Ընդդեմ պաշտպանի

18/05/2008

«Ազատության» հրապարակում մարտի 1-ի միջոցառումը ՀՀ Պետական պահպանության ծառայության կողմից չի իրականացվել, եւ ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանն այն չի ղեկավարել»,- ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանի` ընտրական եւ հետընտրական զարգացումներին նվիրված արտահերթ զեկույցի այն հարցադրմանը, թե ինչով էր պայմանավորված ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի մասնակցությունն «Ազատության» հրապարակում մարտի 1-ի առավոտյան անցկացված միջոցառմանը, «Արմենպրեսին» փոխանցել են ՀՀ Պետական պահպանության ծառայությունից (ՊՊԾ): Արձագանքելով պաշտպանի զեկույցի այն հարցադրմանը, թե` արդյո՞ք Գ. Սարկիսյանն է ղեկավարել այդ միջոցառումը, եւ ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը հետագայում ծառայության կողմից ենթարկվել «տնային կալանքի», ՊՊԾ-ից պատասխանել են, որ նման գործողությունների իրականացումը չի մտնում ՀՀ Պետական պահպանության ծառայության գործառույթների մեջ: Միաժամանակ, նրանք նշել են, որ Գ. Սարկիսյանը ներկա է գտնվել դեպքի վայրում, քանի որ, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի` ՀՀ պաշտոնաթող նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանդիսանում է պետական պահպանության «օբյեկտ», իսկ նշված օրն «Ազատության» հրապարակում բախում էր տեղի ունենում Ոստիկանության ուժերի եւ ապօրինի հանրահավաքի մասնակիցների միջեւ, ինչը կարող էր վտանգել Տեր-Պետրոսյանի անվտանգությունը: «ՊՊԾ պետի լիազորությունների եւ պարտականությունների մեջ է մտնում ծառայության գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, եւ նա է պատասխանատու ծառայության առջեւ դրված խնդիրների իրականացման համար»,- ասել են ՊՊԾ-ում` նշելով, որ մարտի 1-ի առավոտյան ՀՀ Պետական պահպանության ծառայությունը գնահատելով օպերատիվ իրավիճակը եւ կատարելով օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին «տարհանել է հրապարակային միջոցառման վայրում անվտանգ գոտի, ապա ուղեկցել իր կեցավայր` ապահովելով նրա անվտանգությունը»: «Լ. Տեր-Պետրոսյանին «տնային կալանքի» տակ պահելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ-ում նման իրավական ռեժիմ գոյություն չունի: «Ազատության» հրապարակից իր կեցավայր ուղեկցելուց հետո ՊՊԾ ծառայողների կողմից նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը չի սահմանափակվել: Միեւնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահվել այն մասին, որ ՀՀ Պետական պահպանության ծառայության ծառայողները չեն ուղեկցելու իրեն ապօրինի միջոցառումների»: Պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցին անդրադառնալով, ծառայությունում նաեւ ասել են. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող էր պաշտոնապես դիմել ՀՀ Պետական պահպանության ծառայությանը եւ ստանալ սպառիչ պատասխաններ` այնուհետ զետեղելով դրանք զեկույցում: Ցավոք, փոխարենը մարդու իրավունքների պաշտպանը նախընտրել է առանց համապատասխան ուսումնասիրության հանդես գալ չճշտված տեղեկություններով եւ որոշակի ենթատեքստ պարունակող հարցադրումներով, ինչը, մեր համոզմամբ, հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու պաշտոնը զբաղեցնող անձին»: