«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, որը փորձել է համոզել, թե ինքն այսօրվա ղեկավարությունից դժգոհներից մեկն է: Օրինակ, Հ. Իգիթյանը երկար տարիներ պայքարում է թանգարանի մի շենք կառուցելու համար, բայց չի ստացվում. «Կազինոների, բենզինների ու հյուրանոցների երկիր դարձանք, ամեն ինչի, բայց մի շենք չի կառուցվել` կապված մշակույթի հետ»,- դժգոհել է նա: Նա վստահ է, որ եթե, ինչպես «Ռոբերտ Քոչարյանը սպորտն է սիրում, ինչպես Սերժ Սարգսյանը շախմատն է սիրում ու հովանավորում է, այդպես էլ մեկը մշակույթ սիրեր, ապա ամեն ինչ այլ կլիներ»: ՀՀ վերջին ղեկավարը, ըստ Իգիթյանի` ով հետաքրքրվել է մշակույթի խնդիրներով, եղել է Կարեն Դեմիրճյանը, իսկ մյուսներն, ըստ նրա` չեն հետաքրքրվում մշակույթով, որովհետեւ չափազանց շատ են զբաղված: Անդրադառնալով այսօրվա քաղաքական գլխավոր մասնակիցներին, Իգիթյանն ասել է. «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես ծանոթացել եմ Ղարաբաղում` պատերազմի ժամանակ: Այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավտոմատը ձեռքին «Նաիրիտն» էր փակում, Քոչարյանն ու Սարգսյանը հայրենիքն էին ազատում»: