Մշակույթի գրեթե բոլոր գործիչներին մտահոգում է այն, թե ինչպիսին կլինի հայկական նոր մշակութային ալիքը, որի ստեղծման մասին վերջերս շատ է խոսվում: Նաեւ այդ թեման էր երեկ քննարկվում «Հայելի» ակումբում` կոմպոզիտորներ Արամ Սաթյանի եւ Լեւոն Չաուշյանի մասնակցությամբ: Վերջիններս նախ հույս հայտնեցին, որ այս ալիքի ստեղծմամբ առաջին հերթին կվերականգնվի իսպառ բացակայող քննադատական մոտեցումը, քանի որ հիմա ամեն ինչի մասին միայն գովաբանություններ են հնչում: Նրանք նաեւ վստահ են, որ դրանից հետո եթերում դասական երաժշտություն կհնչի մշտապես, եւ ոչ թե միայն կեսգիշերից հետո, ինչպես այսօր: Ողջունելով նման հեռուստաալիքի ստեղծման գաղափարը` Արամ Սաթյանն ասաց, որ դրա կայացման համար պետք է նախեւառաջ ճիշտ ղեկավարություն եւ լրջորեն մշակված քաղաքականություն: Ըստ նրա՝ բոլոր հեռուստաընկերությունները եւ հաղորդումները պետք է ունենան երաժշտական խմբագիրներ, իսկ այսօր հեռուստաընկերություններն աշխատում են առանց երաժշտական խմբագիրների, ինչը միայն փաստում է, որ ոչ մի քաղաքականության մասին չի կարող խոսք լինել: Իսկ քաղաքականությունը, կոմպոզիտորի պնդմամբ, ոչ միայն հայ հանդիսատեսին ճիշտ ներկայանալն է, այլ որոշակի մշակված ծրագրով միջազգային ասպարեզ դուրս գալը: «Ռուսաստանում, Ֆրանսիայում հայկական օրեր են տեղի ունենում, մի շարք միջոցառումներ, որտեղ կոմպոզիտորական դպրոցն ընդհանրապես ներկայացված չէ: Բայց մենք այսօր հիանալի կոմպոզիտորներ ունենք, առանձին անհատ կոմպոզիտորներ կան, որոնք տարբեր միջազգային հեղինակավոր մրցանակներ են շահում»,- նշեց Արամ Սաթյանը: Քննարկման մասնակից կոմպոզիտորների խոսքերով, մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը Կոմպոզիտորների միությունը՝ ի դեմս Էդվարդ Միրզոյանի, հսկել է, որ եւ՛ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը, եւ՛ Օպերայի, եւ Ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարները, եւ՛ ուսումնարանների տնօրենները կոմպոզիտորներ լինեն, քանի որ կոմպոզիտորը բոլոր երաժիշտների մեջ միակն է, որ ունիվերսալ ձեւով գիտի երաժշտության մասին ամեն ինչ՝ երաժշտական գործիքներ, երաժշտական գրականություն եւ այլն: Իսկ մինչեւ 1997թվականը հեռուստատեսության եւ ռադիոյի հատուկ երաժշտական խմբագիրներ են եղել, եւ երաժշտության բոլոր ժանրերն ունեցել են իրենց հատկացված որոշակի ժամաքանակ: Այս հարցում նրանք կարեւորում են Կոմպոզիտորների միության դերը, որն այսօր, իրենց իսկ խոսքերով, չի աշխատում: Ա. Սաթյանը եւ Լ. Չաուշյանը համակարծիք են այն հարցում, որ Կոմպոզիտորների միությունը, ինչպես եւ՝ Պաշտպանության կամ Մշակույթի նախարարությունը պետք է կառավարիչ, մենեջեր լինի, այսինքն՝ պետք է միջնորդ դառնա ստեղծագործողի եւ պատվիրատուի միջեւ: Կոմպոզիտորների պնդմամբ, միության գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ հայ երիտասարդ կոմպոզիտորներն արտերկրում մեծ հաջողությունների են հասնում, սակայն իրենց երկրում ոչ միայն ոչնչի չեն արժանանում, այլ նույնիսկ իրենց հաջողությունների մասին չի բարձրաձայնվում: «Ես չեմ կարող Միության ներքին կյանքի մասին որեւէ բան ասել, բայց հասարակական կյանքն այնտեղ բացակայում է: Կարելի է ասել, որ Միությունն իր գործով չի զբաղվում: Իսկ հիմա կոմպոզիտորներն առանձին-առանձին են գործում, քանի որ, ստեղծագործելուց զատ, այդ ամենը պետք է նաեւ որեւէ կերպ հասցնել հասարակությանը»,- ասաց Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանը: Կոմպոզիտորներն անդրադարձան նաեւ այսօր կայանալիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին: Լ. Չաուշյանն այս տարի ներկայացվելիք երգին ծանոթ չէ, իսկ նախորդ տարիների երգերի մասին ասաց, որ մասնավորապես Անդրեի երգն ընդհանրապես հայկական երաժշտության հետ կապ չունի: Նա չի ընդունում, որ պետք է ենթարկվել մրցույթի պահանջներին եւ ներկայացնել թուրքախառն երաժշտություն: Լ. Չաուշյանը վստահ է, որ մյուս երկրներում, հատկապես՝ եվրոպական, այս մրցույթին այդքան տեղ չի տրվում: Իսկ Արամ Սաթյանը հաջողություն մաղթելով Սիրուշոյին՝ ասաց, թե իրեն վրդովեցնում է այն, որ հայ երիտասարդ կոմպոզիտորները շատ ավելի լուրջ մրցույթների են մասնակցում եւ շահում «գրան պրիներ», սակայն այդ մասին ընդհանրապես չի խոսվում: