Անտոնեն Արտո

22/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Անտոնեն Արտոն միակն է մեր դարաշրջանից, եւ հենց այդ պատճառով նա վերստին բացահայտեց թատրոնի իմաստը, եւ դա այժմ էլ դաժանության թատրոնն է, եւ կյանքում էլ նա պերսոնաժ էր, որ սարսափ էր ապրում ու զոհաբերվում: Դաժանությունը մարդու հանդիպման վայրն է տիեզերքի օրենքների հետ: Մարդկանցից ոմանք, որոնց միշտ կոչել են բանաստեղծներ կամ մարգարեներ, քաղաքի եւ եկեղեցու հավերժական թշնամիները` անձնական դրամա են ապրում, որը ծնվում է այնտեղ, որտեղ անհատը ճանաչում է այդ օրենքները տառապանքի միջոցով:

«Անդունդի գերագույն բարձունքը» Արթյուր Ադամով

Ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, թատրոնի տեսաբան, բանաստեղծ Անտոնեն Արտոն, ով իր ստեղծագործական ուղին սկսել էր սյուրռեալիստների խմբում (Ա. Բրետոն, Լ. Արագոն, Ռ. Վիտրակ, Ֆ. Սուպո, Բ. Պերե եւ այլք) ամենից շատ հայտնի է որպես դաժանության թատրոնի լեգենդար հիմնադիրը` նշանակալից մի նախագծի, որը լիովին փոխեց թատրոնի եւ պերֆորմանսի բնույթը, ինչպես նաեւ՝ այլախոհ բանաստեղծ-սյուրռեալիստ: Ա. Արտոյին նվիրված իր «Հուշերի ցոլքերում» Անդրե Մասոնը գրում էր. «Կարծում եմ, որ Ռ. Մուզիլը մարդկային հոգու նրբին հասկացողություն է դրսեւորել, ասելով (ես ամփոփում եմ), որ ամենքն էլ խելագար են, բայց այդուհանդերձ որոշ տարբերություն կա` նորմալ մարդիկ տառապում են հոգեկան խանգարումների բոլոր տեսակներով, իսկ այսպես կոչված խենթերը` միայն դրանցից մեկով:

Պետք է զարգացնել այդ միտքը ոչ միայն Արտոյի առնչությամբ, այլ բոլոր նրանց, ում համար ժամանակակից «հասարակության» շրջանակները չափազանց նեղ են, եւ որը, հեռացնելով նրան իրենից` գջլել է: Անտեսանելիորեն հոգու մեջ աճող եւ այնուհետեւ ողջ ուժով պայթող զայրույթն այդ «նորմալ խելագարների» այնքան էլ անհիմն չէ: Արտոն մարգարեանում էր: Հնարավոր է, որ նրա զայրույթը ծնվում էր ոչ թե այն բանից, որ պատկանում էր այս աշխարհին, որքան այն բանից, որ նա գտնվում էր նրա ներսում»:

Քանի որ Ա. Արտոն բանաստեղծ էր, ապա նրան անրջվող թատրոնը առասպելաբանական երեւույթ էր, կամ, ավելի ճիշտ, ինչպես ինքն էր հաճախ ասում` «մոգական», եւ նա ողջ կյանքում փնտրում էր նոր թատերայնությանը համապատասխանող լեզուն, երբ բեմահարթակը վերածվում է տաճարի: Այստեղից էլ` հասկացությունների եւ եզրերի աներեւակայելի խառնուրդն էր, որ Արտոն քաղում էր զանազան մշակութային շերտերից եւ դարաշրջաններից` այստեղ միատեղվում են բրահմանիզմն ու կաբալան, միջնադարյան ալքիմիան եւ Նիցշեի փիլիսոփայությունը, ֆրեյդիզմն ու ացտեկների առասպելաբանությունը, Պլատոնի մետաֆիզիկան եւ հին եգիպտացիների միստիկան…

Արտոն դասական արտացոլման տեսության հակառակորդն էր, նրա հիմնական մտքերից մեկն այն էր, որ թատրոնը պիտի դադարի «անշարժ ընդօրինակություն» լինելուց:

Անդրե Բրետոնը «խոսելով Արտոյի մասին»՝ Ժան Լորանի հետ իր զրույցում ասում էր. «Նախ հիշենք աքսիոմայի մասին, որ պոեզիայի համար, որոշակի մակարդակից սկսած, բացարձակապես էական չէ բանաստեղծի հոգեկան առողջությունը: Պոեզիան իր արքայությունը բանականության նեղ սահմաններից անդին տարածելու առանձնաշնորհն ունի: Նրա համար ավելի վատ բան չկա, քան ճղճիմությունը եւ բոլորի համաձայնությունն ամենքին: Ռեմբոյից եւ Լոտրեամոնից սկսած, մենք գիտենք, որ ամենահիասքանչ երգերը` հաճախ հենց ամենախճճվածներն են: Ներվալի «Ավրելիան», Հյոլդերլինի ուշ շրջանի բանաստեղծությունները, Վան Գոգի արլյան շրջանի կտավները հենց այն են, ինչը մենք ամենից շատ ենք գնահատում նրանց ստեղծագործության մեջ: Այդ ստեղծագործությունները չեն մնացել «ենթագիտակցության» մեջ, «զառանցանքն ազատագրել է նրանց, եւ ասես օդային հոսքով որսված, նրանք հասել են մեր սրտերին»: Ա. Արտոյի հայերեն հայտնված էջերն էին «Բեմ» հանդեսում տպագրված Ժակ Ռիվյերին հղած նամակներից մի քանիսը:
1993 թվականին մոսկովյան «Մարգիս» հրատարակչությունը լույս ընծայեց Արտոյի թերեւս ամենահայտնի գրքերից մեկը` «Թատրոնը եւ նրա կրկնակը», որի հավելվածում տպվել էր նաեւ Ժան Պոլանին ընծայագրված «Սերովբեի թատրոնը» մանիֆեստ-էսսեն: 2004-ին Ս. Պետերբուրգի «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս ընծայեց «Թատրոնը եւ նրա կրկնակը. Մանիֆեստներ, դրամատուրգիա, դասախոսություններ, թատրոնի փիլիսոփայություն» ստվարածավալ գիրքը:

Այնուհետեւ Պետերբուրգի «Ամֆորա» հրատարակչությունը լույս ընծայեց «Ֆրանսիական սյուրռեալիզմի պոեզիան» ժողովածուն, որտեղ տեղ էր գտել նաեւ Արտոյի բանաստեղծությունների ընտրանին, ինչպես նաեւ՝ բանաստեղծ Ռոժե Ժիլբեր- Լեկոնտի «Կյանքը սերը մահը դատարկությունը եւ քամին» ժողովածուին նվիրված էսսեն: Իսկ «Տարածությունն այլ խոսքերով» գրքում տպագրվեցին նկարիչներին (Կլեեին, Կիսլինգին, Բալտյուսին եւ Վան Գոգին) նվիրված էսսեները:

2006 թվականին «Միտին ժուռնալ» հրատարակչությունը լույս ընծայեց «Հելիոգաբալ» գիրքը: 1933 թվականին հրատարակիչ Ռոբեր Դենոելը (հետագայում սպանված) Արտոյին առաջարկեց գրել Հելիոգաբալի կենսագրությունը: Այդ կայսրի կերպարը չափազանց նշանակալից էր 30-ական թվականների Ֆրանսիայի համար, երբ երկրի բարոյական համակարգերը քայքայվում էին նացիստական բռնազավթման օրերին (բռնազավթման օրերին Ժան Ժենեն Հելիոգաբալի մասին պիես գրեց, որը հետագայում ոչնչացրեց): Արտոն մի քան ամիս գրքի համար նյութեր էր հավաքում՝ Փարիզի ազգային գրադարանում ուսումնասիրելով էզոթերիկ եւ աստղագուշական գրքերը եւ հռոմեական պատմությանը նվիրված տարաբնույթ աշխատությունները:

Վերջերս «Միտին ժուրնալ» հրատարակչությունը լույս ընծայեց նաեւ Արտոյի «Տարաումարա» գիրքը:

Տարաումարան հնդկացիների ցեղ է, որն ապրում է Մեքսիկայի հյուսիսում: 1936 թվականին Արտոն ուղեւորվեց այնտեղ, որպեսզի հետազոտի «Սիգուրիի ուղին»` հաղորդակցվի քրմերի գաղտնիքներին, ովքեր իրենց ծեսերում օգտագործում էին պեյոտլ հալյուցինոգենը: Այդ գրքի վրա Արտոն սկսեց աշխատել հոգեբուժարանում, ուր նրան կալանեցին Մեքսիկայից վերադառնալուց հետո: Թմրանյութերից եւ մշտատեւ որոնումներից ուժասպառված Արտոն հույս ուներ, որ այնտեղ՝ հնդկացիների մեջ, ովքեր դեռ չեն կորցրել իրենց կապը բնության հետ, նա դարձյալ կկարողանա գտնել ինքն իրեն: Արտոն շատ էր լսել այն մասին, որ Տարաումարայի ծեսերը, որոնք անցկացվում էին պեյոտլի գործածմամբ, մարդուն թույլատրում էին իր սահմաններից դուրս գալ եւ դրանով իսկ գիտակցել այդ սահմանները: «Տարաումարան» տարաշխարհիկ ճամփորդություն է «խենթի» հետ, որը ոչ միայն ծեսերի հստակ նկարագրություն է պարունակում, այլ նաեւ հնարավորություն է ընձեռում շատ բաներ պարզել Արտոյի գեղագիտական հայացքներում: Արտոյին նվիրված այս թռուցիկ-կցկտուր ծանոթությունը կուզենայի ավարտել նրան նվիրված Ֆիլիպ Սուպոյի գրությամբ:

Ֆիլիպ Սուպո Հուշ Արտոյի մասին

Երբ ես մտածում եմ Արտոյի մասին, ապա դերասանից եւ բեմադրիչից, մտածողից, մոլի վիճաբանողից եւ Ժակ Ռիվյերին հղած նամակների հեղինակից առավել թանկ է միանգամայն այլ հիշողությունը:

Իմ կարծիքով, Արտոն ամենից առաջ բանաստեղծ էր: Այսօր ինչ-որ այդ մասին սկսել են մոռանալ:

Իմ բոլոր ծանոթ բանաստեղծներից ներշնչանքն ընտրել էր միայն Արտոյին: Իմ կարծիքով, հենց այսպիսի բանաստեղծներին էր Ռեմբոն պայծառատես կոչում:

Այդ խաչը նա տարավ իր ողջ կյանքի միջով. մի շրջանը դժոխքում նրա համար փոխարինվում էր այլ մեկով: Իսկ երբ կպչուն դժոխքից նրան հաջողվում էր դուրս պրծնել, նա դարձյալ դառնում էր անգթության բանաստեղծը. կարեկցանքն ինքն իր հանդեպ առաջինն էր չորանում եւ անհետում: Սովորաբար դա դաժանություն են կոչում` դե ինչ, այդպես էր ասում նաեւ ինքը:

Արտոն ինձ ցույց տվեց, դե ոչ, նա մեզ բոլորիս ցույց տվեց, որ ճշմարիտ բանաստեղծը գործարքի մակարդակի չի իջնում, նա երբեք չի «խաղում» կրակի հետ` պարզապես մտնում է նրա մեջ, որպեսզի բռնկվի եւ այրվի:

Այդպիսի հրդեհ դարձավ բանաստեղծ Անտոնեն Արտոյի կյանքը` հրդեհ, որը ոչ մեկը, նույնիսկ լավագույն ընկերներն ու ամենահավատարիմ ընկերուհիները զորու չէին մարելու, նրան անկարելի էր տիրապետել, բայց դիմանալ նույնպես անհնար էր:

Սոսկ փոքր-ինչ ճանաչելով Արտոյին, ես մեկեն հասկացա, որ նա դատապարտված է մենության` մեռյալ անմարդաբնակության մեջ, որի խավարում չի նշմարվում երկարած ձեռքը: Միակ ելքը մնում էր խռովությունը` ամենօրյա, համընդգրկուն, անդառնալի: Հենց Արտոյի պոեզիան մեզ հուշեց այդ ելքը: Այն դարձյալ մեզ կանչում է խռովության` այսօր:

Եվ հուշը նրա մասին տոչորում է՝ ինչպես առաջ: