Ո՞ի, են պետք բարձր տեխնոլոգիաները

16/05/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ծանոթներիցս մեկը վերջերս ցավակցական հեռագիր էր ուղարկել Վայոց ձորի մարզում ապրող իր բարեկամներին։ Հետո պարզվել էր՝ հեռագիրը տեղ չի հասել։

3 անգամ նույն հասցեով հեռագիր էին ուղարկել, սակայն դրանք ճանապարհին ինչ-որ տեղ կորչում էին։ Վայոց ձորի մարզի փոստային ծառայությունում պատասխանում էին, որ իրենք ոչինչ չեն ստացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ հեռագիրը մնացել է փոստատարի պայուսակում. մարդը մոռացել էր։ Երբ հիշեցրել են, տարել տեղ է հասցրել՝ ճիշտ այն րոպեին, երբ ընտանիքով ծննդյան տարեդարձ նշելիս են եղել։

Չգիտենք՝ ուրիշ երկրներում նման բաներ պատահո՞ւմ են։ Ավելի ճիշտ՝ պատահո՞ւմ են այն երկրներում, որտեղ օրնիբուն խոսում են բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին։ Գաղտնիք չէ, որ հեռագրերի մեծ մասը (հանրապետության ներսում ուղարկվող) ցավակցական բնույթի են։ Մնացած դեպքերում մարդիկ կարող են զանգահարել, sms հաղորդագրություն ուղարկել։

Նույնը կարելի է ասել նամակների մասին։ Ավագ սերնդի ներկայացուցիչները սրտի մեծ ցավով նշում են, որ դպրոցն ավարտած երեխան նամակ չի կարողանում գրել, նամակագրության տարրական կանոնները չգիտի։ Սակայն ինչի՞ն է պետք նամակը, եթե կարելի է էլեկտրոնային փոստով գրել, շատ ավելի էժան է եւ արագ։ Մի խոսքով, փոստային ծառայությունը՝ որպես այդպիսին, մեծ խնդրի առաջ է կանգնած։ Այդպես է ողջ աշխարհում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ (կամ պատճառով) նրանց ծառայությունների նկատմամբ պահանջարկը խիստ նվազել է։ Ու որպես հետեւանք՝ նրանք փորձում են հնարավորինս բարձր մակարդակով սպասարկել՝ արագ, մատչելի եւ որակով։ Իսկ մեզ մոտ, թեեւ «ՀայՓոստն» այժմ կառավարում են հոլանդացիները, ծառայությունների որակը մնում է Խորհրդային Հայաստանի կապի ծառայությունների մակարդակի վրա։

Որքան էլ մեզանում խոսեն բարձր տեխնոլոգիաների մասին, միեւնույն է՝ կան տեղեր, որ բարձր տեխնոլոգիաների առջեւ «դուռը փակ է»։ Սա միգուցե մենթալիտետի հարց է։ Օրինակ, Կենտրոնական նոտարում, որտեղ միշտ սարսափելի հերթ է, անկյունում իր համար նստած է տարեց մի կին՝ հին գրամեքենայի առջեւ։ Համընդհանուր ժխորի մեջ լսվում է գրամեքենայի բավական բարձր ձայնը` պայմանագրերն է հավաքում։ Ոչ միայն երկար է տեւում, այլեւ՝ մի տառասխալը գլխացավանք է դառնում։ Ասում են՝ մի անգամ այդ կնոջ համար համակարգիչ են բերել. կարծել են՝ այդպես ավելի լավ կլինի բոլորի համար, ու կարեւորը՝ կխնայեն թե՛ հաճախորդների, թե՛ այդ կնոջ ժամանակը։ Սակայն 2 օր հետո կինը պահանջել է իր սիրելի գրամեքենան։ Ընդ որում, այս մենթալիտետը բնորոշ է նաեւ ամենաբարձր իշխանավորներին, որոնց վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում էր համակարգչից օգտվել սովորել։ Ու անհասկանալի մնաց ոչ միայն այն, թե ինչո՞ւ են մեզանում նախարար նշանակվում, նոր սովորում, այլեւ՝ ինչի՞ համար էին նախատեսված Կառավարության Նիստերի դահլիճում նախարարների առջեւ տեղադրված համակարգիչները, եթե նախարարներից ոմանց համար դա ընդամենը «տելեվիզր» է։ Համակարգիչների նկատմամբ ունեցած նրանց անտարբերությունը, սակայն, փոխհատուցվում է, օրինակ, նոր մոդելի Մերսեդեսի տեխնիկական հնարավորությունների կամ գերժամանակակից սմարթֆոնի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։ Դրանք էլ են բարձր տեխնոլոգիաներ։ Ու այդ ոլորտը զարգանում է՝ երբեմն՝ ի հեճուկս այդ ոլորտի զարգացման մասին խոսող իշխանությունների։ Օրինակ, արտակարգ դրության ժամանակ, երբ արգելափակվել էին մի շարք լրատվական կայքեր, հայերն ակամայից դարձան «հակերներ» ու զարտուղի ճանապարհներով ինֆորմացիա էին հայթայթում տարբեր կայքերից։ Այդ օրերին բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրվողների թիվը մեր հանրապետությունում կտրուկ աճեց։

Եթե նախարարները նոր պետք է սովորեն համակարգչից օգտվել, ավելի ցածր պաշտոն ունեցող պետական ծառայողների գործն այդ առումով ավելի հեշտ է. նրանք ավելի լավ են գլուխ հանում բարձր տեխնոլոգիաներից, սակայն համակարգչի հետ նրանց շփումը սահմանափակվում է հիմնականում «շարիկ գլորելով»։ Թեեւ պետք է նշել, որ հիմա համակարգչային խաղերին գումարվել է նաեւ ռուսական «odnoklassniki.ru» կայքը։ Այստեղ կարելի է գտնել նախկին համադասարանցիներին, կուրսեցիներին եւ այլոց։ Այս կայքում կարելի է հանդիպել նաեւ քաղաքական գործիչների, պատգամավորների, անգամ՝ նախագահի թեկնածուների։ Սակայն ամենամեծ բացահայտումը, որ ինքս ինձ համար արեցի, ոչ թե այն էր, որ պետական պաշտոնյան կարող է առավոտից երեկո այդ կայքում լինել, այլ այն, որ մեր կուրսի 60 հոգուց 25-ը արտասահմանում են։ Նրանց մեծ մասը գնացել է 2001 թվականին՝ բուհն ավարտելուց անմիջապես հետո, այսպես կոչված, մութ ու ցուրտ տարիներին հաջորդած «ոսկե տասնամյակի» ընթացքում։ Գնացել են Մայր բուհն ավարտած ու պահանջված մասնագիտության (տնտեսագիտություն) տեր կրթված երիտասարդներ, եւ նրանցից ոչ ոք չի ուզում վերադառնալ։ Եթե շփվեք այս կայքին քիչ թե շատ ծանոթ մարդկանց հետ, զարմանքով ու սրտի ցավով գրեթե բոլորը կասեն՝ բոլոր ծանոթներս դրսում են, թե ե՞ս ինչու մնացի։

Ու եթե գումարենք գոնե մեր ծանոթների թիվը, ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե վերջին տարիներին որքան մարդ է Հայաստանից գնացել՝ հիմնականում երիտասարդներ։ Իսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակել էր ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2008թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 3 միլիոն 230 հազար մարդ։

Փաստորեն ստացվում է՝ լիքը մարդիկ գնացել են, ներգաղթ գրեթե չի եղել, իսկ բնակչության թիվը չի պակասել։ Մնում է հարցնել՝ էլ ինչո՞ւ էին նախագահի թեկնածուներն այդքան խոսում ծնելիության խթանման անհրաժեշտության մասին, եթե մեր վիճակագիրներն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունեն սեփական «բարձր տեխնոլոգիաները»՝ մարդկանց թվաքանակի աճ ապահովելու համար։