ԱԱԾ լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, թե ԱԱԾ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ըստ հաղորդագրության` ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար պետական հանձնաժողովի անդամ, նույն ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ ուսանողների եւ նրանց ծնողների հետ՝ կաշառք է պահանջել: «Մայիսի 15-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի աշխատասենյակում 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Կ. Մատինյանը: Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է նույն օրը 7 ուսանողներից կաշառք ստացված տարբեր չափերի գումարներով ծրարներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2000 ԱՄՆ դոլար եւ 610.000 դրամ:
Չորս այլ ուսանողներ եւս բացատրություններ են տվել, որ Կ. Մատինյանն իրենցից էլ է շորթել կաշառք` յուրաքանչյուրից 500 դոլարի սահմաններում: Պարզվել է, որ Կ. Մատինյանի կողմից դրամաշորթությունը կրել է պարբերական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քր. գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով: