Ծաղիկներ. աճեցնողներ եւ վերավաճառողներ

18/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում այսօր բավական զարգացած է ծաղկի բիզնեսը: Այն, կարելի է ասել, բիզնեսի ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է: Վերջին շրջանում Հայաստանում ավելի են շատացել ծաղիկներ աճեցնելու համար նախատեսված ջերմոցները, ինչի արդյունքում շուկայում գերակշռում են տեղական ծաղիկները:

Վաճառվող ծաղիկների բավականին փոքր մասն է ներկրվում արտասահմանից: Դրանք էլ, հիմնականում, վաճառվում են ծաղկի հայտնի սրահներում` բավական թանկ գներով: Ի դեպ, հաճախ վաճառքում հանդիպող, այսպես կոչված, արտասահմանյան ծաղիկները, օրինակ` նույն հոլանդական վարդը, աճեցվում է հենց Հայաստանում, սակայն վաճառվում է ավելի թանկ գներով` արտասահմանյանի անվան տակ: Իսկ վերջին շրջանում տեղի ունեցած համատարած թանկացումներից ծաղիկները կարծես թե զերծ են մնացել: Այս ոլորտի ներկայացուցիչների հավաստմամբ, սակայն, շուտով կթանկանան նաեւ արտասահմանից ներկրվող ծաղիկները, ինչը նրանք կապում են վառելիքի եւ ավիատոմսերի թանկացման հետ:

Փորձեցինք ավելի մանրամասն պարզել, թե ինչպիսի՞ն է ծաղկի բիզնեսը Հայաստանում, մոտավորապես որքա՞ն է ծաղիկների ինքնարժեքը, ի՞նչ գին ունեն դրանք վերավաճառքի ժամանակ, եւ այլն: Այսպիսով, Հայաստանում բավականին շատացել են հատուկ ծաղիկներ աճեցնելու համար նախատեսված ջերմոցները: Դրանք հիմնականում գտնվում են Արարատյան դաշտավայրում` Էջմիածնում, Արտաշատում, Արարատում եւ այլուր: Հատուկ սարքավորումների միջոցով ապահովված անհրաժեշտ ջերմաստիճանի շնորհիվ ծաղիկներ աճեցվում են ամբողջ տարի: Իհարկե, կան ծաղիկներ, որոնք, այնուամենայնիվ, աճում են նաեւ Հայաստանում` կախված եղանակից: Նմանատիպ ջերմոցներից մեկի համասեփականատեր է 43-ամյա Արմեն Սարգսյանը: Վերջինը հավաստիացնում է, որ ամենալավ վաճառվող ու հետեւաբար` ամենաձեռնտու ծաղկի տեսակներն են վարդն ու մեխակը: Ա. Սարգսյանը նշում է, որ իրենք ջերմոցի առանձին մի հատվածում աճեցնում են նաեւ ծաղկեփնջերի համար հատուկ նախատեսված ամենատարբեր տեսակի տերեւներ: Թեեւ իրենց ջերմոցում աճեցնում են նաեւ այլ ծաղիկներ, սակայն, Ա. Սարգսյանի խոսքերով` իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ` շուկայում այսօր ամենալավը վաճառվում են հենց մեխակն ու վարդը: «Ծաղիկներն ամեն օր, ավելի ճիշտ` ամեն գիշեր, կտրում ենք ու տանում այսպես կոչված` ծաղկի «բիրիքանոց»: Մոտավորապես առավոտվա ժամը 6-7-ը մեծ ֆուրգոններով այնտեղ տոննաներով ծաղիկ ենք տանում ու հանձնում վերավաճառողներին` թե՛ ծաղկի սրահների ներկայացուցիչներին, թե՛ հատավաճառներին: Ծաղիկների միջին արժեքը կախված է նրանից, թե միանգամից որքան են գնում: Օրինակ, մեկ վարդի արժեքը 1000 հատ գնելու դեպքում 50-60 դրամ է, 2000 հատի դեպքում` հատը 45 դրամ: Եթե միանգամից 5000 հատ են գնում, հատը նույնիսկ 30 դրամով ենք տալիս»: Ա. Սարգսյանի հավաստմամբ` այս գները հիմնականում վերաբերում են սովորական` կարմիր, դեղին կամ սպիտակ վարդերին: Իսկ ահա հատուկ տեխնոլոգիաներով ստացված վարդերն ավելի թանկ արժեն, ինչպես, օրինակ, հաճախ հանդիպող մանուշակագույն, անգամ` կապտավուն վարդերը: Գրեթե նույն գներն են մեխակների դեպքում: Շատ ավելի էժան են ծաղկեփնջերում օգտագործվող տերեւները, որոնք, սակայն, հիմնականում նույնպես հատով են վաճառվում: Ա. Սարգսյանի խոսքերով` վերավաճառողներն իրենցից գնած ծաղիկները վաճառում են երկու անգամ ավելի թանկ գներով: Գաղտնիք չէ, որ տոնական օրերի` Մարտի 8, Ապրիլի 7 եւ այլն, նախօրեին կտրուկ աճում են ծաղիկների գները: Այս դեպքում, սակայն, ավելի շատ օգտվում են վերավաճառողները, քան ջերմոցների տերերը, քանի որ հենց վերավաճառողներն են այս օրերին բարձրացնում ծաղիկների գները: Բացի թանկարժեք ու հայտնի ծաղկի սրահներից` ծաղիկները հատկապես թանկ արժեն, երբ դրանք վաճառվում են գերեզմանատների մոտակայքում: Այստեղ, ծաղկավաճառների հավաստմամբ, ավելի լավ վաճառվում են մեխակները: Մեկ մեխակը եթե այլ սրահում կարող էր արժենալ 50-60 դրամ, ապա գերեզմանատների մերձակայքում գտնվող վաճառակետերում դրա արժեքը կազմում է 100-120 դրամ: Իսկ այն օրերին, երբ մարդիկ ավելի շատ են այցելում գերեզմաններ` Սուրբ Զատկի օրը, Սուրբ Խաչի եւ այլն, մեկ մեխակի արժեքը հաճախ հասնում է 200-250 դրամի: Հարկ է նշել նաեւ, որ ծաղկի գները տարբեր են` կախված այն բանից, թե որ թաղամասում է գտնվում տվյալ ծաղկի սրահը: Սովորաբար քաղաքի կենտրոնում գտնվող սրահներում մեկ ծաղկեփնջի միջին արժեքը մոտավորապես 5000 դրամ է: Սակայն գրեթե նույն կարգի ծաղկեփունջն ավելի ծայրամասում գտնվող ծաղկի սրահից կարելի է ձեռք բերել մոտավորապես 3000 դրամով: Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող ծաղկի սրահներից մեկի վաճառողուհի Արփինեն պատմում է, որ վաղուց է սկսել ուսումնասիրել ծաղիկների տարբեր տեսակները: Ծաղկի ձեւավորման հատուկ դասընթացներ ավարտելուց հետո նա շուրջ երեք տարի աշխատում է ծաղկի սրահում: Ծաղկեփնջեր է ձեւավորում, ապա` վաճառում դրանք: Նրա խոսքերով` իրենց սրահի հիմնական հաճախորդներն արդեն ձեւավորվել են, սակայն պատահական հաճախորդներ էլ են ունենում: Արփինեն հավաստիացնում է, որ այսօր հաճախորդները հիմնականում նախընտրում են Հայաստանում աճող ծաղիկները. «Այսօր գնորդները նախընտրում են վարդեր ու շուշաններ: Եթե նախկինում ավելի մոդայիկ էին, օրինակ, հոլանդական վարդերը, գլադիոլուսները եւ այլն, ապա այսօր դաշտային ծաղիկներից կազմված մի ծաղկեփունջն ավելի է աչք շոյում: Հետո` հետաքրքիր միտում է նկատվում: Նախկինում գրեթե բոլոր հաճախորդները զամբյուղով ծաղիկներ էին գնում: Այսօր սովորական թղթով փաթաթված վարդերը նրանց ավելի են գրավում: Քիչ են վաճառվում մեխակներն ու կալաները: Դա էլ, իմ կարծիքով, նրանից է, որ այդ ծաղիկները, չգիտես ինչու, սկսել են համարվել, այսպես ասած, մահվան խորհրդանիշ: Մարդիկ եթե ուրախ առիթով են մի տեղ գնում, վարդեր են վերցնում, եթե տխուր` մեխակներ կամ կալաներ»: Իրենց ծաղկի սրահում, Արփինեի հավաստմամբ` վերջերս շատացել են նաեւ այն ծաղիկները, որոնք վաճառվում են հողի հետ միասին. «Տարաների մեջ լցրած հողում աճող ծաղիկները կամ զանազան բույսերը նույնպես գրավում են մարդկանց: Սրանք, իհարկե, ավելի թանկ արժեն, քանի որ նախ` տարան էլ արժեք ունի, հետո` հատուկ խնամք է պահանջում: Օրինակ, նմանատիպ բույսեր ունենք, որոնցից մեկի արժեքը 50.000 դրամ է: Իհարկե, ի տարբերություն մյուս ծաղիկների` սրանք տարիներով մնում են, իհարկե` ճիշտ խնամքի դեպքում»: Արփինեի խոսքերով` իրենց սրահի ամենաէժան ծաղկեփունջն արժե 1500 դրամ: Այն, հիմնականում, բաղկացած է մեկ ծաղկից ու տարբեր բույսերից: «Շատ գեղեցիկ կոմպոզիցիաներ ունենք, որոնք ընդամենը 1500-2000 դրամ արժեն: Այն կարող է մեկ ծաղկից բաղկացած լինել, սակայն հատուկ բաժակի մեջ եմ ձեւավորում, որն արդեն ինքնին բավականին արժեք ունի: Ընդհանրապես, ես չեմ գտնում, որ այսօր մեր շուկայում ծաղիկները թանկ գներով են վաճառվում: Հաշվի առեք նաեւ այն փաստը, թե որքան ծաղիկներ չեն վաճառվում ու մնում-փչանում են: Ճիշտ է, հատուկ նախատեսված սառնարաններում ենք պահում, բայց, միեւնույն է` փչանում են: Այդ դեպքում չենք կարող հետ ուղարկել ջերմոցներ, չէ՞ որ նրանց մեղքով չեն փչացել դրանք»,- ասում է Արփինեն` ավելացնելով, որ այսօր երիտասարդների մեջ ռոմանտիկան վերացել է: Ծաղիկներ գնում են կամ առիթների դեպքում, կամ էլ՝ երբ նոր ծանոթանում են որեւէ աղջկա հետ։ «Արդեն մի քանի տարի ամուսնացած տղամարդկանցից շատ քչերի մտքով է անցնում գոնե ամիսը մեկ անգամ իրենց կանանց ծաղկեփունջ նվիրել: Չէ՞ որ այնքան հաճելի է ծաղիկ ստանալը: Ինքս թեեւ ամեն օր ծաղիկների հետ եմ առնչվում, սակայն երբեք չեմ հոգնում դրանցից»,- հավաստիացնում է Արփինեն: Իսկ այն փաստը, որ որոշ առիթների դեպքում ծաղիկների գները կտրուկ աճում են, Արփինեն բնական է համարում: Նրա խոսքերով` այսպիսով ինչ-որ իմաստով փոխհատուցվում են կորուստները։ «Նախ` այդ օրերին ծաղիկների գներն այնքան չեն բարձրանում, ինչպես ասում են մարդիկ: Եթե նրանց լսես, ապա, օրինակ, մարտի 8-ին ծաղիկները կրկնակի կամ եռակի թանկանում են: Մինչդեռ դա այդպես չէ: Եթե տղամարդիկ ավելի հաճախ ծաղիկներ նվիրեն իրենց սիրելի կանանց, կհասկանան, որ այդ օրերի թանկացումները շատ աննշան են»,- ասում է Արփինեն: Նշենք, սակայն, որ ծաղիկների գները տոնական օրերին հատկապես թանկանում են Երեւանի կենտրոնում տեղակայված խանութներում եւ փողոցային վաճառակետերում: Ընդ որում, մարդիկ այլեւս խուսափում են փաթեթավորված ծաղկեփնջեր գնել, քանի որ դրանցում հիմնականում գերիշխում են տերեւները, փաթեթավորման թղթերը, քան ծաղիկները:

Հ.Գ. Մեր հաջորդ հրապարակման մեջ մենք կփորձենք ներկայացնել ծաղիկների բիզնեսի ընդհանուր շուկայի նկարագիրը, այսինքն՝ այն, թե մոտավորապես ինչ գումարներ են շրջանառվում այս բիզնեսում։ Այդ թվում` դրսից ներկրվող տնային եւ գրասենյակային պայմանների համար նախատեսված (հողով) բույսերի շուկայում: