«ՀՀ-ում կա՞ իշխանություն, ո՞ւմ դիմենք»

22/05/2008

Օրերս «168 Ժամ» թերթի խմբագրությանը բաց նամակ էին ուղարկել ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ: «Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որն, ինչպես հայտնի է ցանկացած իջեւանցու, նախագահական ընտրություններից հետո կտրուկ ավելացրեց իր (թեեւ իր անունով չեն ձեւակերպված) տաքսի սերվիսների («Իջեւան» եւ «Ագեվազ» տաքսի սերվիսներ) տաքսիների թիվը:

Մրցակցության շուկայում միակը լինելու համար նա հանեց մրցակից տաքսի սերվիսի տաղավարը: Նախապես տեսախցիկներով մարդիկ էր բերել, որպեսզի զայրացնի եւ անկարգություն հրահրի: Նպատակն էր` ձերբակալել տալ (որը բոլոր իջեւանցիներին հայտնի է որպես քաղաքապետի մասնագիտություն) տաքսի սերվիսի երիտասարդ տիրոջը` Արգիշտի Դավթյանին, որպեսզի նրան դուրս հանի մրցակցային շուկայից: Իր բարեկամների ապօրինի կառույցները սեփականաշնորհեց, իսկ ոչ բարեկամներինը հանել է տալիս: Աղայան փողոցի մեջտեղում թույլատրել է կառուցել «կիլոմետրանոց» մի եռահարկ շինություն, որի առաջին հարկը պահեստ է, իսկ մյուս երկու հարկերը` բնակելի: Հայաստանի Հանրապետությունում կլինի՞ երբեւէ իշխանություն, թե՞ այսպես էլ հիասթափված պիտի սպասենք, թե երբ կգան օտարները, որ ստրկացնեն այսօրվա մեզ ստրկացնողներին: Ավելի լավ չի՞ լինի օտարները տիրեն, ստրկացնեն ողջ ազգին, քան որ ազգը բաժանվի ստրուկների եւ ստրկատերերի: ՀՀ-ում կա՞ իշխանություն: Ո՞ւմ դիմենք»,- հարցնում են նամակը ստորագրող իջեւանցիները` «Մի խումբ հիասթափված, բռնություններից հոգնած, հայաստանյան անիշխանությունից զզված իջեւանցիների անունից»: