Իրավիճակը կայուն է

22/05/2008

Հանրապետությունում ներկայումս համաճարակային իրավիճակը կայուն է, վարակների սրացումներ չկան: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը, այս տարի նախորդ տարիների համեմատ նույնիսկ նվազման միտում է արձանագրվում, մասնավորապես, աղիքային վարակների եւ թունավորումների առումով: Ըստ նրա` կապված տարեշրջանի հետ` ձմռան ամիսներին բնական է օդակաթիլային, ամռանը` աղիքային վարակների սրացումը: Ձմռան ամիսներին եւս վիճակը կայուն է եղել:

Վերջին շրջանում Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի դեպքերի առնչությամբ Ղ. Հակոբյանը նշել է, որ դրանք համատարած բնույթ չեն կրում, հաստատվել է ընդամենը 2 դեպք, վարակված հիվանդները հոսպիտալացվել են եւ ստացել համապատասխան բուժում: «Որովայնային տիֆը սովորական աղիքային վարակ է, որը չպետք է շփոթել բծավոր տիֆի հետ, որը վտանգավոր է: Որովայնային տիֆն ուղեկցվում է բարձր ջերմությամբ եւ բավականին հեշտ է բուժվում»,- բացատրել է մասնագետը: Վարակի պատճառները, ըստ Ղ. Հակոբյանի, դեռ պարզված չեն, սակայն դժվար է դա կապել սննդի կամ ջրի հետ, քանի որ «այդ դեպքում վարակը կկրեր համատարած բնույթ»: Հայաստանում, ըստ նրա, սովորաբար որովայնային տիֆի դեպքեր հազվադեպ են գրանցվում: