Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ճարտարագիտական համալսարանում գիտական
զեկույց կարդալու փոխարեն ապրիլի 12-ին հայտարարեց որոշ ռեկտորների
պաշտոններից ազատման իր մտադրության մասին:
Հայաստանի բուհերի ընդունած կանոնադրությունների համաձայն` բուհերը
շահույթ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են, որոնք
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք են բերում եւ
իրականացնում կանոնադրությամբ իրենց ամրագրված խնդիրների համար անհրաժեշտ
իրավունքներ ու պարտականություններ: Այնտեղ արգելվում է կրոնական ու
քաղաքական գործունեությունը: Դրանք ինքնակառավարվող կազմակերպություններ
են ու իրենց իրավունքն է՝ ընտրել ռեկտորներին: Նրանք ընտրվում են հատուկ
բուհական մարմինների` Մեծ խորհրդի, Գիտխորհրդի կողմից: Ու շատ բուհերում
կարծում են, որ նշանակումների հետեւանքներն ավելի վատն են: Հիշեցնենք, որ
բուհերի կանոնադրությունները հաստատված են հենց վարչապետի կողմից, նրա
ստորագրությամբ: Եվ ինքն էլ՝ հայտարարելով, որ որոշ ռեկտորների մտադիր է
ազատել պաշտոններից, խախտում է իր իսկ կողմից հաստատած կանոնադրությունը,
որում հստակ ասվում է, որ բուհերն իրենք են ընտրում իրենց ռեկտորներին:
Նշանակված ռեկտորին կարելի է հեշտությամբ նաեւ որոշ հարցերի լուծում
պարտադրել, ինչն արդեն իր բացասական հետեւանքներն ունի:
Աշխարհի շատ երկրների համալսարանների ռեկտորների ընտրություններն ազատ են
ու բաց: Այդ պաշտոնի համար կարող են դիմել գիտնականներ տարբեր երկրներից:
Մենք այդ չափանիշներից շատ հեռու ենք, ու մեր բոլոր ընտրություններն,
իհարկե, արտասովոր են: Դժվար է նույնիսկ տարբերակել. երբեմն դրանք
ընտրություննե՞ր են, թե՞ նշանակումներ: Հաճախ անվանումն է տարբերությունը:
Իրականում դրանք նշանակումներ են: Բուհերի ինքնակառավարումն էլ տարբեր
տարածքներում տարբեր հնչողություն ունի: Բժշկական համալսարանում աշխարհի
հետ կապերն են ընդլայնվում, տարեցտարի ավելանում է արտասահմանցի
ուսանողների քանակը, հետեւաբար՝ նաեւ համալսարանի վիճակն է բարելավվում:
Նրանք ուզում են իրենց ընտրյալին որպես ռեկտոր ունենալ: Ֆիզիկական
կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանն այն հարցին, թե ի՞նչ
կարծիքի է բուհում ընտրված ռեկտորին վարչապետի կողմից պաշտոնանկ անելու
մասին, պատասխանում է. «Դե, մեր վարչապետն ա, ոնց ասի, տենց էլ կլնի»:
Իրականում պետության օգնությունը պետական բուհերին ավելի քիչ է, քան
նրանցից գանձվող գումարներն ու հարկերը: Ու դրանցով պետությունն ուղղակի
խեղդում է բուհերին. սրանք բուհերի պատերում լսվող կարծիքներ են:
Տնտեսագետները բոլոր ժամանակներում էլ շահավետ ուղիներ գտնում են: Երեւանի
պետական տնտեսագիտական ինստիտուտում հույսը մեր աղքատ պետության վրա չեն
դնում: Նրանք կապեր ունեն Փարիզի, Լիոնի, Սարագոսայի, Ֆլորիդայի, Նյու
Յորքի համալսարանների հետ: Ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի կարծիքով՝ իրենք
կարողանում են գոյատեւել վճարովի համակարգի շնորհիվ: «Ուսանողների համար է
դժվար,- ասում է նա,- պետական քննություններ են հիմա. այդպիսի օր չկա, որ
ուսանող չդիմի ինձ քննությանը մասնակցելու խնդրանքով՝ հետո վճարման
պայմանով»: Գրիգոր Կիրակոսյանը ռեկտոր է 1993 թվականից եւ ըստ ՀՀ
Աշխատանքային օրենսգրքի, եթե պահանջվում է թողնել այդ աշխատանքը, նա դեմ
չէ:
Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում
չափանիշներն այլ են: Համալսարանը եվրոպական շատ երկրների հետ գիտական
համագործակցություն է հաստատել: Նրանց ուսանողներն ու գիտաշխատողները
վերապատրաստման են մեկնում տարբեր երկրների համալսարաններ, այստեղ
սովորում են արտասահմանցի ուսանողներ: Բազմաթիվ միջազգային մրցանակների են
արժանացել այստեղ կատարված գիտական աշխատանքները: Ռեկտոր Արեստ Բեգլարյանը
Շինարարական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային
ասոցիացիայի փոխնախագահն է: «Կրթական համակարգը սրբություն է,- ասում է
պարոն Բեգլարյանը,- բոլոր ժամանակներում անթույլատրելի են նրա նկատմամբ
ոտնձգությունները: Համալսարանը բարձր պիտի լինի միշտ: Մուտքը՝ ազատ, ելքը`
դժվար»: Նրա կարծիքով՝ կրթության բնագավառում արվող փոփոխություններն ի
շահ բուհի չեն: Կրթությունը շուկայով պայմանավորելը ամենամեծ արատն է մեր
երկրի համար: Ընդունելության քննությունների ձեւի փոփոխությունը փոխել է
միայն կաշառակերության աշխարհագրությունը: Մասնավորապես, իրենց
համալսարանում հայտնվում են ճարտարապետության հետ բոլորովին կապ չունեցող
ուսանողներ, ու դա աղավաղում է այդ բնագավառի ավանդույթները:
Համալսարանում տնօրինողը գիտնականը պիտի լինի: Իսկ ղեկավարությունն ինքը
պիտի հարգի բուհի որոշումները, որովհետեւ դրանք պատվավոր գիտնականների
որոշումներ են: Ազատ խոսքն ու ինքնավարությունն էլ այս համալսարանում այլ
կերպ են հասկանում: Ինքնիշխան են: Ընտրյալ ռեկտորի խոսքն ազդու է,
հաստատուն, նրան հարգում են, իսկ իրենց որոշումներին պատրաստ են տեր
կանգնել: Հուշեցին նաեւ, որ Հռոմի սենատում տարեց իմաստուններին էին
ընտրում:
«Գիտություն պետք չէ այս պետությանը,- ասում է Երեւանի Պետական
ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը։ -Հայաստանի
անկախացումից հետո ետընթացն ու ճահճացումն ավելի են զգալի: Չկան գիտական
արժեքներ ու չափորոշիչներ: Հայաստանում գիտական ու բուհական
բարեփոխումների ուղին ինտեգրվելն է համաշխարհային կառույցներին»: Նրա
կարծիքով՝ եթե Նոր Զելանդիայում գրված գիտական ատենախոսությունը զգուշորեն
արտագրվի, ապա երկու տարվա ընթացքում կարելի է Հայաստանում տեխնիկական
գիտությունների դոկտոր դառնալ: