Պառլամենտարիզմից մինչեւ «դակիչիզմ»

18/05/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Պառլամենտ» հասկացությունն ի հայտ է եկել որպես ետճաշյա զրույց, երբ թագավորները ճաշից հետո սովորաբար զրուցել են իրենց խորհրդականների հետ: Այս մասին երեկ հիշեցրեց Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը՝ Մամուլի ազգային ակումբում, ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում պառլամենտարիզմի վիճակին։

Ա. Սահակյանը պատմական այս էքսկուրսը կատարեց՝ համեմատելով մեր ներկայիս խորհրդարանի հետ. «Դատարկ դահլիճը, քննարկումների բացակայությունը, մի քանի նիստերում տասնյակ օրինագծերի ընդունումը ցույց է տալիս, որ մեզ մոտ քաղաքական հրապարակայնությունը վերացած է, կամ փնտրված, պահանջված արժեք չէ»։ Նա նշեց, որ 1990-ականներին այսպիսի վիճակ չէր. Գերագույն խորհուրդն արտահայտում էր հասարակական ողջ սպեկտրը՝ ռուսամետներ, արեւմտամետներ, ազատականներ, պահպանողականներ եւ այլն։ Ըստ Ա. Սահակյանի, խորհրդարանը քաղաքական իմաստով դեռ խմորման մեջ էր, սակայն ներկայացուցչական իմաստով՝ կատարյալ էր։ Այսօր այդպես չէ, եւ դրա վառ օրինակն այն է, որ ունենք արտախորհրդարանական ուժեղ ընդդիմություն։ «Այսինքն նոնսենս է: Բանավեճը պետք է տեղափոխվեր խորհրդարան: Խորհրդարանը հենց նրա համար է, որպեսզի հեղափոխություններ չլինեն: Եվրոպային, հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, խորհրդարանները փրկեցին հեղափոխությունից, որովհետեւ նրանք ստեղծեցին կայուն պառլամենտներ: Մեր երկրում անկայունության պատճառներից մեկը եւ հեղափոխության սպառնալիքը կայանում է նրանում, որ հասարակության զգալի մասի տրամադրություններն արտահայտող քաղաքական ուժերը գտնվում են խորհրդարանից դուրս: Հետեւաբար՝ բանավեճը տեղի է ունենում փողոցում, փողոցին բնորոշ մեթոդներով»,- ասաց Ա. Սահակյանը: ԱԺ նախկին փոխնախագահը դրա մեղավորը համարում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ 1998 թվականից ի վեր նա հետեւողականորեն այլասերեց, փոշիացրեց քաղաքական դաշտը, տրոհեց կուսակցությունները, ինչը հանգեցրեց նաեւ ԱԺ-ի թուլացմանը՝ որպես քաղաքական ինստիտուտ։ Արդյունքում՝ պետությունը սկսեց ապավինել ոչ թե քաղաքական, այլ ուժային կառույցներին: «Այնտեղ, որտեղ չկա քաղաքական համակարգ, քաղաքական համակարգի հիմքը կուսակցությունները չեն, այսինքն՝ կուսակցությունները չեն ձեւավորում խորհրդարանը, պետությունն իր գոյության համար փնտրում է հենարան, եւ այդ հենարանը միշտ էլ լինում են ուժային կառույցները` Բանակ, Ոստիկանություն, Հատուկ ծառայություններ, ինչպես նաեւ՝ որոշ ավազակային խմբեր, բանդաներ»,- ասաց նա։ Քննարկմանը ներկա միակ իշխանական ուժի` ներկայացուցիչ խորհրդարանականը՝ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, բնականաբար, հակադարձեց Ա. Սահակյանին՝ առաջին հերթին նշելով, որ թույլ խորհրդարանի պատճառները գալիս են դեռ 1995թ. ընդունված սահմանադրությունից, որն ԱԺ-ին շատ քիչ լիազորություններով էր օժտում։

Սահմանադրության փոփոխություններից հետո, ըստ Ա. Աշոտյանի, վիճակը շտկելու օբյեկտիվ նախադրյալներ կան։ «Երկրի նախագահը այլեւս գործադիրի ղեկավար չէ, եւ սա բավականին հեշտացնում է ապագայում օրենսդիր մարմնի դերակատարությունը գործադիր մարմնի դեմ, այսպես ասած, լուռ պայքարում»։ Պատգամավորը մի շարք այլ դիտարկումներ էլ արեց, օրինակ՝ խորհրդարանը վայելում է հասարակության ընդամենը 25% վստահությունը, օրենսդրական նախաձեռնությունների 90%-ի հեղինակը կառավարությունն է, սակայն այդ պատկերը ոչ միայն Հայաստանում է, այլ ողջ աշխարհում՝ անգամ արեւմտաեվրոպական զարգացած երկրներում։

Ա. Աշոտյանի արտահայտած մտքերի հետ համաձայն չէին քննարկման մյուս մասնակիցները՝ այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Ի դեպ, այնպես էր ստացվել, որ Ա. Աշոտյանը ստիպված էր միայնակ «դիմակայել» մի քանի ընդդիմադիր գործիչների։ Նա մի պահ կարծես նեղվեց՝ կեսկատակ-կեսլուրջ նկատելով՝ «ես մենակ եմ, դուք շատ»։ «Ի՞նչ անենք, իրականությունն է այդպիսին»,- արձագանքեց Գ. Հարությունյանը։ Վերջինս հեգնեց` ասելով, թե շատ ուրախալի կլիներ, որ Հայաստանի ներկայիս խորհրդարանը, որը ձեւավորվել է նկարված ընտրության միջոցով, վայելի հասարակության վստահության գոնե 25 տոկոսը: Գ. Հարությունյանը նաեւ սխալ համարեց այն, երբ Հայաստանում փորձում են բոլոր խնդիրները արդարացնել համաշխարհային գործընթացներով: «Ներկայացվեց, որ պառլամենտարիզմի համաշխարհային ճգնաժամ գոյություն ունի, ինչպես գոյություն ունի գների ճգնաժամ, համաշխարհային թանկացում, որտեղ, ենթադրենք, 3%, 5%, 7% թանկանում է, իսկ մեզ մոտ դառնում է 100%: Սա տիպիկ օրինակ է»:

Իսկ մեր խորհրդարանի բնույթը հասկանալու համար Գ. Հարությունյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել պատգամավորների պահվածքին՝ չորեքշաբթի օրերին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ. «Պետք է տեսնել, թե ինչպես են պատգամավորները քծնում նախարարներին՝ իրենց բիզնեսների հարցերը կարգավորելու համար»: Ա. Աշոտյանն էլ նկատեց, որ նախարարներին քծնում էին նաեւ ընդդիմադիր շատ պատգամավորներ։ Ինչ վերաբերում է ընդդիմության՝ խորհրդարանում ներկայացված չլինելու փաստին, ապա, ըստ Ա. Աշոտյանի, դրա մեղավորը ոչ թե իշխանություններն են, այլ՝ ընդդիմադիր կուսակցությունների սխալ մարտավարությունը, որոնք 2007թ. միասնական ցուցակով հանդես չեկան եւ փոշիացրին ձայները։ «Մենք չկարողացանք հաղթահարել ոչ թե քաղաքական արգելքները, այլ՝ կրիմինալ արգելքները»,- հակադարձեց քննարկման մասնակից Հրանտ Խաչատրյանը։ Իսկ ԳԽ նախկին պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանն ընդհանրապես ավելորդ համարեց նման խորհրդարանի առկայությունը, քանի որ այն ոչ մի էական դերակատարություն չունի, կառավարության ներկայացրած օրինագծերը որակական փոփոխությունների չեն ենթարկվում, եւ դրանք միանգամից կարելի է ներկայացնել նախագահի վավերացմանը: Դրա լավագույն վկայությունը, ըստ Վ. Շիրխանյանի, խորհրդարանի վերաբերմունքն է մարտի 1-ի դեպքերին եւ դրան հաջորդած իրադարձություններին։ «Արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով, որը ՀՀ-ն չունի, եւ չեղած օրենքով բանակը կիրառվեց ժողովրդի դեմ, մարտական փամփուշտներ կիրառվեց հայ մարդու դեմ։ Սա չեղած, արտառոց բան էր, եւ այստեղ խորհրդարանը ոչ միայն մեղքի բաժին ունի, այլեւ հանցակից է»,- ասաց Վ. Շիրխանյանը: