Երեւանյան մեկ գիշեր՝ ողողված արվեստով

13/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի բոլոր թանգարանների
մուտքը դառնում է ազատ: Հայաստանի թանգարաններում` նույնպես: Իսկ
Հայաստանի ազգային պատկերասրահում Ֆրանսիայի թանգարանների միության
նախաձեռնությամբ անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան,
որը կրելու է «Լույսը գիշերվա մեջ» խորագիրը: Մեր Պատկերասրահն առաջին
անգամ է արձագանքում այդ նախաձեռնությանը: Թեեւ թանգարանների
աշխատակիցների իրական տոնը մայիսի 18-ին է, ակցիան կկայանա ավելի վաղ՝
մայիսի 14-ին, քանի որ այդ օրն ավելի հարմար է՝ շաբաթ է: Երեկոյան ժամը
19-ից մինչեւ գիշերվա ժամը 1-ը Պատկերասրահի դռները բաց են լինելու բոլորի
առջեւ: Սպասվում են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ օտարերկրյա հյուրեր:
Սակայն գլխավոր մասնակիցները պետք է լինեն երիտասարդները: Տարբեր
ինստիտուտներում եւ այլ ուսումնական հաստատություններում բաժանվելու են
հրավիրատոմսեր, քանի որ Պատկերասրահի աշխատակիցների նպատակը
երիտասարդներին Պատկերասրահ բերելն ու մշակութային արժեքներին ծանոթացնելն
է: «Շուրջ 30 ինստիտուտ կստանան 800 հրավիրատոմս, ընդ որում, ոչ միայն՝
հումանիտար, այլեւ՝ զինվորական ուսումնարանները, ոստիկանության դպրոցը»,-
ասաց Պատկերասրահի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը: Քանի որ
միջոցառումներն ավարտվելու են ուշ գիշերը, Հայաստանի Մշակույթի
նախարարությունը խոստացել է այցելուներին ապահովել տրանսպորտով:

Ի՞նչ է լինելու

Բացման արարողությունից հետո բացվելու է «Ծանոթ, անծանոթ Շահինը»
ցուցահանդեսը, որի բացումը պետք է դեռ ապրիլին կայանար, սակայն հետաձգվել
է կատալոգի տպագրումը ձգձգվելու պատճառով: Ցուցահանդեսից հետո միջնադարյան
արվեստի սրահում տեղի կունենա հոգեւոր երաժշտության համերգ՝ Աննա
Մայիլյանի, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Կամերային նվագախմբի եւ «Շարական»
հնագույն երաժշտության համույթի մասնակցությամբ: Մեկժամյա այդ համերգը
հնչելու է մոմերի լույսերի ներքո: Համերգից հետո Պատկերասրահի բոլոր ութ
հարկերը բացվելու են եւ երկու ժամվա ընթացքում պատրաստ են լինելու
ընդունել բազմաթիվ այցելուների: Նման սպասվելիք ծանրաբեռնվածությամբ
Պատկերասրահը դեռ չի աշխատել: Բոլոր գիտաշխատողները պատրաստակամությամբ
կուղեկցեն հյուրերին ու կպատմեն ցուցադրությունների մասին:
Անհրաժեշտության դեպքում էքսկուրսիաներ կկազմակերպվեն: «Մենք չենք
մոռանում, որ այս տոնը նախեւառաջ թանգարանների աշխատողների համար է, եւ,
երկու ժամ ցուցադրության ուղեկիցը լինելու բացառությամբ, բոլոր
աշխատակիցները լինելու են մեր միջոցառումների մասնակիցները»,- ասաց
Պատկերասրահի փոխտնօրենը: Միջոցառումների ողջ ցանկը խիստ ժամանակագրված է,
քանի որ առաջնահերթ խնդիրը Պատկերասրահի անվտանգությունն է: «Բոլոր
հարկերում ուժեղացված ոստիկանական հսկողություն կլինի»,- ասաց Հ.
Հարությունյանը: Անկարգապահ կամ փնթի արարքներից ապահովագրվելու համար
բոլոր աշխատակիցներից եւ ոստիկաններից պահանջվելու է զգոնություն: Ուղիղ
երկու ժամ հետո բոլոր դահլիճները կփակվեն: Դա նույնպես անվտանգության
պահանջ է՝ կենտրոնացված միջոցառումները հսկելն ավելի հեշտ է: Հյուրերը
կհրավիրվեն իններորդ հարկ, որտեղ ճեմասրահում կկայանա «Ակունք» ազգագրական
համույթի ելույթը: Երաժշտության, կերպարվեստի միաձուլումը պետք է թեթեւ ու
գեղեցիկ մթնոլորտ ստեղծի: Իսկ հանրության համար Պատկերասրահը պետք է դառնա
ոչ միայն արվեստին ծանոթանալու վայր, այլեւ՝ հանգստի ու ժամանցի հարմար
կենտրոն: Գործելու է սրճարանը, եւ բացվելու է Պատկերասրահի ողջ շառավղով
ձգված օղակաձեւ պատշգամբը, որտեղ եւ կավարտվի «Թանգարանային գիշեր»
ակցիան: Կեսգիշերին բոլորին բաժանվելու են բենգալյան կրակներ, եւ հյուրերը
հնարավորություն կունենան, գիշերային Երեւանին բարձունքից նայելով,
շուրջպար բռնել:
Ողջ արարողությունը պետք է թվային խցիկներով նկարահանվի եւ տեղադրվի
Հայաստանի ազգային պատկերասրահի ինտերնետային կայքում: Մենք ահռելի
հարստություն ունենք, այժմ՝ նաեւ այդ հարստությունը ներկայացնելու
յուրահատուկ ձեւ: