Գյումրիի «Հրեշը»՝ Երեւանում

13/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն արդեն կես տարի աշխատում է Գյումրիում:
Հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Գյումրիի պետական թատրոնը
Երեւանում ներկայացնում է Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա»
բեմադրությունը, որը վերջերս ցուցադրվել է Հալեպում: Ինչպես ասաց Ն.
Ծատուրյանը, այս տարին «հրեշացման» տարի էր, քանի որ այս պիեսը բեմադրվեց
միանգամից մի քանի երեւանյան թատրոններում եւ նաեւ Մոսկվայի ԾղԸՁ-ում: Իսկ
Ռ. Կալինովսկու պիեսը Ն. Ծատուրյանն առաջին անգամ բեմադրել է դեռ 2001-ին,
«Մետրո» թատրոնում:

– Ինչպե՞ս ձեզ դիմավորեցին Գյումրիում:
– Գյումրին շատ է փոխվել: Այնտեղ ինձ բաց չընդունեցին: Ընդհանրապես,
երեւանցիներին Գյումրիում չեն սիրում: Երեւի նեղացած են: Էն օգնությունը,
որը Գյումրին ստացավ երկրաշարժից հետո, եթե լրիվ քաղաքի օգտին գնար,
քաղաքը վաղուց կառուցված կլիներ: Երեւի փողերի միայն 30%-ն իրենց հասավ,
մնացածը լափեցին Երեւանում: Գյումրեցիների հայտնի հումորն էլ է պակասել:
Երբ ես դարձա Գյումրիի թատրոնի գլխավոր ռեժիսոր, բոլորի վերաբերմունքն
այսպիսին էր՝ ինչի՞ մենք չունենք լավ ռեժիսոր, որ Երեւանից պիտի գար:
– Ինչո՞ւ որոշեցիք Գյումրի գնալ:
– Ես չեմ երազել գնալ Գյումրի: Երիտասարդ ժամանակ, դեռ մինչեւ Խորեն
Աբրահամյանի գլխավոր ռեժիսոր դառնալը, ինձ հրավիրում էին, ես չէի գնում:
Վեց ամիս առաջ նախարար Հովեյանն ինձ կանչեց ու ասաց՝ Կոլյա, պիտի գնաս ու
ինչ-որ բան անես: Ես էլ գնացի, մանավանդ, որ «Մետրո» թատրոնից դուրս էի
եկել: Գյումրիում գլխավոր ռեժիսորի պաշտոնակատարն էր 28-ամյա մի աղջիկ, եւ
բոլոր թերթերը գրում էին՝ ինչպե՞ս կարող է երիտասարդ այդ աղջիկը թատրոնի
ղեկավար լինել: Ես նրան ասացի՝ իմ գալը չի նշանակում, որ դու գործ չես
անելու: Եվ նա բեմադրություն արեց:
– Քանի՞ ներկայացում կա թատրոնի խաղացանկում:
– Եթե ցուցանակը նայես, շատ՝ մոտ 20: Բայց կենդանի, խաղացվող
ներկայացումները հինգն են: Հանդիսատեսը շատ լավն է: Բայց ինչն է
դժբախտությունը՝ ադմինիստրացիան է թույլ աշխատում: Թատրոն չեն գալիս,
տոմսերը չեն տարածվում: Ասում են՝ արդեն հինգ ներկայացում խաղացել եք,
բոլորը նայել են, բա Գյումրիում մարդ է՞ մնացել: 280.000 բնակչությունից
մոտավորապես 80.000 է մնացել, 700 տեղանոց դահլիճը չի լցվում: Թատրոնն
այսօր ապրում է վաճառված տոմսերի հաշվին: Պետության տված փողը չնչին է:
Հետո էլ, այդ փողը բեմադրության համար չի տրվում, այլ՝ աշխատավարձերի,
հոսանքի, գազի վճարումների համար: Երբ խաղում էինք «Հրեշը լուսնի վրա»
ներկայացումը, դրամարկղից ասացին, որ 100 տոմս է վաճառվել: Դա չտեսնված
բան էր, սովորաբար 8-9 տոմս էր վաճառվում: Եվ, ի վերջո, դերասանը՝ բեմ
դուրս գալով, ոգեւորվում է, երբ լեփ-լեցուն դահլիճ է տեսնում:
– Պետական թատրոնները միշտ դժգոհում են ֆինանսավորումից, բայց եւ
սեփականաշնորհմանն են դեմ: Մյուզիքլի թատրոնում, օրինակ, լուրջ կռիվներ են
ընթանում: Ինչպե՞ս է հնարավոր թատրոնում փող աշխատել:

– Թատրոնը հենց որ սեփականաշնորհվեց, դառնում է ուրիշ բան: Բիզնեսմենը՝
թատրոն մտնելով, պետք է ուզենա փող աշխատել, իսկ թատրոնով փող աշխատել չի
կարելի: Թատրոնում մեծ ջանքեր են, բայց քիչ եկամուտ: Բոլոր թատրոններն են
այդպես աշխատում: Մեկ օրվա համար արված ներկայացումները ես չեմ կարող
նայել: Թատրոնը պետք է ծիծաղեցնի, լացացնի, հուզի, այլ ոչ թե՝ ստիպի
խրխնջալ, թեկուզ եւ դա է փող բերում: Մտահղացումն իրականացնելու համար
նախեւառաջ գումար է հարկավոր՝ պետք են գեղեցիկ զգեստներ, շքեղ
դեկորացիաներ: Եթե նույն սեղանը երկու ներկայացման մեջ օգտագործեցիր,
հանդիսատեսը դա լավ չի ընդունի:
– Գյումրիի թատրոնում գործերը լա՞վ կլինեն:
– Կլինեն, եթե ես գոնե հինգ տարի դիմանամ: Ինձ մեղադրում են, որ ես մեծ
գործեր չեմ բեմադրում: Ասում եմ՝ ախր ես դերասաններին լավ չեմ ճանաչում:
Ես պիտի նրանց լավ ուսումնասիրեմ, հասկանամ, ծանոթանամ, մտնեմ նրանց
հոգեբանության մեջ, որպեսզի կարողանամ ճիշտ օգտագործել: Իսկ մեծ գործ
շրըփ-թրըփ անելը հեշտ է: Դերասանական խաղը ճշմարտության հասնող պիտի լինի:
Ես Մոսկվայում կինոյի ինստիտուտն եմ ավարտել եւ գիտեմ, որ թատրոնի
պայմանականության մեջ խաղը չպիտի երեւա, խաղի կարերը չպիտի երեւան:
Նույնիսկ ամենափոքր կեղծիքն ինձ նյարդայնացնում է:
– Ի՞նչ թեմա կընտրեք նոր բեմադրությունների համար:
– Ինձ միշտ հետաքրքրում են մեր թեմաները: Պիեսներ կան, որ ես մեջս ունեմ,
բայց իրագործելու համար մի քիչ դժվար են՝ ծավալային են ու գումար են
պահանջում: Բայց ես համոզված եմ, որ շուտով մարդիկ Երեւանից գալու են
Գյումրի` ներկայացում նայելու համար: Դա է իմ նպատակը: Եթե ես դիմացա ու
տարա մինչեւ վերջ, ես կհասնեմ դրան, որ Գյումրիի թատրոնը հնչի: Հիմա
այնտեղ դերասան չկա, հիմնականում Գյումրիի մասնաճյուղն ավարտած
երիտասարդներ են: Իսկ նրանց հետ աշխատել է պետք, որպեսզի սկսեն շնչել:
«Հրեշը լուսնի վրա» ներկայացումը երեք ամիս փորձեր պահանջեց: Ուզում էի
հասնել նրան, որ յուրաքանչյուր ռեպլիկ բնական լինի, որ յուրաքանչյուր
վարքագիծ իր մոտիվացիան ունենա: Առաջ ամիսը մեկ ներկայացում էին անում,
տեքստը անգիր էին անում ու խաղում: Հիմա զգացին, որ իմ պահանջները շատ-շատ
են: Այս ներկայացումը ժողովուրդը սիրեց, քանի որ պատմությունը հուզեց
իրենց: Մեր ներկայացումը մյուս «Հրեշներից» տարբերվում է, ես շատ եմ փոխել
պիեսը: Ֆինալը լրիվ ուրիշ է, լավատեսական ու երջանիկ չէ: Այդ ետեղեռնյան
ողջ պատմության ընթացքում խոսքը գնում է նրա մասին, որ մենք պետք է մեր
ազգը շարունակենք: Եվ երիտասարդ զույգը իտալացի մի երեխա է որդեգրում: Դա
սուտ է հնչում:
– Բայց իտալացի երեխա որդեգրելով էլ կարելի է կյանքը շարունակել:
– Ոչ, դա սուտ է: Ես իրատես եմ: Եթե անգլիացիներն այդպես ասեին, ես
կհասկանայի: Հայ հանդիսատեսի մենթալիտետը թույլ չի տալիս այդպես մտածել:
Նորից սկսելը երեխա որդեգրելով չի որոշվում: Պետք է ապրել առանց
ինքնախաբեության: