Հասարակությունն՝ էպիզոդներում

18/05/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ էր կարեւորվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամ, վատթարագույն դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դեմառդեմ հանդիպման անհրաժեշտությունը: Թե՛ Տեր-Պետրոսյանը եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չեն թաքցրել, որ միմյանց չեն ախորժում, ավելին` մեկն ակնհայտորեն տհաճություն է զգում մյուսին մտաբերելիս եւ իր զգացողություններն արտահայտում է բարձրաձայն: Այս մարդկանց ստատուսը, սակայն, թույլ չի տալիս նրանց ընկալել սոսկ որպես միմյանց տանել չկարողացող հայերի: Նրանք եղել են Հայաստանի Հանրապետության զինանշանին, հիմնին, դրոշին հավասար խորհրդանիշ, ի տես ողջ աշխարհի` պատասխանատվություն են ստանձնել երկրի, հասարակության անվտանգության համար: Այսինքն` ելնելով իրենց կարգավիճակից` նրանց անձնական փոխհարաբերությունները երբեւէ չպետք է լինեին այնքան անթաքույց թշնամական, որ վերաճեին անհարգալից վերաբերմունքի արդեն հասարակության հանդեպ:

Մեր երկրի նախագահները չեն խնայում միմյանց` ընդ որում, մեկը մյուսին մեղադրանքների շարան ներկայացնելիս գերադասում է լինել նրանից առնվազն մի քանի մղոն հեռավորության վրա, այսինքն` առանց մյուսին արագ արձագանքի հնարավորություն տալու: Նման դեպքում հասարակությունը հայտնվում է այն մարդու վիճակում, ով երեխայի հետ օրը ցերեկով զբոսնելիս` այգում հանդիպում է միմյանց հայհոյող տղամարդկանց ու այդ տեսարանից, այդ մարդկանց փոխարեն ինքն է սկսում ամաչել իր երեխայից: Եթե Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը երկրորդին, ապա եւ՝ երրորդին մեղադրում է բավական ծանրակշիռ հանցանքներում` նրանցից ստանալով նույնանման ծանրության մեղադրանքներ, եւ, եթե այդ մեղադրանքները մնում են օդում` առանց իրավական հետեւանքների, այդպիսով անհասկանալի վիճակում է հայտնվում ընտրությունից ընտրություն զարմացած ու հուսահատված հասարակությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց հետեւություններ, որոնք արվել են մարտի մեկի իրադարձություններից հետո: Ըստ այդմ` իշխանությունները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը եւ հետո արդեն՝ Սերժ Սարգսյանը, կրում են կատարվածի ողջ պատասխանատվությունը: Դրան հետեւեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, ուր ներկայացվում է լրիվ այլ պատկեր: Սերժ Սարգսյանն այս ընթացքում նախընտրում է լռությունը, թերեւս, մտածելով, թե այն այս դեպքում ընկալվում է որպես իմաստության նշան: Ընդ որում, առաջին եւ երկրորդ նախագահները միմյանց մեղադրում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է երկարամյա մենություն:

Հասկանալի է, որ բնության մեջ հանդիպում են մարդիկ, ովքեր դեպքերի բերումով միմյանց հետ շփվելիս` ավելի լավ են ճանաչում իրար եւ սկսում են տհաճություն զգալ միմյանցից: Նրանք այնպես են ատում միմյանց, որ չեն պատկերացնում մեկը մյուսին նույն տարածության մեջ:

Սակայն, թող որ, կրկնում ենք, միմյանց հանդեպ այդ քամահրական վերաբերմունքը հասարակությանը պարտադրելը՝ երբ մեղադրանքները սոսկ բանավոր են եւ անհետեւանք նրանց առողջության եւ երջանկության համար, ավելի շուտ ցուցադրում է երկու, եթե կուզեք` երեք նախագահների անհարգալից վերաբերմունքը հասարակության հանդեպ: Հասարակությունն այդպես էլ մինչեւ վերջ չհասկացավ` ի վերջո` ո՞վ է ճիշտ, ո՞ւմ հավատա: Մարտի մեկին տասը մարդ զոհվեց: Հարցին, թե ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը դուրս չեկավ տանից, երկու կողմն էլ տալիս է միմյանցից լրիվ տարբերվող հիմնավորում: Իսկ հասարակությունն ունի միայն այն հարցերի պատասխանները, որոնք կախված չեն եւ ոչ մի նախագահի ներկայությունից: Հասարակությունը գիտի, որ իր աչքի առաջ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները, իր ներկայությամբ մարտի մեկի առավոտյան Օպերայի հրապարակում Ոստիկանությունը հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, կան զոհեր: Գիտի, որ բազմաթիվ անմեղ մարդիկ այսօր մեկուսարաններում են կամ հետախուզման մեջ: Սա այն, կարելի է ասել, հարյուրտոկոսանոց ճշգրտության լրատվությունն է, որն ունի ժողովուրդը, քանի որ դեպքերի մասնակիցն ու ականատեսը եղել է անձամբ:

Իսկ այն տեղեկատվությունը, որ հրապարակվում է երկրի երբեմնի եւ ներկա բարձրաստիճան ղեկավարների կողմից, դրանց իրարամերժ լինելը՝ ստիպում է մարդկանց լարվել: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, հասկանալի է, որեւէ հիմք չունեն հավատալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անմիջականությանն ու անկեղծությանը: Նույն ձեւով արդեն Տեր-Պետրոսյանին չհամակրող մարդիկ կարող են բազում հիմնավորումներ ներկայացնել` ՀՀ Առաջին նախագահին չվստահելու մոտիվներով: Ստացվում է այնպես, որ նախկին նախագահները միմյանց մասին ասում են այն, ինչ ուզում են` առանց պատասխանատվություն կրելու հասարակության առաջ: Այսինքն` եթե, ըստ տրամաբանության, նրանցից առնվազն մեկը ճիշտ է ասում, հետեւաբար՝ մյուսը ստում է: Խոշոր իմաստով, հասարակության կարծիքը կարեւորություն չի ներկայացնում քաղաքական գործիչների համար, եթե հասարակությունը տվյալ փուլում դուրս է ընտրազանգվածի կարգավիճակից:

Այդպես իրեն վստահող եւ հավատացող հարյուր-հազարավոր մարդկանց կարծիքը ստորադասելով բացառապես մեկ հոգու կարծիքին` ընտրություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Արթուր Բաղդասարյանը: Այսինքն, հասարակության դերը (դա հասկանում է նաեւ Արթուր Բաղդասարյանը) մեր երկրում այնքան նվազեցված է, որ այդ նույն հասարակության կարծիքը գրոշ չարժե նախագահի անմիջական հարեւանությամբ կանգնելու եւ այդ մտքից հայացքն ամոթխածորեն գետնին հառելու հաճույքի դիմաց:

Ժամանակը ցույց է տալիս, որ ակնկալիքը, թե պետք է կայանա քաղաքական երկխոսություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հաջորդ նախագահների միջեւ, իրեն չի արդարացնում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ եւ թե՛ հատկապես երրորդ նախագահը խնդիր ունեն երկխոսելու հասարակության հետ: Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ միմյանց հրապարակայնորեն վարկաբեկող նախագահներն իրենց մեղադրանքները հիմնավորեն հասարակությա՛ն առաջ եւ միմյանց ներկայությամբ:

Հակառակ դեպքում՝ գերադասելի է նրանց լռությունը: