Սկիզբը՝ Երեւանն է՞ս է, թե՞ էն
(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան, Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին)
Հասոյի խնդրանքով սարի գագաթին հայտնված Լուսոն, որ լրատվական ոլորտում ամենաանօգուտ բանը համարում էր ասուլիսներ լուսաբանելը` հանկարծ կարոտեց էդ ասուլիսները: Լուսոն, որ ասուլիսներ լուսաբանելը համարում էր էս կամ էն բանախոսին ակամայից «PR» անել ու երբեմն հնչող սուտը ակամայից տարածել` հանկարծ կարոտեց էդ ստերին: Լուսոն կարոտեց էն իրականությանը, որի մեջ ինքն ապրում էր ու որից դուրս էր եկել, որովհետեւ հայտնվել էր միանգամայն այլ իրականության մեջ: Լուսոն, որ մի քանի ժամ գտնվում էր անլույս, անջուր մարդկանց միջավայրում, ցանկացավ «ներկաներին», որ «նախորդներին» մշտապես հիշեցնում են ցուրտն ու մութը` հիշեցնել, որ Հասոյենց թաղում 2008 թվին ցուրտ ու մութ է:
«Մեռելների պես ենք»
«Ճար չունենք, բավարարվում ենք անձրեւաջրով»,- ասում են անձրեւաջրով ու ձյան հալոցքով լողացող ու լվացք անող՝ Էրեբունի համայնքում գտնվող սահող սարի վրա ապրող չորս ընտանիքների անդամները: Ամռան չոր եղանակին մեկ-մեկ սատկած, նեխած առնետներով լցված ոռոգման ջուրն են օգտագործում, դրա համար էլ մանկահասակ երեխաները ժամանակ առ ժամանակ տարբեր ինֆեկցիաներով վարակվում են: Էստեղ բոլորն անառողջ են: Ասյա Բաղրամյանն Էրեբունու հանրակացարանից յոթ ամիս առաջ տեղափոխվել է այս թաղամաս: «Հոսանք չունենք, ջուր չունենք: Մարդ, որ յոթ ամիս լույսի երես չտեսնի, ո՞նց կլինի»,- ասում է Ասյան, ում հայացքը լույսի մեջ շատ տարօրինակ է: 50 տարեկան այս կինն այնքան է սովորել խավարին, որ լույսի մեջ աչքերն անընդհատ ճպճպացնում է: «Հոգնել եմ, ամեն օր տանս մեջ օջախ եմ վառում, որ մի բան եփեմ: Խավարելուն պես մտնում ենք տեղաշոր, որ մթությունից չգժվենք: Էս թաղը գժանոց ա, գժանոց»,- նեղսրտում է Ասյան, ով ապրում է միակ որդու հետ: 22 տարի Լամպերի գործարանում թունավոր պայմաններում աշխատած Ասյան ասում է, որ սոցիալական պայմաններին դիմակայելն այլեւս անհնար է: Այս թաղամասում բոլորն էլ ծանր աստիճանի հաշմանդամություն ունեն, բայց ոչ մեկը երբեւէ չի դիմել բուժհաստատություններին: «Էնքան անլույս ենք մնացել, որ աչքերիցս արցունքները թափվում են, աչքերս ցավում, մռմռում են: Ահավոր ա, ահավոր, ջունգլիների կյանքով ապրող մարդիկ ենք: Էն Ռոբինզոն Կրուզոյին հիշո՞ւմ եք, մենք ամեն մեկս էլ էդ կյանքով ենք ապրում»,- պատմում է նա` ասելով, որ հունվար ամսին ընդհանրապես վառելիք չեն ունեցել, անկողնու մեջ փայտացել է: Ասյան ասում է, թե ցրտից այնքան է սառչել, որ բարձրաձայն լաց է եղել, մարմնի ցավին չի դիմացել: Փայտ չի եղել, որ տան մեջ խարույկ վառի, թեյ պատրաստի: Հարեւաններն են բաժակներով թեյ հասցրել, որ Ասյան ցրտից չմեռնի: «Մեռելների պես ենք, էլի»: Ասյան պատմում է, որ ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբից իր եւ որդու անձնագրերը վերցրել եւ գրանցել են որպես կուսակցության անդամ: Հարցնում է` «Մի բան հարցնեմ, էլի, իրանք ասեցին` ամեն ինչով կօգնեն, մեզ օգնություն կտան: Մի հատ իմացեք, էլի` բա իրանք ո՞ւր են, իրանց խոստացած օգնությունն ո՞ւր ա»: Հանրակացարանում ապրելու ժամանակահատվածում Ասյան եւ նրա որդին գրանցված են եղել, մինչդեռ այս տարածք տեղափոխվելուց հետո փաստացի ոչ մի տեղ գրանցված չեն: Ասյան ողջ կյանքը թունավոր աշխատանք կատարելով՝ հավատացել է պետությանն ու հերթագրվել է բնակարան ստացողների ցուցակում. «Էն ժամանակ տենց էր, պիտի լավ աշխատեիր, որ գործարանը քեզ տուն տալու ցուցակում հերթագրեր: «Ասոբը վրեդնի» աշխատանք էի անում, առողջությունս էլ չէի խնայում: Է՜, ինչեր էի երազում, բայց ինչի արժանացա»:
49 տարեկան Արաքսյա Պողոսյանն, ով ռեզինե «սապոգներ» է հագել, արդեն որքան ժամանակ է՝ արյունահոսություն ունի: «Մի շատ մեծ, 2-3 մետրանոց, հաստ օձ` գյուրզա էր մտել տուն: Վախից, սթրեսից ընկել էի շոկի մեջ: Ամուսինս հասցրեց լապատկով սատկացրեց, բայց ոնց որ վախից գժվեի: Էդ օրվանից մոտս արյունահոսություն ա, չի դադարում»,- պատմում է նա` ասելով, որ դրանից մի քանի օր անց էլ մեկ այլ օձ է հայտնվել, ամենայն հավանականությամբ, վրեժ լուծելու: Արաքսյան ամեն րոպե վախենում է, որովհետեւ օձերի իրենց տուն այցելությունը պարբերական բնույթ է կրում: «Ոչ լույս ունենք, ոչ էլ ջուր, մոմի, լամպի լույսով ենք ապրում: Օձերի, կարիճների մեջ ապրող մարդն ակամայից գժվում ա: Լարված վիճակից, վախից արդեն խելագարվում ենք: Դուք երեւի չգիտեք, թե ինչ բան ա, երբ մարդն անընդհատ սպասում ա, որ իրա հետ դժբախտություն ա պատահելու: Էդ շատ դաժան բան ա, շատ: Անընդհատ վախենում եմ»: Ասում է, որ քաղաք գնալիս ցեխոտ ճանապարհը հաղթահարելու համար ռեզինե «սապոգներ» է հագնում, 4 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հատում, ապա «սապոգները» թողնում է դիսպետչերանոցում, հագնում է կոշիկները, որ քաղաքում իրեն չծաղրեն: