Արդեն ավելի քան երկու ամիս Հայաստանում գրեթե բոլորը երկխոսում են «երկխոսության» մասին: Իրական երկխոսություն, այդպես էլ, իհարկե, չի կայանում, սակայն դրա մասին խոսակցությունները շարունակվում են:
Երեկ «Հայելի» ակումբում այդ թեմայով կազմակերպված հերթական բանավեճին մասնակցում էին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Վերջինիս հավաստմամբ` ընդդիմության պահանջները համընկնում են ԵԽ ԽՎ բանաձեւում առաջ քաշված պայմաններին, այն է` ազատ արձակել քաղաքական նկատառումներով կալանավորվածներին, վերացնել այն փոփոխությունները, որ կատարվեցին «Ցույցերի, հանրահավաքների ու երթերի» մասին օրենքում, եւ վերջապես` մարտի մեկի դեպքերի անկախ հետաքննություն անցկացնել: Ի պատասխան` Կ. Ավագյանը նշեց, որ առաջ քաշված պայմանները քննարկվել են նաեւ իշխանության կողմից: «Այն մոտեցումները, որ առաջարկվել են ԵԽ ԽՎ բանաձեւում, նախ՝ հենց մենք ենք առաջարկել: Թող տպավորություն չստեղծվի, թե որեւէ կառույց կարող է պարտադրել մեր իշխանություններին` այս կամ այն մեթոդները կիրառել», մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն արեց երիտասարդ պատգամավորը, քանի որ ԵԽ ԽՎ բանաձեւում նշված ոչ մի կետի մասին ՀՀ իշխանություններն իրենց նախաձեռնությամբ ոչինչ չեն ասել: Բնականաբար, Կ. Ավագյանը համաձայն չէ «քաղբանտարկյալ» ձեւակերպման հետ եւ ասում է` թող դա քննության արդյունքում որոշվի: Ի պատասխան՝ Ս. Սուրենյանցը նկատեց, որ ինքն իրեն քրեական հանցագործ չի համարում: «Ես առայժմ մեղադրյալ եմ, մեղադրվում եմ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով: Ու շատ ուրախ կլինեմ, որ իմ ու ընկերներիս նկատմամբ ի վերջո այդ դատավարությունը տեղի ունենա ու պարզվի, օրինակ` ես ի վերջո մարտի մեկին Սովետաշենի բանտից ո՞նց եմ կատարել իշխանության յուրացում: Դա նաեւ ինձ համար շատ հետաքրքիր կլինի»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը: Ամեն դեպքում, նրա հավաստմամբ` ընդդիմությունը երկխոսությանը դեմ չէ: Պարզապես դրանից առաջ բանտարկյալները պիտի ազատ արձակվեն: Գառնիկ Իսագուլյանը վերջերս հայտարարել էր, որ կալանավորներին ազատ արձակելն ընդդիմության կողմից կորակվի իբրեւ իշխանությունների վախի կամ թուլության նշան: Ս. Սուրենյանցը, սակայն, նման որակումներ ընդդիմության ճամբարից չի լսել: «Ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի իմ ընկերները լինեն ազատության մեջ: Ես այդ խնդիրը շահարկումների դաշտում չեմ դիտարկում: Թող իշխանություններն այդ քայլերն անեն, ես խոստանում եմ, որ ընդդիմության կողմից որեւէ շահարկում չի լինի»,- ասաց նա: Կարեն Ավագյանի կարծիքով էլ` երկխոսությունն առանց նախապայմանի պետք է լինի: «Եթե այն գնում է նախապայմաններով, ուրեմն դատապարտված է: Երկխոսությունը կարելի է սկսել ցանկացած ոլորտում ու մակարդակում»,- ասաց նա: Ի պատասխան՝ Ս. Սուրենյանցը նշեց, որ ձերբակալվածներին վերաբերող խնդիրն իրենց համար շատ սկզբունքային է: «Կալանվածների փաստն ինձ մի տխուր բան է հուշում, որ իրենք պահվում են պատանդ` բանակցություններում ընդդիմության առաջ որոշակի խնդիրներ դնելու համար»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով Կ. Ավագյանի նկատառմանը, թե նման խնդիր չի դրվել, Ս. Սուրենյանցը մեջբերեց ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի վերջերս տված հարցազրույցներից մեկում հնչած միտքը: «Նա ասել էր. «Եթե ընդդիմությունն ընդունի Սահմանադրական դատարանի որոշումը, հնարավորինս կարճ ժամկետում անմեղ մարդիկ կազատվեն բանտից»: Սա չի՞ նշանակում իմ ասածը»,- նշեց «Հանրապետության» ներկայացուցիչը: Վերջինիս կարծիքով, երկխոսությունը պետք է նպատակ ունենա հանրապետությունում վերացնել հակադրության մթնոլորտի հետեւանքներն ու նախապայմաններ ստեղծի քաղաքական իրական մրցակցության ծավալման համար: Կ. Ավագյանն էլ մրցակցության մասին նկատառմանն ի պատասխան՝ հարցրեց նրան, թե ինչո՞ւ Երեւանի չորս համայնքներում, որտեղ իրականացվում են համայնքապետի ընտրություններ, ընդդիմության ներկայացուցիչներից որեւէ թեկնածու առաջադրված չէ: Ս. Սուրենյանցն էլ հայտարարեց, որ առաջադրվելու պոտենցիալ ունեցող գործիչների մի մասը բանտում է, մյուս մասը` ընդհատակում: «Ստեղծեք նորմալ միջավայր, բաց թողեք քաղաքական գործիչներին, թող առաջադրվեն»,- ասաց նա: Կրկին անդրադառնալով կալանավորվածներին` Ս. Սուրենյանցը նշեց. «Մարտի մեկի դեպքերից հետո անընդհատ շեփորահարվում էր Ազատության հրապարակում գտնված զենքերի պատմությունը: Բայց կալանավորվածներից որեւէ մեկն ապօրինի զենքի մեղադրանքով չի կալանավորվել` բացառությամբ Հուսիկ Բաղդասարյանի ու Հովհաննես Հարությունյանի, որոնց զենքն իբր գտնվել է նրանց տներում: Ուրեմն` այդ ի՞նչ զենք էր: Մենք էլ ենք կողմ, որ հետաքննություն անցկացվի, ու պարզվեն այն ոստիկանները, որոնք կրակել են մարդկանց վրա»,- ասաց նա: Ի պատասխան Կ. Ավագյանի նկատառմանը, թե կրակել են նաեւ ոստիկանների վրա, Ս. Սուրենյանցը հայտարարեց, որ իբրեւ ՀՀ քաղաքացի՝ ինքն իշխանություններից պահանջում է անուն առ անուն տալ բոլոր այն մարդկանց անունները, ովքեր 10 զոհերի պատճառ են դարձել: «Եթե կան մեղավորներ, դատեք»,- ասաց նա: