Գրաքննություն Վանաձորում

13/05/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Ժամանակ առ ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան հաղորդումները,
որոնք Վանաձորում հեռարձակվում են նաեւ լարային ռադիոցանցով, եթեր չեն
տրվում: Այդ ժամին ռադիոցանցում «խաղաղ դադարներ» են լինում՝ միալար
բզզոցի տեսքով: Հերթական դադարները ապրիլի 29-30-ին էին եւ մայիսի 2-ին:
Հակված ենք կարծելու, թե այս անգամ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ
«Ազատություն» ռադիոկայանի ապրիլի 28-ի մամուլի տեսությունն ուշադրություն
հրավիրեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նախատեսվող ՏԻՄ ընտրությունների
վերաբերյալ մի հրապարակման վրա, որտեղ քննադատություն էր հնչել մարզային
իշխանությունների ուղղությամբ, ուստի վերջիններս սկսել էին զգուշանալ
հետագա հնարավոր հարձակումներից եւ դրանք ժողովրդի ականջին հասցնելուց:
Ահա թե ինչու, երբ Վանաձորում «Ազատությունը» չի հեռարձակվում երեկոյան
ժամերին, մարդիկ կասկածում են, թե «Չլինի՞ առավոտյան հաղորդման ժամանակ մի
վատ բան էր հնչել, դրա համար անջատել են»: (Այս ամենը համարժեք է այն
թերթերը հավաքելուն, որոնցում մի որեւէ պաշտոնյայի «թանին թթու ասող»
հոդված է լինում. օրինակ՝ «168 ժամ»-ի ապրիլի 14-ի համարի առեղծվածային
անհետացումը Վանաձորի կրպակներից՝ դեռ վաղ առավոտից: Իսկ թերթի այդ
համարում ոչ թե մեկ, այլ մի քանի նշանավոր պաշտոնյաների դեմ տպագրված
հոդվածներ կային, եւ այդպես էլ անհայտ մնաց, թե հատկապես ո՞ր հոդվածի
պատճառով այն չհասավ վանաձորյան ընթերցողներին):
Երբեմն էլ լարային ռադիոյով չեն հեռարձակվում ԱԺ նիստերը կամ ընդհատվում
են այն պահից, երբ ելույթ է ունենում տեղական իշխանությունների համար ոչ
հաճո պատգամավոր, որի ելույթը կարող է այդ իշխանությունների շահերին
հակասել: Այսպես, մայիսի 3-ին ընդհատվեց «Ժողպատգամավոր» խմբակցության
անդամ Վահրամ Բաղդասարյանի ելույթը, որը վերաբերում էր մարդու
իրավունքների խախտումներին, դատարանների վճիռները չկատարելուն եւ այդ
հարցում օմբուդսմենի պասիվ աշխատանքին: Հեռարձակումը վերականգնվեց
միայն… երբ արդեն խոսում էր ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (իսկ
տեղական իշխանություններն ընդհանրապես Լոռուց ընտրված պատգամավոր Վ.
Բաղդասարյանի ելույթներից զգուշանալու հիմքեր ունեն, քանի որ այդ առումով
նրանց «տառապանքը փորձ ունի»):
Ի դեպ, նախկինում Հանրային ռադիոյի ենթակայության տակ գտնվող վանաձորյան
ռադիոհաղորդումներն էլ, արդեն 3 տարի է, գտնվում են տեղական
իշխանությունների հովանու ներքո, քանի որ Հանրային ռադիոն ձեռքերը լվաց
շաբաթական 5 օր կես ժամանոց ռադիոհաղորդումները ֆինանսավորելուց:
Արդյունքում՝ տեղական ռադիոլրատվությունը, բնականաբար, չի կարող
չուղղորդվել տեղական իշխանությունների կողմից կամ չհամապատասխանեցվել
նրանց շահերին: Նշենք, որ լարային ռադիոն Վանաձորում ունի ամենամեծ
լսարանը, որից օգտվում են հասարակության լայն շերտերը՝ ի դեմս «ԱրմենՏելի»
բաժանորդների, քանի որ այս ցանցի ծառայությունները բնակչությանը
մատուցվում են «ԱրմենՏելի» կողմից՝ ամսական 100 դրամ վճարով: Այսպիսով,
այն տեղեկատվություն ստանալու ամենամատչելի աղբյուր է սոցիալապես անապահով
խավերի համար: