Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին:
«… Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջեւ, որի հանգամանքները պարզել են ծնողները, եւ այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ»,- ասել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ծառայողական քննության արդյունքների հաշվետվության ժամանակ: Այդ արդարացումից 2 օր հետո արդեն ինքը` Սուրեն Խաչատրյանն էր լրագրողներին հայտնում, որ հրաժարական տալու որեւէ նպատակ չունի, որովհետեւ այդ ամենը «չուզողներն են իր գլխին սարքում», չմոռանալով ակնարկել ընդդիմությանը եւ լրագրողներին: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այս պահին հարկ է նշել, որ պարոն մարզպետն իշխանության «կարիդորներում» հայտնվեց իր իսկ կողմից նշված ընդդիմության թեթեւ ձեռքով, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին անհրաժեշտ էր ձերբազատվել Գորիսի այն ժամանակվա դաշնակցական քաղաքապետից: Հենց այդ պահից էլ սկսում են 1956թ. ծնված եւ 1995թ. «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտած Սուրեն Խաչատրյանի «սխրագործությունները», որոնց մասին բազմաթիվ հրապարակումներից, ինչպես պարզվեց լրագրողների հետ վերջին հարցազրույցից, պարոն մարզպետը տեղյակ չէ: Կարող եմ հուշել: Եթե ինտերնետում հայկական, ռուսական եւ անգլիալեզու փնտրող յուրաքանչյուր պորտալում հավաքեք «Սուրեն Խաչատրյան» կամ «Լիսկա» բառերը, ապա հրաշագործ ինտերնետը ձեզ կհիշեցնի ձեր բոլոր «հերոսությունների» մասին: Ի դեպ, նույնը կարող է անել կառավարության եւ իշխանության յուրաքանչյուր անդամ, եւ կհամոզվի, որ 1994-95թթ. սկսած պարոն Խաչատրյանին իր չսիրած լրագրողները չափից շատ են հիշել: Եվ եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ վերոնշյալ «ծառայողական քննությունն» անաչառ էր, եւ Սուրեն Խաչատրյանն այս անգամ, իրոք, անմեղ էր (թեեւ բոլորն էլ հասկանում են, որ այդ «ծառայողական քննությունը» պարզապես ֆարս էր), միեւնույն է` այդքան խայտառակ հիշատակումների հասցեատերը չի կարող լինել իշխանության կրող: Անգամ, եթե այդ իշխանությունն ընդամենը տեղական ինքնակառավարման մակարդակի է: Ինչ վերաբերում է պարոն Խաչատրյանի կողմից նշված լրագրողների հաճախակի «վատություններին», ապա միանգամայն տեղին է հիշել «Զգուշացիր ավտոմեքենայից» կինոնկարի հայտնի արտահայտությունը. «Իսկ ինչո՞ւ է հանցագործն ուզում գողանալ հենց ձեր ավտոմեքենան», ինչին Դետոչկինը սովորաբար պատասխանում էր, որ իր «զոհը» գող է եւ կաշառակեր:
Բայց խնդիրը Սուրեն Խաչատրյանը չէ: Նոր իշխանություններն առաջին իսկ օրից հայտարարեցին, որ ձգտելու են վերականգնել հասարակական վստահությունը: Իսկ վստահությունը խոսքերով չի վերականգնվում: Վստահությունը գործերով է վերականգնվելու:
Ո՛վ ուզում է, ինչքա՛ն ուզում են՝ թող հայտարարեն, որ «Հայլուրն» ամենառեյտինգային ծրագիրն է: Բայց փաստը մեկն է. «Հայլուրին» չեն վստահում անգամ «Հ1»-ի շատ աշխատակիցներ: Իհարկե, ոչ մեկը չի ժխտում, որ ծրագիրը դիտում են: Բայց խնդիրը դիտելը չէ: Որովհետեւ այդ նույն պնդողները խորհրդային ժամանակաշրջանում բազմաթիվ հաղորդումներ էին դիտում, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ իրենք այն դիտում էին մեծ հաճույքով, եւ, որ ամենակարեւորն է` հավատում եւ վստահում էին այդ ծրագրերին:
Քաղաքապետարանը գովազդային հիմունքներով գրեթե բոլոր հեռուստաալիքներով եւ թերթերով ինչ-որ նյութեր է հեռարձակում կամ տպում: Իսկ քաղաքապետն օրումեջ ելույթ է ունենում եւ տրանսպորտային խցանումների համար փորձում է մեղադրել Պետավտոտեսչությանը: Իրականում բոլորս էլ տեսնում ենք, որ պետավտոտեսուչներն, ինչպես երբեք, շատ բարեխիղճ են աշխատում, եւ օգտվելով առիթից՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այդ տղաներին: Իսկ խնդիրը նրանում է, որ մեր քաղաքային իշխանությունները՝ վախենալով այն հանգամանքից, որ իրենց կարող են ամեն րոպե ազատել աշխատանքից, փորձեցին առավելագույն շինարարական աշխատանքներ սկսել քաղաքում, որն իրականում կարելի էր անել հերթով, որպեսզի առանց այն էլ խցանված Երեւանում լրացուցիչ խցանումներ չառաջանան: Այնպես որ` «փոքր էկրանի աստղ» դառնալն ամենեւին չի նշանակում, որ երեւանցիները սկսում են վստահել Երեւանի հետ ոչ մի կապ չունեցող, քաղաքային իշխանություններին:
Այսօր շատերը պնդում են, որ հասարակությունը մասնատված է, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր «նեյրոլինգվիստիկ» բառերով կարողացավ բեւեռացնել հասարակությունը, եւ այլն, եւ այլն: Նախ՝ հասարակությունը մասնատված չէ: Պարզապես այդ հասարակությունը սպասում է այն խոստումների եւ ծրագրերի կատարմանը, որն, ըստ վարչապետի` պետք է դրված լինի յուրաքանչյուր իշխանավորի սեղանին: Հավատացած եղեք, եթե իշխանությունը չստեղծի այն հիմքերը, իսկ ավելի ճիշտ` չվերացնի այն ստեղծվածը, որը բերել է հասարակության համընդհանուր անվստահության, ապա ոչ միայն Լ.Տեր-Պետրոսյանը, այլեւ, ինչպես ասում են` «Ջավախարլալ Ներուն էլ Չե Գեւարայի ձեռքը բռնած գար», չէին կարող անվստահություն սերմանել մեր հասարակության շրջանում, որովհետեւ «ծուխն առանց կրակ չի լինում»: Այնպես որ` կրակը հանգցրեք, կրակը, հարգելի իշխանավորներ:
Այստեղ կարելի էր եւ ավարտել: Բայց մի հետաքրքիր բան է նկատվում մեր քաղաքական կյանքում: Նոր իշխանությունները կարծես թե փորձում են հանգցնել այդ կրակը: (Եթե այդպես չլիներ, Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն չէր նշանակի, որ հետո գործը «ջրվեր»: Պարզապես այդ հրապարակումը կանտեսվեր, ինչպես բազմաթիվ հրապարակումներ վերջին 10 տարիներին): Բայց կա ինչ-որ մեկը, ով խանգարում է այդ գործընթացին: Իսկ ո՞վ է այդ հզոր ուժը, ով փորձում է «պադնոժկա տալ» նոր իշխանություններին: Այս թեմային մենք կանդրադառնանք ավելի ուշ: