ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, թե ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ թանկացումները վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում, ըստ նրա` խնդիրներ կառաջանան: Ա. Սաֆարյանի հավաստմամբ` «շատ անբարեխիղճ բիզնեսմեններ» փորձում են դրանից առավելագույն օգուտ ստանալ, բարձրացնելով ապրանքների, մատուցվող ծառայությունների գները: «Գների բարձրացումները համարժեք չեն միջազգային շուկայում տեղի ունեցող թանկացման գործընթացներին»,- ասաց Ա. Սաֆարյանը` ավելացնելով, թե դրա դեմ պետք է միջոցներ ձեռնարկի ՀՀ Կենտրոնական բանկը, որի գործառույթների մեջ նշված է գնագոյացման վերահսկողությունը: Նա հավատացած է, որ անհրաժեշտ քայլեր իրականացնելուց հետո անհարկի թանկացումներ չեն լինի եւ հարցերը կկարգավորվեն: Հակառակ դեպքում, ըստ նրա, իշխանությունը գործ է ունենալու ոչ թե ընդդիմադիր որեւէ ուժի, այլ հասարակական մեծ զանգվածի դժգոհության հետ: