Շաբլոնային փաստարկներ

18/05/2008

Մայիսի 21-ին լրանում է «Բջնի» ընկերության տնօրեն Սայաթ Հովհաննիսյանի կալանքի երկամսյա ժամկետը, եւ նախաքննության մարմինը դիմել է դատարան` այն եւս երկու ամսով երկարաձգելու խնդրանքով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հովհաննիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը, ում համոզմամբ, իր պաշտպանյալն ապօրինաբար է զրկվել ազատությունից: «Մի շարք միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ՝ մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ անձն իրավունք ունի ներկա գտնվելու իր կալանքի հարցի քննությանը, սակայն ընդհանուր իրավասության դատարանը առանց մեր պաշտպանյալին դատարան բերելու նրան կալանավորելու հարցն է որոշել: Ընդ որում, Սայաթ Հովհաննիսյանը անգամ տեղյակ էլ չէր, որ իր նկատմամբ այդպիսի հարց է քննարկվելու, եւ ՀՀ-ում չէր գտնվում: Եվրոպական դատարան նախնական գանգատ ենք ուղարկել այս հարցի կապակցությամբ, որովհետեւ մենք գտնում ենք, որ սա քրեական խախտում է: Վճռաբեկ բողոք ենք ուղարկում այս հարցի կապակցությամբ, որ չի կարող անձը զրկվել ազատությունից, եթե նա չի տարվել դատարան»,- ասել է Ա. Զաքարյանը: Հարցին, թե արդյոք որեւէ նախաքննական գործողություն իրականացվո՞ւմ է իր պաշտպանյալի նկատմամբ, եւ ինչո՞վ է արդարացվում կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը, փաստաբանը պատասխանել է. «Նախաքննության մարմինը իր միջնորդության մեջ նշել է, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, եւ սպասում են դրանց եզրակացությունները ստանալուն: Այսինքն, ըստ էության, շաբլոնային փաստարկներ են բերվում հերթական անգամ նախաքննության մարմնի կողմից»: