«Շողակնը» արձանագրում է

13/05/2005

Ադամանդագործության ոլորտի եւ «Շողակն» ՓԲԸ աշխատակիցների
գործադուլի մասին մեր հրապարակումներից հետո տնօրեն Սերգեյ Գասպարյանը
սպառնացել էր մեզ դատի տալ: Սակայն օրերս ստացանք «Շողակն» ՓԲԸ տնօրեն Ս.
Գասպարյանի ստորագրությամբ հերքում նամակը (6 էջ ծավալով), իբրեւ բարի
կամքի դրսեւորում, տպագրում ենք կրճատումներով: Պնդելով մեր
հրապարակումների հավաստիությունը, մենք մեր հետագա համարներում
հետեւողականորեն կանդրադառնանք այս ոլորտի խնդիրներին՝ նոր փաստեր
ներկայացնելով:

«168 Ժամ»

«168 Ժամ» շաբաթաթերթի թիվ 13 (30) ապրիլի 7-13 եւ թիվ 15 (32) ապրիլի
21-27 համարներում «Արյունոտ ադամանդ» եւ «Ադամանդագործների գործադուլը
շարունակվում է» հոդվածները քննության է առնվել «Շողակն» ՓԲ ընկերության
ադմինիստրատիվ խորհրդակցությունում։ Խորհրդակցության մասնակիցների եւ իմ
անունից անհրաժեշտ եմ համարում, հիշյալ հոդվածների առթիվ, պատասխանի
իրավունքով, Ձեզ ներկայացնել «Շողակն» գործարանին վերաբերող հիշյալ
հոդվածներում հրապարակված տեղեկության, եզրակացությունների ոչ
հավաստիության եւ միակողմանի մեկնաբանությունների, անճշտությունների
մասին, միաժամանակ պահանջելով համապատասխան հերքում։
 Այսպես՝ «Արյունոտ ադամանդ» հոդվածի «Մեր ադամանդը» ենթավերնագրի
տակ «Շողակն» գործարանի վերաբերյալ լրագրողը հայտարարում է, որ
(մեջբերում) «Կարելի է եզրակացնել, որ ոլորտում ստվերային շարժը նույն
համամասնությամբ էլ ավելի է։ Ադամանդագործները պատմում են, որ հիմա
գործարանում միայն հերթափոխի պետի «լեւի» դրույքավճարը ամսական 1000 դոլար
է։ Հերթափոխի պետից վերեւ կամ ներքեւ էլ՝ ինքներդ պատկերացրեք» (մեջբերման
ավարտ) եւ այլն։
Զանգվածային լրատվական միջոցով նման լուրջ եզրակացության հանգելու եւ
մեղադրող հայտարարություն տարածելու համար, լրագրողը առնվազն պետք է
վկայակոչեր ստուգված եւ անհերքելի, թեկուզ մեկ կոնկրետ փաստ, կամ իրավապահ
մարմինների կողմից տրված տեղեկատվության որեւէ օրինակ կամ օրինական ուժի
մեջ մտած որեւէ դատավճիռ եւ համանման անհերքելի փաստերի առկայության
դեպքում՝ կատարեր ընդհանրացում։ Մինչդեռ «Շողակն» գործարանի
սեփականաշնորհումից հետո՝ 2002թ. հուլիս ամսից առ այսօր, համանման որեւէ
իրավախախտման փաստ «Շողակն» գործարանում չի արձանագրվել։ Հետեւաբար,
լրագրողի նման հրապարակային հայտարարությունը որեւէ փաստական, իրավական
հիմքից զուրկ է, նպատակն է հետապնդել, ստվեր գցել «Շողակն» գործարանի
կոլեկտիվի եւ ղեկավարության հեղինակության վրա եւ հասարակական այնպիսի
կարծիք ձեւավորել, որ իբր «Շողակն» գործարանում առկա է քրեածին մթնոլորտ,
ստվերային շրջանառություն։
…Լրագրողը հավանաբար միտումնավոր կերպով կամ այլ շարժառիթներից ելնելով,
չի ցանկացել տեսնել, թե ադամանդագործությունը Հայաստանում վերջին
տարիներին ինչ զարգացում է ունեցել, որքան աշխատատեղ է ապահովել,
գործազուրկների բանակը կրճատել, իրականացրել պետական քաղաքականությունը,
այլ ցանկացել է ընթերցող հասարակության մեջ այնպիսի տպավորություն
ստեղծել, որ ադամանդագործության ոլորտը, զարգացող այդ ճյուղը եւ այդ
ոլորտում պետական քաղաքականությունը, որպես այդպիսին, վնասակար է
Հայաստանի համար, չի նպաստում կարիքավոր աշխատողների նյութական պայմանների
բարելավմանը, այլ իրենից ներկայացնում է որպես քրեածին բնագավառ եւ
նպաստում է մի խումբ հանցավոր հակում ունեցողների հարստացմանը։ Հանգամանք,
որը ոչ մի առնչություն չունի «Շողակն» գործարանի հետ, եւ լրագրողը
պարտավոր էր այդ տեսնել, եթե նպատակը իրական պատկերը ցույց տալն է եղել,
զերծ մնալ փաստազուրկ ընդհանրացումներից ու ենթադրություններից եւ ստվեր
չգցել պետական քաղաքականության եւ շուրջ 1600 հոգուց բաղկացած «Շողակն»
գործարանի առողջ կոլեկտիվի հեղինակության վրա։ Մի կոլեկտիվ, որտեղ
ամենօրյա, անհաշտ պայքար է տարվել եւ տարվում ամեն կարգի իրավախախտումների
դեմ, համագործակցելով իրավապահ մարմինների հետ։ …Նույն հոդվածի
«Մաքսանենգություն» ենթավերնագրի տակ շեշտվել է, որ (մեջբերում)
«Ադամանդագործությունը ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), այս
դեպքում, ո՞րն է այդ ապրանքը թաքցնելու պատճառը։ Ադամանդագործները մի քանի
բացատրություն ունեն, թաքցնել նաեւ ադամանդի մշակման ծավալն ու դրա հետ
կապված մյուս բոլոր հարկերը։ Կամ ճիշտ է, հարկերից ազատվել են, բայց
«լեւի» հարկերից հնարավոր չէ խուսափել… Հայաստանի բյուջեն էլ միլիոնավոր
դոլարներ շրջանցում են»։ (մեջբերման ավարտ)։
…Որ ադամանդագործության զարգացման գործում պետական քաղաքականությունը
խթանելու նպատակով պետությունը ադամանդագործության ոլորտը ազատել է
ավելացված արժեքի հարկից, դա օրենքով սահմանված փաստ է։ Բայց մյուս
հարկատեսակների վճարումների հարցում լրագրողը ցուցաբերել է լրիվ
անտեղյակություն, հանգելով չհիմնավորված եզրակացությունների։
Հարկ եմ համարում նշել, որ միայն «Շողակն» գործարանը հաշվապահական
վիճակագրական տվյալներով, 2004թ. ընթացքում պետական բյուջե վճարել է 152
մլն 897.000 դրամ եկամտահարկ, սոցիալական ապահովության հիմնադրամին՝ 266
մլն 716.000 դրամ եկամտահարկ եւ 73 մլն 498.000 դրամ սոց.վճարումներ։ Բացի
հարկային վճարումներից, տարբեր հասարակական կազմակերպություններին եւ
անհատ կարիքավորներին 2004թ. ընթացքում վճարվել է 21 մլն 894.000 դրամ
մարդասիրական օգնություն։ Հանգամանք, որն ընդհանրապես չի հետաքրքրել
լրագրողին՝ որովհետեւ լրագրողի նպատակը դրականն անտեսելն է,
իրականությունը չտեսնելը։
Անդրադառնալով «Ադամանդագործների գործադուլը շարունակվում է» հոդվածին,
հարկ է նշել, որ այդ հոդվածը լրագրողը կառուցել է ոչ հավաստի
տեղեկությունների, ենթադրությունների, չստուգված փաստերի հիման վրա,
հարցերին մոտեցել, մեկնաբանել է միակողմանի։
Այսպես՝ հոդվածի հենց սկզբում լրագրողը տեղեկացնում է, որ (մեջբերում)
«Շողակն» գործարանի տնօրենը բոլորովին միտք չունի բավարարելու բանվորների
պահանջը։ Նրա ասելով՝ աշխատավարձը ոչ թե ցածրացրել են, այլ գնահատել են
2001թ. ընդունված գնացուցակի համաձայն։ Ուղղակի այս տարիներին բանվորները
վարձատրվել են իրենց հասանելիքից մի փոքր ավելի» (մեջբերման ավարտ)։
…Հարգելի գլխավոր խմբագիր, Ձեր լրագրողի հետ հիշյալ թեմայի շուրջ
անձնական զրույցի ժամանակ նրան բացատրել եմ, որ «Շողակն» գործարանի
սեփականատիրոջ գիտությամբ, նրա անձնական ներկայացուցչի մասնակցությամբ,
2001թ. մարտ ամսին հաստատված գնացուցակով, որը ցույց եմ տվել լրագրողին,
«Էքսելենտ» արտադրական տեղամասի աշխատողների աշխատավարձը վճարվել է
համաձայն այդ գնացուցակի, ըստ կատարած աշխատանքի քանակի եւ որակի մինչեւ
2002թ. մարտ ամիսը, երբ առանց սեփականատիրոջ գիտության, արտադրության
ղեկավարության նախաձեռնությամբ եւ իմ թույլտվությամբ որոշվեց «Էքսելենտ»
տեղամասի աշխատողների վճարումը կատարել ամենաբարձր՝ «Տալկովսի» կոչվող
որակի թանկարժեք քարի մշակման գներով, ի օգուտ աշխատողների, ի վնաս
սեփականատիրոջ։ Այդ ժամանակ ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը դրամի
հանդեպ այնպիսին էր, որ ինձ հնարավորություն էր տալիս ընդառաջել
արտադրության ղեկավարությանը եւ «Էքսելենտ» տեղամասի բոլոր աշխատողներին,
անկախ մշակվող քարի որակից, վճարումը կատարել բարձր որակի քարի մշակման
գներով։ Սակայն վերջին շրջանում ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքի խիստ
անկման հետեւանքով այլեւս հնարավոր չէր բոլորին վճարել հավասարապես եւ
գործարանի սեփականատիրոջ ներկայացուցիչը, սեփականատիրոջ անունից, պահանջեց
ուղղել սխալը եւ վճարումները 2005թ. ապրիլի 1-ից կատարել համաձայն 2001թ.
հաստատված եւ գործող գնացուցակի, ըստ կատարած աշխատանքի քանակի եւ որակի։
Աշխատավարձի սպասվող օբյեկտիվ նվազման հետեւանքով բարձր եւ համեմատաբար
ցածր որակի թանկարժեք քարերի մշակման միջեւ տարբերությունը կազմում է ոչ
թե 30%, ինչպես ենթադրել է լրագրողը, այլ մինչեւ 25%։ Հարցի էությունը
այսպես մանրամասն նկարագրեցի, որպեսզի Ձեզ պարզ լինի, որ գործարանի
տնօրինությունը չի որոշել աշխատավարձը կրճատել 30%-ով, այլ վերը
նկարագրված իրադրության թելադրանքով պատրաստվում էր կատարել
յուրաքանչյուրին՝ ըստ իր կատարած աշխատանքի քանակի եւ որակի վճարումներ,
չփոփոխված գործող գնացուցակով։
…Ստացվում է, որ ամբողջ հոդվածը հիմնված է միայն փաստազուրկ
ենթադրությունների, իրականությունից զուրկ կանխակալ կարծիքների,
մերկապարանոց հայտարարությունների եւ այդ ամենի վրա հիմնված անհիմն
եզրակացությունների վրա։
…Գործադուլը, որպես այդպիսին, ինչպես նաեւ՝ գործալքությունը, իրավական
եւ փաստական հիմքերից զուրկ են եղել։ Կոպիտ կերպով խախտվել են թե
Աշխատանքային օրենսգրքի եւ թե աշխատանքային պայմանագրերի համապատասխան
դրույթները։ Հետեւաբար լրագրողը իր հոդվածով պետք է նպաստեր, օգներ
գործալքողներին հասկանալու իրենց սխալը, այլ ոչ թե միակողմանի
ենթադրություններով ապակողմնորոշեր եւ վնաս պատճառեր գործարանի գործարար
հեղինակությանը։

ՍԵՐԳԵՅ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Շողակն» ՓԲԸ գլխ. տնօրեն