Հունիսի սկզբին «Չորս կարիճ» հասարակական կազմակերպությունը նախատեսում է անցկացնել նկարների ցուցահանդես, որը կլինի բացօթյա եւ կտեւի 5 օր:
Հ/կ-ի նախագահ Հայկ Մութաֆյանի խոսքերով` ցուցահանդեսի յուրաքանչյուր օրվա ընթացքում տարբեր ժանրերի երաժշտական կատարումներ կհնչեն. «Առաջին օրը` սիմֆոնիկ, ապա` էլեկտրոնային, ռոք, ռեփ, վերջին օրը` ջազ: Պլանավորում ենք միջոցառումն անցկացնել Ազատության հրապարակում: Երեկ դիմել ենք քաղաքապետարան, եւ մյուս շաբաթվա ընթացքում այնտեղից պետք է պատասխան ստանանք»: Հայկի խոսքերով` միջոցառումը շատերի մոտ է հետաքրքրություն առաջացրել: Ի դեպ, դրան մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 20-ը:
Իսկ ներկայացված նկարները կլինեն ամենատարբեր ոճերի. «Միջոցառումն անցկացվելու է մեր կարգախոսով` ինչպիսին է աշխարհը, եւ ինչպիսին պետք է լինի աշխարհը: «4 կարիճ» հ/կ-ն, որը հիմնադրվել է 2008թ. փետրվարին, զբաղվում է ժամանակակից արվեստի ուսումնասիրությամբ` դրան նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպելով: Եվ այդ բոլոր միջոցառումներն անցնում են հենց այդ կարգախոսով»:
«Սա նորարարություն է ու կարող է լույս աշխարհ բերել նոր ոճ արվեստում: Այն կծնվի Հայաստանում` օգտագործելով այս կարգախոսը,- ասում է Հայկը՝ ավելացնելով, որ «4 կարիճի» կազմակերպած միջոցառումների շրջանակներում կներգրավվեն արվեստի բոլոր ուղղությունները,- Ամեն մեկին առանձին ժամանակ կհատկացնենք: Առանձին-
առանձին կլինեն, օրինակ, ջազի, սիմֆոնիկ երաժշտության միջոցառումներ: Մենք մեր միջոցառումները կոչելու ենք` խոսք»: Հ/կ-ի կազմակերպած միջոցառումները հաճախակի կանցկացվեն: Հայկը նշում է, որ իրենք նախատեսում են ամեն տարվա ընթացքում մեկ մեծ փառատոն կազմակերպել, որի շրջանակներում նաեւ միջազգային արվեստագետներ կհրավիրվեն:
Իսկ առաջիկայում կայանալիք ցուցահանդես-համերգի համար եթե քաղաքապետարանը բացօթյա տարածք չտրամադրի, Հայկի խոսքերով, միեւնույն է, իրենք հունիս ամսվա ընթացքում այդ միջոցառումը կազմակերպելու են` թեկուզ այլ վայրում եւ ոչ այնքան մասշտաբային, ինչպես նախատեսվում է:
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ