Պատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երեւանի պատմամշակութային միջավայր (Արամի եւ Բուզանդի փողոցների միջեւ ընկած հատվածը` «Սիլ Պլազայից» մինչեւ «Մնացականյանի տուն», 20.000 քմ-ում նախագծվում է որպես Հին Երեւանի պատմամշակութային թաղամաս): Իսկ մինչեւ շենքի ճակատագիրը որոշվելը՝ կառավարությունը վերցրել է այն սեփականատիրոջից եւ հանձնել մեկ ուրիշին: 1999թ. շենքը գնել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն (նա այդ կոչմանն է արժանացել 17 տարի ՀՀ-ում առողջապահական եւ կրթական ծրագրեր իրականացնելու համար): Այդ շենքում են Մոնտալտոյի ղեկավարած հայ-իտալական մշակութային կենտրոնը, առողջապահական եւ կրթական ծրագրեր իրականացնող «Family Care» հասարակական կազմակերպությունը, B&B (Bread and Breakfast) 6 սենյակներով հյուրանոցը, որի եկամուտները հատկացվում են Գյումրիում եւ Սպիտակում Մոնտալտոյի հիմնած արվեստի դպրոցներին, որոնց արտադրած խեցեղենը վաճառվում է նկուղային հարկի հուշանվերների սրահում (www.villadelenda.com): Սակայն այժմ այդ ամբողջ ծրագիրը վտանգված է, քանի որ շենքը ցանկանում են քանդել` դրա տեղում առեւտրային թաղամաս կառուցելու նպատակով: Անցյալ տարվա մարտի 1-ի կառավարության որոշմամբ` Երեւանի կենտրոնի մի շարք հատվածներ, որոնց մեջ՝ նաեւ Կողբացի փողոցի այդ հատվածը, ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ, եւ մեկ այլ որոշմամբ Կողբացի 22-ը օտարվել է սեփականատիրոջից ու տրվել մրցույթով հաղթող ճանաչված «ԻԷմՍի» փակ բաժնետիրական ընկերությանը, որը այդտեղ պետք է անշարժ գույքի բիզնես իրականացնի, ինչը հազիվ թե հնարավոր է հանրային գերակա շահ համարել: Մինչեւ 2009թ. նոր սեփականատերը պետք է իրացնի տարածքը, իսկ մինչեւ 2012թ. ավարտի տարածքի կառուցապատումը: ՀՀ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով «Բացառիկ գերակա հանրային շահ» ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում այն ուղարկվում է օտարվող գույքի սեփականատիրոջը: Սակայն Մոնտալտոն ասում է, որ միայն անցյալ տարվա նոյեմբերին Երեւանի ծրագրերի իրագործման գրասենյակից ստացված նամակից է իմացել, որ իր շենքը վերցվել է իրենից եւ մրցույթով տրվել մեկ ուրիշին: Կառավարության 2004թ. մարտի 4-ի 399 որոշմամբ թույլատրվում է գերակա շահ ճանաչված գոտիներում սեփականատիրոջը տրամադրել կառուցապատման իրավունք առանց մրցույթի, ինչը, սակայն, երբեք չի կատարվել: Մոնտալտոն հարցերի մի շարան է տալիս, թե ինչո՞ւ իրեն չեն տեղեկացրել, որ իր շենքը ներգրավվելու է կառավարության ծրագրերում, եւ հնարավորություն չեն տվել իրեն իրականացնել այդ ծրագիրը: Եթե այդ տարածքում կառուցում են Հին Երեւանի պատմամշակութային համալիր, ապա ինչո՞ւ են պատմամշակութային շենքը քանդում: Երկհարկանի հնաոճ կահավորված տարածքը ներսի եւ դրսի կառուցվածքով տիպիկ հին երեւանյան ճարտարապետության նմուշ է, որ հյուրանոցով ու հուշանվերների բաժնով ամբողջացնում է զբոսաշրջության շղթան եւ կարող է լինել իշխանության նախատեսած հին Երեւանի պատմամշակութային տարածքի օրինակ: «Պետության հարգը բարձրանում է, երբ իր որոշումների կատարման մեջ ներգրավում է բնակիչներին, տեղեկացնում է նրանց, թե իրենց բնակեցրած տարածքում ինչ է ուզում կառուցել, հարցնում է նրանց կարծիքը: Շվեյցարիայում նման որոշումները հանրաքվեով են ընդունվում»,- ասում է Մոնտալտոն: Նա ասում է, որ պատրաստ է պայքարել իր սեփականության իրավունքի համար մինչեւ վերջ, բոլոր օրինական միջոցներով: Սակայն նրա հարեւանները` շարքային երեւանցիները, այդ պայքարում տանուլ են տվել: Մոնտալտոյի «Villa Delende» առանձնատան պատին ամրացված է ցուցանակ` «Պահպանվում է պետության կողմից»: Սակայն Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի խոսքերով` ցուցանակը ոչինչ չի նշանակում: Նա ասաց, որ Կողբացի 22-ը հուշարձան չէ եւ կքանդվի: Իսկ հետո ենթադրություն արեց, որ կարող է լինել տեղափոխման ենթակա հուշարձան, սակայն երբ նրան ներկայացվեց կառավարության 2004թ. որոշումը, որով շենքը մտնում է չտեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ, ասաց` ուրեմն կմնա իր տեղում: Դանիելյանը քննադատեց իտալացուն առանց քաղաքապետարանի թույլտվության շենքի տանիքը 60 սմ-ով բարձրացնելու համար: Մոնտալտոն ասում է, որ կքանդի իր ավելացրածը, եթե կառավարությունը սկսի քանդել քաղաքի բոլոր անօրինական կառույցները: Հին շենքի ապագայի շուրջ ծագած վեճում մի բան է միայն հստակ. Մոնտալտոյից շենքը առվել է, եւ ՀԿ-ն, արվեստի դպրոցներին սատարող ծրագրերը եւ B&B հյուրանոցն այստեղ այլեւս չեն լինի:
www.armenianow.com