Դեսպանները մտահոգված են

22/05/2008

Վրաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանները մտահոգություն են հայտնել մայիսի 21-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական իրավիճակում արձանագրված մի շարք դեպքերի կապակցությամբ: ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ղեկավարությամբ գործող դիվանագետների խումբը, որը ձեւավորվել է նախընտրական գործընթացները դիտարկելու համար, անհանգստացած է հատկապես քարոզարշավի ժամանակ «ընտրողներին ահաբեկելու եւ բռնությունների սպառնալիքների» վերաբերյալ ստացվող տեղեկություններով: Վրաստանի իշխանություններին եւ ԿԸՀ-ին ուղղված հայտարարության մեջ նրանք կոչ են արել քայլեր ձեռնարկել, որպեսզի «քաղաքացիները կարողանան ազատ եւ խաղաղ պայմաններում իրականացնել իրենց ընտրելու իրավունքը»: Դիվանագետները հիմնվել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության` անցած ուրբաթ հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցում մատնանշված փաստերի վրա: «Առաքելությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որ ընտրողներին սպառնում, վախեցնում են կամ պահանջում են ձայներ հավաքել իշխող կուսակցության օգտին»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նշված է դիտորդների ուղերձում: Դիտորդներն արձանագրել են նաեւ դեպքեր, երբ նախնական կալանքի տակ գտնվողների հարազատներին որպես կալանավորներին ազատ արձակելու նախապայման՝ առաջարկվել է իշխող կուսակցության օգտին 100-ից ավելի ձայներ հավաքել: «Ահազանգեր կան նաեւ քարոզարշավում պետական պաշտոնյաների ապօրինի մասնակցության, իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսը չարաշահելու, գյուղատնտեսության բնագավառի պետական ծրագրերն իրենց քարոզարշավի նպատակով օգտագործելու վերաբերյալ»,- արձանագրել են դիտորդները` ընդգծելով, որ այդ փաստերից շատերը հաստատվել են: Զեկույցում նշված է նաեւ, որ ընդդիմությունը դժգոհում է ընտրական ցուցակի անճշտություններից եւ կասկածի տակ է առնում ԿԸՀ-ի նախագահ Lեւան Թարխնիշվիլիի գլխավորությամբ անցկացվելիք ընտրությունների թափանցիկությունը: «Ընտրական հանձնաժողովները եւ դատական մարմինները համապատասխան կարգով չեն ուսումնասիրել այն դիտողությունները, որոնք ներկայացվել են իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ պետական պաշտոնյաների դեմ: Երբեմն նրանք հրաժարվել են ծանոթանալ փաստական նյութերի հետ»: Մինչդեռ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարում է, որ իր հիմնական նպատակը երկրում «ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»: Նշենք, որ վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն եւ երեք դաշինք, որոնք մրցելու են խորհրդարանի 150 մանդատների համար: