց ԼՂՀ նախագահի կողմից շնորհված 1 մլն դրամը։ Առաջին մրցանակը եւ ՀՀ Հանրային հեռուստաընկերության կողմից շնորհված 700 հազար դրամը բաժին հասավ երեւանցի Գրիգոր Կյոքչյանին՝ ռոմանտիկ, ինտելիգենտ արտաքինով, շիկահեր երիտասարդին, ով երգում էր կրքոտ ու հասկանում էր՝ ինչի մասին է երգում։ Երկրորդ մրցանակի՝ ՀՀ Հանրային ռադիոյի կողմից շնորհված 500 հազար դրամ պարգեւին արժանացավ Լեհաստանը ներկայացնող Տիգրանուհի Շահինյանը, որի կերպարն այս մրցույթի հայտնությունն էր։ Բարձրահասակ, բարձրաձայն ու ժպտերես Տիգրանուհին բեմում շատ ազատ ու գրավիչ էր։ Երրորդ մրցանակի՝ «Վան» ռադիոկայանի կողմից շնորհված 300 հազար դրամին արժանացավ Լիլիթ Հակոբյանը Քաջարանից։ Այս տարվա «Ընծայում» որպես պարգեւատրող ավելացել էր նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը արցախցի Տաթեւիկ Բալայանին բարձր կատարողական վարպետություն ցուցաբերելու համար պարգեւատրեց 300 հազար դրամով։ Ընդհանրապես այս տարվա 20 մասնակիցներից եւ ոչ մեկն առանց նվերի կամ մրցանակի չմնաց, շատերին հանձնվեցին ոսկյա հուշանվերներ, տրվեցին երգեր կամ տեսահոլովակներ ստեղծելու ու ձայնագրության հնարավորություններ տալու խոստումներ։ «Երգչի համար ամենալավ նվերը երգն է» կարգախոսը շատ լավ աշխատեց։ Մոդայիկ «32 ատամցիները» մի քանի կատարողի խոստացան ընդգրկել իրենց կողմից ստեղծած շոու-բիզնեսի դպրոցի կազմում, իսկ անվերապահորեն հեղինակություն համարվող «Շարմ» ընկերությունը խոստացավ տեսահոլովակ նկարահանել, կոմպոզիտորներից մի քանիսը երգեր նվիրեցին, իսկ ռադիոկայաններն էլ խոստացան հնչեցնել այդ ապագա երգերը։ Այս տարի հանդիսատեսի համակրանքին արժանացավ Ուկրաինայից ժամանած Անաստասիա Շահնազարյանը, ում ծանոթությունն Արցախի ու հայերի հետ ճակատագրական դարձավ։ Հայերեն լեզվին չտիրապետող Նաստյան մի քանի ամիս առաջ նույնիսկ չգիտեր, թե որտեղ է գտնվում Հայաստանը, սակայն մի օր որոշեց, որ հերիք է ապրել հեռավոր Կիրովոգրադում, ժամանակն է գալ Երեւան։ Հիմա նա սովորում է Երեւանում եւ ուրախությամբ կլանում է Հայաստանի ու Արցախի բոլոր տեսարժան վայրերն ու իր նախնիների երկրի պատմությունը։ «Ընծայի» այն մասնակիցները, ովքեր կարողանում էին չթաքցնել իրենց անմիջականությունն ու շոու-բիզնեսի «գայլերի» կերպարանքից ու շտամպներից զերծ էին մնում, շատ լավ տպավորություն էին թողնում։ Եվ միանգամից երեւում էր նրանց տկարությունը, երբ նրանք փորձում էին կրկնօրինակել արդեն իսկ ուրիշներին կրկնօրինակող հայրենի կամ ավելի մեծ ճանաչում ունեցող «աստղերին»։
Լավ ձայներ ու երիտասարդներ շատ կան, «Ընծան» նրանց նկատելի է դարձնում, սակայն նրանց հետագա ճանապարհն անորոշ է։ Եթե հետեւենք ձեւավորված կանոններին, նրանցից շատերը մի քանի տարի հետո հայտնի կդառնան, ոճաբաններ ու պրոդյուսերներ (առաջ տանողներ) ձեռք կբերեն ու արդեն, որպես բարձր գին ունեցող երգիչներ՝ կսկսեն միջոցառումների ու գովազդային արշավների ժամանակ «պլյուսային ֆոնոգրամայի» տակ երգել։ Իսկ հետո մրցույթի կազմակերպիչ Երգի պետական թատրոնը նորից կսկսի թարմ արյուն ու թարմ ձայներ փնտրել։ Եվ կգտնի։
«Ընծան» երիտասարդների համար տրամպլին է, որը պետք է հաղթահարել, իսկ մնացածը կախված է արդեն կոնկրետ երգչից»,- ասում է Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով զարմանալի հետեւողականությամբ շարունակում է նոր տիպարներ որոնել, սովորեցնել նրանց բեմում աշխատել, բարձրախոս բռնել, նաեւ՝ շփվել միմյանց հետ։
Երգը նաեւ իմիջ է
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հանդիպելով մրցույթի մասնակիցներին ու պատասխանելով նրանց հարցերին, ասաց. «Ընծան» նոր իմիջ ու բարձր վարկանիշ է ստեղծում Ղարաբաղի համար։ Մեր հարեւան պետությունը զայրանում է, երբ տեսնում է, որ մենք խաղաղ ու բնականոն զարգացող մշակութային երկիր ենք։ Ղարաբաղը պարարտ հող է տաղանդների համար»։ Բառիս բուն իմաստով եւ փոխաբերական իմաստով՝ պարարտ հող լինելով, Արցախը հիմա մշակութային ու սոցիալական լուրջ քաղաքականություն ունենալու անհրաժեշտության առջեւ է կանգնած։ Էներգետիկ հզոր լիցքեր ես ստանում Արցախի բնությունից ու արցախցիներից ու մտածում ես՝ ափսոս, որ մենք կառուցում ու վերակառուցում ենք Երեւանի կենտրոնի յուրաքանչյուր սանտիմետրը եւ անտեսում ենք Շուշին ու Ստեփանակերտը։ Յուրաքանչյուր միջոցառում կենտրոնացնում ենք Երեւանի Օպերայի ու բալետի բեմում՝ մոռանալով մարզերն ու մեր երկրորդ հայկական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը։ Ի դեպ, որպես հանդիսատես՝ արցախցիները փայլուն գիտակներ են, նրանք երբեք չեն ծափահարի այն կատարողին, որը ֆալշ է երգում, որը հույսը դնում է իր հնչեղ անվան վրա, բայց իրականում մեկ երգ անգամ չի կարողանում կենդանի կատարել։ Այդ երգչին կարող են դիմավորել քար լռությամբ՝ հիշեցնելով, որ սեփական կարծիքն ավելի թանկ է, քան գովազդվող անունները։ Փոխարենը՝ Արցախի հանդիսատեսը ջերմորեն ընդունում է լավը, բայց դեռ անհայտը։ Արցախում ելույթ ունենալը յուրատեսակ քննություն է, որն այս տարի հաստատ ավելի խիստ էր, քան «Ընծայի» ժյուրիի գնահատականները, որոնք շատ բարյացակամ էին։ Միգուցե բարի վերաբերմունքի հիմքում Արցախի լեռների ու ձորերի վրայով սավառնող թախծոտ բարությունն էր։
Արցախն ընդհանրապես «վարակելու» հատկություն ունի։ Այդպիսի «վարակվածների» շարքում է, օրինակ, ֆրանսահայ բեմադրիչ ու դերասան Նարեկ Դուրյանը, ով աշխատում է Ստեփանակերտի թատրոնում եւ այս տարվա «Ընծայի» ժյուրիի անդամներից էր։ Այդպիսին է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ով երջանիկ է զգում իրեն, երբ կարողանում է դիմացինի աչքերում տեսնել Արցախով հիանալու կարողությունը։ Այդպիսին է «Հայաստան-Արցախ» կամրջի հիմնադիր Զոյա Շաքարյանը, ով յուրաքանչյուր կեղծիք որպես անձնական վիրավորանք է ընդունում։ Արցախի օդը շատ ազատ է։ Ազատ է, քանի որ զուրկ է դատարկ իրադարձություններից ու պահպանել է ամբողջականությունը։ Այստեղ նույնիսկ թեթեւ էստրադան է կշիռ ստանում ու փորձում է չխաղալ մարդկային շինծու հույզերի վրա։