Ապտակ՝ բժշկական ճշմարտության համար

18/05/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Նախօրեին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը «Երեւան» ք/կ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բ/կ` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Մինչ այդ «Էրեբունի» բ/կ-ի բժիշկ, սրտաբան Արմեն Գասպարյանը Ա. Կարապետյանին այցելելուց հետո հայտարարել էր, որ նրան անհապաղ պետք է մեկուսարանից տեղափոխեն հիվանդանոց: Երեկ ամբողջ օրվա ընթացքում այս պատմության շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ ու միջադեպեր: Նախ՝ առավոտյան «Էրեբունի» բ/կ-ի տնօրեն Արթուր Ռոստոմյանն աշխատանքից ազատել է Ա. Գասպարյանին: Ապա Ոստիկանությունն ուժ է կիրառել Գլխավոր դատախազության շենքի առջեւ հացադուլ հայտարարած ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի նկատմամբ: ՆԺԿ լրատվական ծառայությունն ուղերձ է հղել բոլոր բժիշկներին` խնդրելով օգնել Ա. Կարապետյանին: Իսկ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը հայտարարել է, թե հացադուլ կազմակերպելը համարում է «ճնշում` նախաքննությունն իրականացնող մարմնի նկատմամբ»: Նա ասել է նաեւ, որ երեկվա դրությամբ հիվանդանոցում գտնվող Ա. Կարապետյանի հետագա գտնվելու վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը որոշում կկայացնի` ներկայումս ՆԺԿ նախագահի առողջական վիճակը վերահսկող բժիշկների եզրակացության հիման վրա: Եթե հաշվի առնենք, որ Ա. Գասպարյանին հեռացրել են աշխատանքից, դժվար չէ կանխատեսել, թե ինչ եզրակացություն կտան «Էրեբունի» բ/կ-ի մյուս աշխատակիցները:

Բացի սրտային մի շարք խանգարումներից, Ա. Կարապետյանը մեկ շաբաթվա ընթացքում, ըստ նրան զննած բժիշկ Արմեն Գասպարյանի` նիհարել էր շուրջ 7 կիլոգրամով: Եվ մինչ նրան մեկուսարանից հիվանդանոց տեղափոխելը, ի պաշտպանություն Ա. Կարապետյանի` ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը մայիսի 15-ին հայտարարել էր անժամկետ հացադուլ Գլխավոր դատախազության շենքի առջեւ: Ա. Կարապետյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջից բացի, նա պահանջում է նաեւ ազատ արձակել իր կուսակցին: Երեկ, սակայն, ՆԺԿ-ն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, թե նախօրեի կեսգիշերին մասնագիտական վեճ է տեղի ունեցել Ա. Կարապետյանին զննած բժիշկ Ա. Գասպարյանի եւ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից հանդես եկած բժշկի միջեւ: Պատճառը, ըստ ՆԺԿ-ի՝ եղել է այն, որ ՆԺԿ նախագահին, առանց անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու, վերակենդանացման բաժնից տեղափոխել են հիվանդասենյակ: «Արդեն իսկ ճնշումներ են գործադրվում բժիշկ Ա. Գասպարյանի նկատմամբ: Մասնավորապես երեկ առավոտյան, երբ նա սովորականի պես ներկայացել է աշխատանքի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալբերտ Ռոստոմյանը նրան հայտնել է, որ նախօրեին ասուլիսում հենց միայն իրենց բուժհաստատության անունից հանդես գալու համար՝ այլեւս չպետք է գտնվի այդ հիվանդանոցում: ՆԺԿ-ն խստիվ դատապարտում է նման ճնշումները եւ դիմելու է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը: Մենք չենք վստահում վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ներկայացող բժիշկներին եւ պահանջում ենք սրտաբան-մասնագետների անկախ, միջազգային կոնսիլիում»,- ասված է ՆԺԿ տարածած հաղորդագրության մեջ:

ՆԺԿ հայտարարությանը երեկ հաջորդեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հաղորդագրությունը, ըստ որի` «վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են Արդարադատության նախարարության Երեւան-Կենտրոն քկհ.-ում նախնական կալանքում գտնվող Ա. Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը»: Ըստ հաղորդագրության, այդպիսով փորձ է արվում «հիմնավորելու, որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց եւ այլն»: Ըստ ՔԿ վարչության, կալանքի տակ գտնվող Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները, նույն հաղորդագրության համաձայն` «բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար»: «Այսպես. բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Ա.Կարապետյանին եւ տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձեւ, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի` անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման: Իսկ անհարկի ասեկոսեների ու ընդգծված շահարկումների համար, թերեւս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Ա. Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը: Ինչեւէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Ա. Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու եւ լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ, սակայն, Գլխավոր դատախազության մոտ ասուլիս հրավիրած հացադուլավոր Հ. Սարգսյանն ասաց, որ իրենց առաջնորդին հիվանդանոց տեղափոխելը դեռեւս բավարար չէ, քանի որ «բժիշկների գործողությունները որոշակի կասկածներ են առաջացնում»: «Ժամը 11:30-ին Կարապետյանը բերվել է հիվանդանոց: Իրեն վերականգնողական կենտրոնում են պահել: Դրանից երկու ժամ հետո իրեն տեղափոխում են պալատ, որտեղ ինքն արդեն լինում է սենյակում` ԱԱԾ հսկողների ներկայությամբ, եւ այնտեղ իրենց նշանակած բժիշկը հայտարարել է, որ Կարապետյանի վիճակը կարծես թե լավանում է, եւ կարելի է իրեն մոտակա ժամանակում մեկուսարան վերադարձնել»,- դեպքերի հաջորդականությունը ներկայացրեց Հ. Սարգսյանը: Վերջինս երեկ նաեւ տեղեկացրեց, թե Ա. Կարապետյանի բժիշկ Արմեն Գասպարյանին «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել են մեկ ուրիշ հիվանդանոց, այլ աշխատանքի: «Ես կարծում եմ, որ Արմեն Գասպարյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը հեռացրել է աշխատանքից, նրան տեղափոխում են ուրիշ հիվանդանոց աշխատանքի,- ասաց Հ. Սարգսյանը` ավելացնելով,- Հիմա մեր տագնապի արմատները որտեղի՞ց են գալիս: Ա. Կարապետյանին շատ ինտենսիվ թերապիա են անում, որպեսզի նրա ճնշումը կարգավորեն, ցավոք սրտի` դա չի հաջողվում բժիշկներին: Նրա ճնշումը, ներքեւի սահմանը, որը ամենավտանգավորն է ինֆարկտի դեպքում, 110-ից չի իջնում, բայց այս պայմանում կարանագրաֆիա անելը, որ անհրաժեշտ է ընդհանուր սրտանոթային համակարգի վիճակը գնահատելու համար, երբեք չի կարելի, երբ ճնշումը շատ բարձր է, հատկապես ներքեւի սահմանը: Եթե պարոն Կարապետյանի վիճակը հանկարծ դեպի դրական չգնաց, չի կարելի այդ զննումն անել, թեկուզ դա իր առողջության համար է, դա կարող է իրեն վնաս բերել»:

Երեկ կեսօրին, սակայն, հացադուլ հայտարարած Հ. Սարգսյանն արդեն խնդիրներ է ունեցել իրավապահների հետ: Բանն այն է, որ մինչեւ երեկ ժամը 14:00-ի սահմանները նա անցկացրել է Գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող այգու նստարանին: Երեկ նրա ընկերներն այգում վրան են բացել, որպեսզի մի փոքր հանգստանան: «Դեռ չէինք հասցրել բացված վրանի մեջ տեղավորված Հ. Սարգսյանին բարձ տալ, որ մի քիչ պառկի, երբ ոստիկանները, այդ թվում՝ հատուկջոկատայինները, մոտեցան վրանին եւ Հ. Սարգսյանից պահանջեցին դուրս գալ վրանից եւ հավաքել այն»,- պատմում էին նրանք: Սակայն, Հ. Սարգսյանի ասելով, ինքը չի ենթարկվել այդ պահանջին, «քանի որ ոստիկանները որեւէ իրավական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել»: Դրանից հետո նրան այցելել են իրավապահները եւ Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի հրահանգով վրանը քանդել են: «Այդպես բռի ու վայրենի ձեւով վրանից ինձ դուրս հանեցին: Վրանը քաշքշելով քանդել են, ճղրտել են, ես՝ մեջը: Ինձ հարվածներ հասել է, ոտքիս, ձեռքիս: Վրանը տարան: Պետք է նշեմ, որ կանանց համառ պահանջով վերադարձրեցին միայն կոշիկներս: Իմ հացադուլին արդեն միացել են եւս 5-ը, եւ մենք այստեղից որեւէ տեղ չենք պատրաստվում գնալ: Ամենասկզբում իրենք ասում էին` դուրս եկեք, ես էլ պարոն գնդապետին առաջարկեցի ինձ համար պայմաններ ստեղծել: Ասացի` ես 24 ժամ նստարանին նստած եմ եղել, հայտարարել եմ հացադուլ, որն իմ իրավունքն է, ինքնակամ եմ դա արել, բայց նաեւ հանգստանալու իրավունքն էլ է իմ իրավունքը: Ասաց` ոնց ուզում եք՝ հանգստացեք, գնդապետն է ասում: Ես ասի` ուզում եմ վրանի մեջ հանգստանալ, որը բոլոր միջազգային նորմերով ընդունելի ձեւ է: Ասաց` չէ, չպիտի լինի վրանը, ես էլ ասեցի` պիտի լինի, ու մտա վրանի մեջ»,- պատմում էր Հ. Սարգսյանը: Ի դեպ, իրավապահների գործողություններից տուժել են նաեւ այնտեղ գտնվող կանայք: Ի նշան բողոքի, երեկ նրանք հայտարարեցին, որ նույնպես հացադուլի են նստում Դատախազության շենքի դիմաց:

Հ.Գ.
ՔՀԿ վարչությունը երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից մայիսի 16-ին Ա. Կարապետյանին տրված կլինիկական ախտորոշումը: «Սրտի իշեմիկ հիվանդություն, ստաբիլ ստենոկարդիա, ֆունկցիոնալ դաս III-IV, արյան շրջանառության անբավարարվածություն ֆունկցիոնալ դաս I: Զարկերակային հիպերտենզիա, հիպերտոնիկ կրիզ»: