Մայիսի 17-18-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հարսանյաց զգեստների ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին հարսանյաց զգեստներ, ատրիբուտներ, տարբեր տոնական պարագաներ, զարդեր ու քաղցրավենիք արտադրող կամ համադրող ձեռնարկությունները, սրահներն ու անհատները։ Նաեւ՝ տոնական սանրվածքներ ստեղծող գեղեցկության սրահներն ու ծաղկեփնջեր ձեւավորող կազմակերպությունները։
Պսակադրության խորհրդավոր օրն անմոռանալի ու գունեղ դարձնելու համար զուգակցվում էր ավանդականն ու մոդեռնը՝ «տարոսիկների», սկուտեղների, զարդերի, տորթերի, դեկորատիվ ջահերի, մոմերի եւ բազմաթիվ այլ հարսանյաց «մանրուքների» տեսքով, որոնք կարող են յուրահատուկ փայլ հաղորդել նորապսակների ամենագլխավոր տոնին։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացված տաղավարատերերը համոզված էին, որ այդպիսի նախաձեռնության շնորհիվ կարելի է հաջող ընթացք հաղորդել իրենց բիզնեսին ու ցույց տալ հայաստանցիներին, թե ինչպես կարելի է հարսանիքը կազմակերպել մեկ ոճային սկզբունքով։ «Սվետլանա» հարսանյաց սրահը գեղեցիկը ներկայացնում էր ավանդական մատուցմամբ՝ օգտագործելով մանեկենուհիների պրոֆեսիոնալիզմը, իսկ «Նռանի» հարսանյաց սրահը բոլորովին այլ ուղղություն էր ընտրել եւ ցուցադրությանը սոցիալական հնչերանգ էր հաղորդել։ «Նռանիի» շոուն շատ տպավորիչ էր, քանի որ պոդիումի վրա էին ազատ տեղաշարժվելու ունակությունից զուրկ մարդիկ, երիտասարդ ու գեղեցիկ աղջիկներն ու տղաները, որոնք գամված են շարժասայլակներին կամ մշտական խավարի մեջ են ապրում։ Սա միայն հարսանյաց զգեստների ցուցադրում չէր, այլ՝ նրբանկատորեն իրականացված սոցիալական ակցիա, որին մասնակցում էին հասարակության ուշադրությունից զրկված եւ, ընդհակառակը՝ ուշադրության փայլի մեջ ողողվող «աստեղային» անձերը։ Համակրելի ու տեսողությունից զրկված Հակոբին թեւանցուկ ուղեկցում էր երգչուհի Հասմիկ Կարապետյանը, սայլակում նստած գեղեցկուհի Սվետային ուղեկցում էր Ավետ Բարսեղյանը, իսկ Արսեն Գրիգորյանը դարձել էր ժպտերես Գոհարի «շարժիչ ուժը»։ Այդ կարճատեւ շոու-ցուցադրությունը ոչ այնքան սեփական բիզնեսը ցուցադրելու միտում ուներ, որքան փորձ էր՝ ներկայացնել գեղեցիկ դեմքերը, որոնք լուսավորվում են հարսանյաց զգեստ հագնելու պահին։ Այն պահին, երբ իրենց թիկունքում սատարող ուժ են զգում։ Սայլակներում նստած «հարսների» պայծառ ու փոքր-ինչ շփոթված ժպիտները հաստատ շոուին ներկա մարդիկ դեռ երկար չեն կարողանա մոռանալ։ Այդպես կարող են ժպտալ միայն երջանիկ մարդիկ։ Եվ նրանք այդ օրը երջանիկ էին։ Ի պատիվ «Նռանի» սրահի, պետք է ասել, որ այդ մտահղացումն իրենք կարողացել են շատ զուսպ ու առանց ավելորդ պլակատայնության իրականացնել։ «Մարդիկ տարբեր են, բայց գեղեցկությունը հենց դրա մեջ է»,- ասում է սրահի հիմնադիր Գայանե Կլեկչյանը, ով ամենամեծ պարգեւը համարում է իր շոուի մասնակիցների ընկերությունը։ Սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ ոչ թե կարեկցող, այլ` իրապես իրենց ներքին ուժն ու գեղեցկությունը գնահատող մարդկանց կարիքն ունեն։ Եվ մեր հայտնիներից ոմանք կարողանում են դա զգալ ու որոշ չափով հասարակության ուշադրությունը սեւեռել «անտեսանելի» մարդկանց գեղեցկության վրա։ Այն մարդկանց, ովքեր չեն երեւում մեր քաղաքների փողոցներում, դահլիճներում, խանութներում, տրանսպորտի մեջ, իսկ շատերին թվում է, որ նրանք պարզապես չկան։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն, օրինակ, ով երկու օր շարունակ պոդիում դուրս եկավ որպես հարս-դստեր հայր, շատերին տարակուսանքի մեջ գցեց, քանի որ դահլիճում նստածներն այդպես էլ չհասկացան՝ նա իրոք տեսողության խնդիրներ ունի՞, թե՞ մուգ արեւային ակնոցներ կրելով՝ պարզապես ցանկանում է ցույց տալ, որ ոչ ոք երաշխավորված չէ խավարի մեջ ապրելուց։