Իշխանությունները դեռեւս չեն կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւի պահանջները: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ըստ որի՝ ընդդիմությունն ու հասարակությունը պետք է հետամուտ լինեն բանաձեւում առկա կետերի իրականացմանը:
«Պետք է օրինական միջոցներով հասնել նրան, որպեսզի մեր երկրում արդարություն հաստատվի, քաղբանտարկյալներն ազատվեն»,- ասաց նա` վստահեցնելով, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարել բոլոր օրինական միջոցներով: Նա համոզված է, որ «հետեւողական պայքարն արդյունքներ կտա»: ՀԺԿ նախագահ Ս. Դեմիրճյանը երեկ հակադարձեց նաեւ իշխանությունների այն պնդումներին, թե երկրում ստեղծված հետընտրական ճգնաժամն աստիճանաբար հաղթահարվում է: «Ճգնաժամը հաղթահարելու, երկխոսությունը սկսելու համար հարկավոր են կոնկրետ քայլեր: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել են ամիսներ, բայց երկրում ստեղծված վիճակը մնում է լարված, ճգնաժամը հաղթահարված չէ: Ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը անկախ, թափանցիկ, անաչառ հետաքննության անցկացումն է: Չիրականացվելու դեպքում` իրավիճակն ավելի խորանալու է: Պետք է պարզել` ով է հրահանգ տվել հրազեն օգտագործել, ուժ կիրառել, ամեն մի սպանության դեպք պետք է դառնա քննության առարկա: Մենք առայժմ չենք տեսնում օբյեկտիվություն: Պետք է քննության առնվեն նաեւ Ոստիկանության գործողությունները»,- ընդգծեց նա: Ս. Դեմիրճյանի դիտարկմամբ` մարտի 1-ը «կեղծ» ընտրությունների հետեւանք էր: «Ի՞նչ է` մինչեւ մարտի 1-ը ժողովուրդը որեւէ ուժ կիրառե՞լ էր, որեւէ պետական կառույցի վրա հարձակվե՞լ էր: ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների իր արդյունքները, սակայն ժողովուրդը որեւէ բռնության չգնաց: Իշխանությունները հայտարարում են, որ մարտի 1-ին ուժ կիրառվեց` ավելի մեծ վտանգ կանխելու համար, սակայն այդ ուժի կիրառումն արդարացված չէր: Մարտի 1-ը կեղծված ընտրությունների հետեւանքն էր: Երբեք հնարավոր չէ՝ այդքան մարդ հավաքվի մի վայրում, եթե մարդիկ վիրավորված չլինեն: Եթե ընտրությունները քիչ թե շատ նորմալ անցնեին, այդպիսի հանրահավաքներ չէին լինի»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` նկատելով, որ տեղի ունեցածը ոչ թե ընդդիմության, այլ` հասարակության պայքարն էր իր իրավունքների համար: «Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է առաջնորդեին այդ պայքարը»,- ասաց նա:
Անդրադառնալով այլեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մարտի 1-ին ուժ կիրառելու մասին տված բացատրությանը, թե` իշխանությունները փորձել են կանխել ավելի ծանր հետեւանքները, Ս. Դեմիրճյանը նկատեց. «Իսկ ո՞ր ծանր հետեւանքներն էին կանխում` իշխանությունը խաղաղ ճանապարհով կորցնելո՞ւ»: ՀԺԿ առաջնորդը նաեւ վստահ է, որ ընտրությունների արդյունքում երկրում ստեղծված ճգնաժամը պետք է հաղթահարվի համապետական նոր ընտրությունների անցկացումով միայն: Ըստ նրա` համայնքապետերի ընտրություններ անցկացնելու փոխարեն՝ ավելի լավ կլիներ, եթե իշխանություններն ընդունեին «Երեւանի մասին» օրենքը: «Չեն ընդունում, որովհետեւ վախենում են»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված «Ազգային կոնգրես» ստեղծելու առաջարկին, ապա Ս. Դեմիրճյանի կարծիքով` այդ հարցը պետք է մանրամասն քննարկվի: «Ուժերի միավորումը ողջունելի է: Մեկ կուսակցության ձեւավորման մասին շատ է խոսվել: Կողջունեք կուսակցությունների խոշորացումը, գաղափարական հենքի վրա կուսակցությունների միաձուլումը»,- հայտարարեց նա` միաժամանակ հավելելով, որ ՀԺԿ-ի օրակարգում դեռեւս նման հարց չկա: Ս. Դեմիրճյանի խոսքերով` նման հարցերում հապճեպ որոշումներ ընդունել պետք չէ, քանի որ «նման միավորումները պետք է լինեն կշռադատված»: Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտությանը, Ս. Դեմիրճյանը նշեց, որ դա պահանջում է կոնկրետ քայլեր, այսինքն` ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւի պահանջների իրագործում, որի համար ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է տարբեր գերատեսչությունները ներառող աշխատանքային խումբ: «Իսկ ընդդիմության կողմից կոնկրետ քայլերը նշանակում են` հետեւել, որ իշխանությունը կատարի ԵԽ ԽՎ պահանջները, մասնակցել քաղաքական գործընթացներին»,- ասաց ՀԺԿ նախագահը` հույս հայտնելով, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչներին տրվող եթերը ժամանակավոր չի լինի: