Վարդենիս՝ քայքայված մարմին

13/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Վարդենիսի հիմնախնդիրներից առաջնայինը քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը համարում
է ճանապարհների եւ քաղաքի կոյուղագծի խնդիրը: «Դրանք գլոբալ հիմնախնդիրներ
են, որոնք տարածաշրջանի հետ առնչություն ունեն»,- ասում է պրն Խլոյանը:
Անմխիթար վիճակում են ոչ միայն Վարդենիսի միջհամայնքային ճանապարհներն ու
փողոցները, այլեւ Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ ճանապարհահատվածը: Իսկ
Ղարաբաղ-Վարդենիս-Ճամբարակ ճանապարհի կառուցումն ուղղակի կնպաստի քաղաքի
բնականոն զարգացմանը: «Եթե այդ ճանապարհը գործեր, մարդիկ կսկսեին գոնե
միմյանց հետ առեւտուր անել, որոշակի շարժ կլիներ, կզարգանար նաեւ
տուրիզմը»,- ասում է քաղաքապետը:
Անմխիթար վիճակում են նաեւ քաղաքի եւ մերձակա գյուղերի կոյուղագծերը:
«Դրանք արտաքին մակերեւույթով հոսում են ուղիղ Սեւան, այդ կոյուղագծերի
կեսից ավելին այլեւս պիտանի չեն,- ասում է Վ.Խլոյանը,- անհրաժեշտ է կամ
մաքրել ամբողջապես, կամ, որ ավելի ճիշտ կլինի՝ փոխել»: Էռոզիայի են
ենթարկված նաեւ խմելու ջրի գծերը: Առանց այս խնդիրների լուծման,
միջհամայնքային ճանապարհների բարեկարգման մասին մտածելը քաղաքապետն
անիմաստ է համարում. «Չենք կարող փողոցը ասֆալտապատել, հետո նորից քանդել՝
կոյուղագիծ կամ ջրագիծ սարքել»: Իսկ այս ծավալի աշխատանքներ քաղաքի
բյուջեն առայժմ հնարավորություն չի տալիս իրականացնել: Քաղաքում բազմաթիվ
են նաեւ անբնակարան ընտանիքները: «Բնակարանային խնդիրն այնքան սուր է, որ
երիտասարդները հաճախ այդ իսկ պատճառով չեն կարողանում ընտանիք կազմել,-
նշում է քաղաքապետը եւ շեշտում,- սոցիալական խնդիրը շատ է խեղդում
մարդկանց, քաղաքում աճ չկա, տարի է լինում, որ մահն ու ծնունդը հավասար են
լինում»:
Վարդենիսի բնակչության այն հատվածը, որ արտագնա աշխատանքի չի մեկնել,
զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, առեւտրով:
Գյուղատնտեսության ոլորտում զարգացման նշաններ չի դրսեւորում, որովհետեւ
այստեղ ընդհանրապես բացակայում են ոռոգման ցանցերը: Բացի այդ՝ կլիման խիստ
անբարենպաստ է, եւ ոչ մի տարի արտակարգ իրավիճակներից չեն խուսափում:
«Կարկտահարություններ են լինում, երաշտներ, իսկ ժողովուրդը դրա դիմաց ոչ
մի փոխհատուցում չի ստանում, մինչդեռ սա պատերազմական գոտի է համարվում,
եւ կառավարությունը պետք է անի առավելագույնը, որ ժողովուրդը չփախչի, չլքի
հողը»,- բողոքում է Վարդենիսի քաղաքապետը: Իսկ ժողովուրդը չի կարողանում
անգամ հողի հարկերը վճարել: Վարդենիսի հողերը գնահատված են 2-3-րդ կարգի:
«Մինչդեռ իրականում դրանք 3-4-րդ կատեգորիայի հողեր են, ու ժողովուրդը
բնականաբար պետք է 2-րդ կամ 3-րդ կատեգորիայի հողահարկ վճարի: Փաստորեն,
նրանք առանձնապես եկամուտ չեն ստանում այդ հողերից, բայց ստիպված են
վճարել այնքան, որ նախատեսված է բարձրակարգ հողերի դեպքում,- պարզաբանում
է Վ. Խլոյանը,- մենք չենք կարող ինքներս վերցնել ու հողի կարգը փոխել,
որովհետեւ այս դեպքում էլ բյուջեի հետ խնդիրներ կունենանք, նաեւ՝ այնքան
հնարավորություն չունենք, որ համապատասխան մարմիններին պատվիրենք նոր
հողագնահատում կատարել. սա կառավարական մակարդակի խնդիր է»: Բնակչության
փոքր տոկոսն է կարողանում ցանքաշրջանառություն իրականացնել. «Գալիս-ասում
են՝ հողը տվել եք՝ չենք կարողանում ցանել, հողը հետ վերցնելն էլ տարբերակ
չի՝ այս դեպքում լրիվ ամայի կմնան»:

Երբ որ բացվեն դռներն հուսո

Վարդենիս քաղաքի բյուջեն, քաղաքապետի հավաստմամբ, կազմում է 117մլն դրամ,
որից 80 մլն-ը ծախսվում է աշխատավարձերի վճարման վրա: Քաղաքում գործում են
3 մանկապարտեզ, որոնք ֆինանսական միջոցների սղության պատճառով գործում են
մայիս ամսից մինչեւ ուշ աշուն, երկու սպորտդպրոց, գեղարվեստի եւ
երաժշտական դպրոցներ, մանկական գրադարաններ, Մշակույթի տուն: Այս
կառույցները ֆինանսավորվում են քաղաքապետարանի բյուջեից, աշխատողները
ստանում են նվազագույն աշխատավարձ՝ 13.000 դրամ, որին հավելվում է
բարձրլեռնային շրջանների համար նախատեսված՝ նվազագույն աշխատավարձի 20
տոկոսը: «Իհարկե, կարող ենք այդ կառույցներից մի քանիսն օպտիմալացնել, որի
հաշվին եւ բարձրացնել աշխատողների աշխատավարձերը,- ասում է քաղաքապետը,-
սակայն ես մտածում եմ՝ էդ մարդկանց ո՞նց կրճատեմ, գործազուրկ սարքեմ, էդ
10.000-ական դրամներն ուրեմն էդ ընտանիքներին շատ են պետք, որ աշխատում
են: Ավելի լավ է, շատ մարդ աշխատի՝ գոնե իրենց հացի փողը կհանեն, մինչեւ
տեսնենք՝ մի դուռ կբացվի երեւի…»:
Վարդենիսում բազմաթիվ երեխաներ դպրոց չեն հաճախում՝ սոցիալական ծանր
վիճակի պատճառով: Քաղաքապետարանն այս տարի Վարդենիսի 4 դպրոցներին
10.000-ական դրամ է հատկացրել, որպեսզի դասագրքերով ապահովեն սոցիալապես
ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին: Մինչդեռ դպրոցի
տնօրինությունները գումարը նպատակին չեն ծառայեցրել: «Մեր մեղքն էլ կա
այդտեղ,- մեղանչում է Վ.Խլոյանը,- մենք պետք է ինքներս դասագրքեր առնեինք,
գրադարան ստեղծեինք այդ երեխաների համար, որտեղից նրանք կօգտվեին ամեն նոր
ուսումնական տարում»:
Սոցիալապես անապահով ընտանիքները Վարդենիսում գերակշռող մեծամասնություն
են կազմում: «Մարդիկ հիվանդանում, տանը մեռնում են, որովհետեւ բժշկի մոտ
գնալու փող չունեն»,- ասում են վարդենիսցիները: Վարդենիսի «Հիվանդանոց»
ՊՓԲԸ-ի գլխավոր բժիշկ Գագիկ Մկրտչյանն ասում է՝ «Անհամեմատ շատ են
սրտանոթային հիվանդություններով ու շաքարային դիաբետով տառապողները»: Պրն
Մկրտչյանը դա բացատրում է բնակչության վատ կենսամակարդակով: Վարդենիսի
Շտապ օգնության բաժանմունքն օրական 10-12 կանչ է սպասարկում՝ ծնունդ
տեղափոխում են լավագույն դեպքում, մնացած ահազանգերը հիմնականում
հիպերտոնիայով կամ բրոնխիալ ասթմայով տառապողներին են վերաբերում:

Լույս՝ նաեւ վարդենիսցու աչքերին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայկական ակնաբուժության
նախագիծը (ՀԱՆ), արդեն 3 տարի է, իրականացնում է «Լույս՝ հայի աչքերին»
ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում ակնաբուժական ծառայությունների
բարելավմանն ու կուրության նվազման կանխարգելմանը: 2003-2004թթ. ընթացքում
ծրագիրն իրականացվել է Հայաստանի 5 մարզերում՝ Արագածոտնում, Վայոց
ձորում, Արմավիրում, Արարատում, Սյունիքում, Տավուշում, ինչպես նաեւ՝
Լեռնային Ղարաբաղում: Ծրագրի շրջանակներում անվճար հետազոտվել է 35.000
հոգի, 2000 հիվանդ վիրահատվել եւ ստացել են լազերային բուժում: Մեր
այցելության ժամանակ ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոցը հանգրվանել էր
Վարդենիսում: Բժիշկների մի մասը մեկնել էր գյուղեր՝ տեղում հայտնաբերելու
աչքի հիվանդություն ունեցող բնակիչներին, մյուս խումբը շարժական
հիվանդանոցում սպասարկում էր արդեն հայտնաբերված հիվանդներին:
Ակնաբույժները Վարդենիս էին ժամանել ապրիլի 18-ին: Առավոտյան ժամը 9-ից
շարժական հոսպիտալի մոտ արդեն հերթեր էին գոյանում: «Օրական 8-15
վիրահատություն է կատարվում»,- տեղեկացրեց ակնաբույժ Հասմիկ Դոլյանը: «Էս
վերջին տարիներին աչքներիս լույսն էլ էր գնալով պակասում, վիտամի՞ն ենք
ուտում, որ աչքներիս լույս լինի,- բողոքում էին մեծ ու պստիկ
վարդենիսցիները ու օրհնում շարժական հոսպիտալն իրենց կողմերն ուղարկողին:

Վարդենիսի այլընտրանքային բնակիչները

Վարդենիսում այցելեցինք նաեւ «Տուն-ինտերնատ» ՓԲԸ, ուր անցած աշնանից
այլընտրանքային զինծառայություն է անցկացնում 8 զորակոչիկ: Մեր թերթի այս
տարվա 2-րդ համարում արդեն անդրադարձել էինք, որ հոգեբուժարանի
տնօրինության եւ ծառայողների հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:
Վերջիններս, հոգեբուժարանի տնօրենի հավաստմամբ, հրաժարվում էին իրենց
ներկայացված առաջադրանքները կատարելուց, այն է՝ սանիտարական տարբեր
աշխատանքներ, հիվանդների խնամք:
Այլընտրանքային ծառայողների հարաբերություններն այժմ այնքան էլ վատ չեն
տնօրինության հետ: Վերջիններս լուրջ բողոքներ չներկայացրին: Իսկ ինչ
վերաբերում է տղաներին՝ նրանք էլ են հարմարվել. «Միայն թե դժվար է ամբողջ
օրն անցկացնել հոգեկան խանգարումներով հիվանդների հետ»: Տղաներից մեկը, ով
դեռահաս տարիքում նյարդային լուրջ ցնցում է տարել, խոստովանեց, որ այժմ
կրկին հոգեկան լուրջ խնդիրներ է ունենում, գիշերները չի կարողանում քնել
եւ քնաբեր է ընդունում: Հիվանդների նոպաները ծանր են անդրադառնում բոլորի
վրա, տղաներից մի քանիսը, ընկերների հավաստմամբ, գիշերները շատ անհանգիստ
են քնում, ճչում են, վեր թռչում: «Թերեւս մեզ հետ նախօրոք հոգեբանական
կոնսուլտացիա պետք է անցկացնեին՝ մինչեւ այստեղ ուղարկելը»,- բողոքում էին
նրանք: Հակոբյան Կառլենի ուսոսկրն արդեն չորս ամիս է, վնասված Է:
Զինվորական հոսպիտալում Կառլենին ոչ մի օգնություն ցույց չեն տվել:
Ավելին՝ «Ասել են՝ բան էլ չկա, սիմուլյանտություն ես անում»,- պատմում էին
ընկերները՝ Կառլենին ստիպելով ցույց տալ ցցված ուսոսկրը: Տղաների մոտից
հավաքել են ողջ կրոնական գրականությունը: «Անգամ «Աստվածաշունչը»
չթողեցին»,- ասում էին: Հոգեւոր քաղցը լրացնում են երեկոյան զրույցների
ընթացքում, դա ավելի համերաշխ է դարձրել նրանց: Տղաներից Հայկը ջութակահար
է, նրանք խնդրում էին՝ համոզել Հայկին՝ վերսկսել ջութակի պարապմունքները:
Իսկ Սաֆարյան Հենրիկին կրոնական համոզմունքները չեն խանգարում ամեն օր մի
նոր բանաստեղծություն նվիրել սիրած աղջկան: Տղաները շատ են ուզում Հենրիկի
բանաստեղծությունները տպագրված տեսնել: Հենրիկն էլ էր ուզում, բայց
ամաչում էր:

Հենրիկ Սաֆարյան
Կարոտ

Կարոտում եմ ես հիմա
Քո աչքերը կայծկլտուն,
Կարոտում եմ ես հիմա
Քո այտերը վառվռուն:
Երբ փակում եմ աչքերն իմ,
Քո պատկերն է երեւում,
Որ կայծեր է արձակում
Մութ գիշերվա երազում:
Բայց դա երկար չի տեւում,
Որ արթնանամ ես քնից,
Լուսաբացն է ինձ ստիպում,
Որ հեռանամ քեզանից:
Բայց ես հույսս չեմ կտրում,
Որ կտեսնեմ քեզ նորից,
Թեկուզ միայն երազում…
Որ կտեսնեմ ու կասեմ,
Թե ինչքան եմ կարոտել,
Կամ թե ինչպես եմ ապրել՝
Որքան երկար դիմացել
Այն ցավերին շատ դաժան,
Որ տալիս է սերն այսքան: