Քաղաքական երկխոսությանը սպասելիս

16/05/2008 Գեւորգ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար նախ անհրաժեշտ է սկսել քննարկել այդ «ինչ-որ բանը»: Գրեթե երեք ամիս է անցել այդ իրադարձություններից, սակայն երկխոսությունը ոչ միայն չի սկսվել, այլեւ դրա հեռանկարներն են անգամ չափազանց մշուշոտ:

Իրականում սրա պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է մի փոքր հետահայաց դիտարկում անել: Խնդիրը նրանում է, որ հայոց նորագույն պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ հայաստանյան քաղաքական հակադիր ճամբարները երկխոսության գնան իրար հետ: Քաղաքական բոլոր կատակլիզմների ընթացքում անգամ, երբ երկիրն իսկապես շատ լուրջ իրադրություններում է հայտնվել, նման երկխոսություն տեղի չի ունեցել: «Ստացիոնար» պայմաններում երկխոսության հիմնական տրամաբանությունը իշխանությունների համար կայանում էր հետեւյալում. «իշխանությունն իմն է, ինչո՞ւ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան քննարկեմ, եթե կարող եմ չքննարկել, իսկ եթե պետք եղավ` գլուխը կջարդեմ»: Ընդդիմության համար երկխոսության հիմնական նպատակն ու բովանդակությունն էլ, որպես կանոն, ծախվելու համար հարմար գին որոշելն էր: Ընդ որում, այդ պրոցեսն այնքան է այլանդակվել, որ մեր օրերում որեւէ մեկին չես կարող զարմացնել արտահայտությամբ, թե՝ «սրան հաստատ իշխանություններն առել են»: Մեզ մոտ նույնիսկ ծախվելու թվերն էին մամուլում հրապարակվում, մանրամասներ, թե որտեղ, ում տանը, ինչ պայուսակով է գումարը տրվել…

Նման պայմաններում երկխոսության իմաստն է ընդհանրապես վերանում. իսկ հանուն ինչի՞ քաղաքական երկխոսության մեջ մտնել, եթե կարելի է գնել գնվող ընդդիմությանը, իսկ մնացածի գլուխը ջարդել: Համաձայնեք` երկաթյա տրամաբանություն է: Ո՞ր մի դեգեներատը բանակցության կնստի ինչ-որ մեկի հետ ու ինքն իր ձեռքով վերջինիս իր բիզնեսի փայատերը կդարձնի, եթե կարող է ընդամենը մի քանի կոպեկ երեսին շպրտելով` լուծել բոլոր հարցերը: Իսկ որ իշխանությունը վերածվել է բիզնեսի` կարծում եմ՝ արդեն բոլորն են հասցրել հասկանալ:

Բնական է, որ այս ամենի մեջ «ազգ», «հայրենիք» եւ այլ դավինչիական կոդեր պարունակող ձեւակերպումների մասին խոսելն ուղղակի երեսպաշտություն է: Այսինքն` մենք ունեցել ենք, ունենք, ու, ամենայն հավանականությամբ, դեռ շատ երկար կունենանք այնպիսի մի քաղաքական համակարգ, որի կառուցվածքը, էությունն ու մարդկային կազմը բացարձակապես չեն տրամադրում որեւէ քաղաքական երկխոսության: Ու եթե փորձենք վերլուծել, թե ինչ բնույթի, բովանդակության ու տրամաբանության հայտարարություններ են անում քաղաքական երկու ճամբարների ներկայացուցիչները, կապված երկխոսության անհրաժեշտության հետ, կհամոզվենք, որ նրանց ամենաքիչը երկխոսությունն է հետաքրքրում: Մասնավորապես, երկու կողմերն էլ, որոշակի սեթեւեթանքներով, բայցեւ ընդունում են, որ ԵՄ պահանջները, կապված մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքները մեղմելու հետ, պետք է կատարվեն: Ինչպես հիշում եք, դրանց համաձայն՝ իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին, փոխեն հանրահավաքներ անցկացնելը փաստացի արգելող աբսուրդային օրենքը եւ այլն: Ընդդիմությունն էլ պետք է ճանաչի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ, այսինքն` դե ֆակտո եւ դե յուրե ճանաչի Սերժ Սարգսյանին՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Ըստ տրամաբանության, սա էլ հենց կարող էր հանդիսանալ այն հենքը, որի վրա կարելի էր սկսել երկխոսությունը: Սակայն դա տեղի չի ունենում. իշխանությունները պնդում են, թե ընդդիմությունը չի ճանաչում Սահմանադրական դատարանի որոշումը, հետեւաբար` երկխոսության գնալն անիմաստ է: Ընդդիմությունն էլ, իր հերթին, հայտարարում է, թե չեն լուծվում քաղաքական բանտարկյալների ազատ արձակման եւ այլ խնդիրներ, հետեւաբար` երկխոսությունն անիմաստ է:

Բայց այստեղ մի շատ կարեւոր խնդիր է առաջանում. իսկ ո՞րն է երկխոսության այլընտրանքը: Կա՞, արդյոք, նման այլընտրանք ընդհանրապես: Ի՞նչ կլինի, եթե այդքան սպասված ու չկայացած երկխոսությունն այդպես էլ չկայանա: Ըստ էության, այդ իրավիճակից օգուտ կքաղեն բացառապես հենց քաղաքական ճամբարները: Երկխոսությունը, ինչ-որ իմաստով, նաեւ փոխզիջումներ է ենթադրում: Բնական է, որ, եթե, ասենք` Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը ճանաչի Սերժ Սարգսյանին՝ որպես լեգիտիմ նախագահ, ապա դա անելու է նաեւ միջազգային հանրության աչքի առջեւ, ու հետագայում ծավալվելիք պայքարի իր հիմնավորումներում լուրջ խնդիրներ են առաջանալու: Նույնն է իշխանությունների պարագայում. եթե հենց հիմա բոլոր բանտարկյալներին ազատ արձակեն, ապա կստացվի, որ իշխանություններն ընդունում են, որ վերջիններս ձերբակալված են եղել զուտ քաղաքական դրդապատճառներով, իսկ դա կլեգիտիմացնի ընդդիմության հայտարարությունները երկրում իրականացվող քաղաքական հետապնդումների մասով եւ այլն: Մյուս կողմից, եթե նրանք ազատ արձակվեն, իսկ հիշյալ օրենքն էլ փոփոխվի, ապա հենց վաղը կրկին հանրահավաքային ալիք է բարձրանալու:

Փաստացի, ներկայիս սառեցված վիճակը, երբ ամեն շաբաթ մեկ-երկու բանտարկյալ ազատ է արձակվում, երբ երկու-երեք շաբաթը մեկ ընդդիմությանը թույլատրվում է ինչ-որ միջոցառում անցկացնել, մեծ հաշվով, ձեռնտու է հակադիր երկու ճամբարներին. ոչ ոք չի գնում զիջումների, հետեւաբար` չի «կոտրվում», հետեւաբար` պահպանում է իր գործողությունները իր իսկ հայեցողությամբ շարունակելու իրավունքը:

Եվ, կրկին, մենք ստանում ենք այն պատկերը, որն ունեցել ենք միշտ: Մարդիկ, ովքեր քաղաքական լուրջ դերակատարում են խաղում մեր երկրում, խուսափում են իրական քաղաքական երկխոսությունից, հստակ հասկանալով հանդերձ, որ դա ծայրահեղ անհրաժեշտ է նույն այդ երկրին ու դրա ամեն քաղաքացու: 1996-ին, 2004-ին, 2008-ին (իմիջիայլոց, դրանք բոլորը նահանջ տարիներ են եղել) երկիրը ծայրահեղ լուրջ քաղաքական կատակլիզմներ էր ապրում: Կարո՞ղ էր արդյոք երկրի քաղաքական էլիտան լուծումներ գտնել իրադարձությունները այլ հունով տանելու համար: Իհարկե կարող էր: Լուծում միշտ էլ կա: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ քաղաքական էլիտայի համար հակառակորդ թիմի հետ երկխոսության գնալը թուլության նշան է, հակառակորդին «մարդու տեղ դնելու» նշան, մեծ հաշվով` «կոտրվելու»: Ցավոք սրտի, քաղաքական էլիտան այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ նա, քաղաքականության մեջ, լուծում է ոչ թե իր խնդիրները, այլեւ մի ամբողջ ժողովրդի հետ կապված պատասխանատվություն է ստանձնում, ու եթե նույնիսկ քաղաքական թշնամու հետ երկխոսության մեջ մտնելը կարող էր մարտի մեկի զոհերից գոնե մեկին փրկել, ապա միանշանակորեն պետք էր գնալ երկխոսության:

Հոլիվուդյան հայտնի ֆիլմերից մեկում մի հետաքրքիր դրվագ կա. այնտեղ պատմվում է մի աղջնակի մասին, ով փոթորկից հետո ծովի ափին հայտնված հազարավոր փոքրիկ ձկնիկներից մի քանիսին փորձում է նորից ծովը նետել: Ու երբ անցորդներից մեկը հարցնում է, թե ի՞նչ իմաստ ունի դա անել, միեւնույն է, բոլորին փրկել չի հաջողվի, աղջնակը պատասխանում է. «Իմաստը կա նրանց համար, ովքեր կփրկվեն»: