Բացել սահմանները

18/05/2008

Նախօրեին ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆն օրինագիծ է ներկայացրել, որով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին կոչ է արվում հորդորել Թուրքիային` վերացնել Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի, «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը» վերնագրված նախագծում ասված է, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ բարգավաճմանը, դրանով իսկ վտանգելով ԱՄՆ կարճաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականության նպատակները»: «Պետդեպի գնահատմամբ, շրջափակումը ավելացնում է Հայաստանի կողմից փոխադրումների ծախսերը 30-35 տոկոսով` խեղդելով նրա առեւտուրը եւ տնտեսությունը»,- նշված է Շիֆի ներկայացրած բանաձեւի նախագծում: Բացի Հայաստանի շրջափակումն անհապաղ դադարեցնելու կոչից` օրինագծով նախատեսված է նաեւ, որպեսզի դրա ընդունումից հետո մեկամսյա ժամկետում պետքարտուղարը Կոնգրեսին զեկույց ներկայացնի այդ ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ծրագրվող եւ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Նշենք, որ նույնաբովանդակ օրինագիծ ներկայացվել էր նաեւ նախորդ գումարման Կոնգրեսում: