Հերթական մշուշոտ գործարքը

16/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան ու հպարտությունը, իսկ ներկայումս՝ որոշ պաշտոնյաների համար հարստանալու միջոց դարձած «Նաիրիտ» գործարանը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:

Անցած շաբաթ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ «Նաիրիտ գործարանը» վերակառուցման ու արդիականացման նպատակով պայմանագիր է կնքել լեհական PBG PBGG.WA ինժեներաշինարարական ընկերության հետ: Այս նպատակի համար անհրաժեշտ են նաեւ գումարներ: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, թե գործարանը դիմել է «լեհական BREbank-ին` ակնկալելով Լեհաստանի կառավարության համապատասխան երաշխիքները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերակառուցման եւ արդիականացման ծրագրի» իրականացման համար»: Այսինքն` այդ ծրագրի իրականացման համար BREbank-ը պետք է գումարներ` վարկ տրամադրի: Մեր ունեցած տեղեկություններով, այդ ծրագրի արժեքը կազմում է 252 մլն դոլար: Իսկ ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործարանի ներկայիս սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը 2006թ. Հայաստանի համար շատ զավեշտալի, իր համար չափազանց բարենպաստ պայմաններով է գնել «Նաիրիտ գործարանը»: Գնորդը ԱՊՀ Միջպետական բանկում գրավ է դրել հենց գործարանի բաժնետոմսերը՝ դրա փոխարեն ստանալով 70 մլն դոլար վարկ, որից 40 մլն-ը «Նաիրիտ գործարանի» համար վճարել է ՀՀ կառավարությանը: Այսինքն՝ հիմա «Նաիրիտը» դեռ գրավադրված է ԱՊՀ Միջպետական բանկում: Իսկ այս անգամ ո՞ր բանկը պետք է գործարանին արդիականացման եւ վերակառուցման համար 252 դոլարի վարկ տրամադրի, եւ ընդհանրապես` ի՞նչ նոր ամպեր են կուտակվում «Նաիրիտի գլխին»: Այս մասին հաղորդագրության մեջ, բնականաբար, ոչինչ չի ասվում: «Այս ծրագիրն արդեն նախագիծ է եւ կդառնա իրականություն, եթե լեհական BREbank-ի հետ մեր բանակցություններն ավարտվեն հաջողությամբ, եւ կարողանանք համոզել, որ դա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը նպաստող, բնապահպանական տեսակետից` անվտանգ, ինքնածախսածածկվող եւ ոչ ռիսկային նախագիծ է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե լեհական բանկը կտրամադրի՞ այդ գումարը, եւ սեփականատերերը վերջապես «կարդիականացնե՞ն» «Նաիրիտ գործարանը»:

Իսկ մինչ այդ թերեւս արժե հիշել «Նաիրիտ գործարանի» նախկին ծրագրերի մասին: Սեփականատիրոջ`«Ռայնովիլ» ընկերության պարտավորությունների մեջ նշված է, որ «Նաիրիտ գործարանում» ընկերության բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման գրանցման պահից 5 տարվա ընթացքում պետք է իրականացվի արտադրության վերակառուցում եւ տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ՝ նոր օբյեկտների կառուցում 120 մլն դոլարի չափով: Մինչեւ 2008թ. հունվարը գործարանը պետք է քլորոպրենային կաուչուկն արտադրեր բութադիենային եղանակով: Մինչեւ հիմա գործարանը արտադրում է ացետիլենի հիմքի վրա: Ըստ ծրագրի, մինչեւ այս տարվա հունվար գործարանի արտադրանքի տարեկան ծավալը պետք է հասներ 25.000 տոննայի: Արդյոք գործարանը կատարե՞լ է այս պարտավորվածությունները: Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ վերջին 3 տարիների ընթացքում արտադրվել է ընդամենը 16.753 տոննա կաուչուկ եւ տարեկան 25.000 տոննա կաուչուկ արտադրելը «Նաիրիտի» համար դեռեւս հեռավոր երազանք է: «Քլորոպրենային կաուչուկի բութադիենային եղանակը դեռեւս չի կիրառվում: Բութադիենային տեխնոլոգիայի գործադրման եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրության հոսքագծի փաստացի-տեխնիկական վիճակը եւ այն գործունակ դարձնելը պահանջեց ավելի ջանքեր եւ ժամանակ, քան ակնկալվում էր: Սակայն տեխնիկական դժվարությունները բութադիենային տեխնոլոգիայի կիրառման աշխատանքների ուշացման միակ պատճառը չեն: Բութադիենի փոխադրումը եւս բարդ իրականանալի ինժեներատեխնիկական խնդիր է, եւ միայն տրանսպորտային փոխադրման լոգիստիկայի հարցն արդեն լուրջ ուսումնասիրման կարիք ունի: Նախկինում բութադիենի տեղափոխման հիմնական միջոցը երկաթուղին էր, սակայն պարզ պատճառներով այսօր այդ ուղին հնարավոր չէ վերականգնել: Հնարավոր չէ վերականգնել նաեւ բութադիենի նախկին հիմնական աղբյուրը»,- պատասխանել է «Նաիրիտ գործարանի» մամուլի ծառայությունը:

Հետաքրքիր է` իսկ այդ պարտավորությունը ստանձնելիս մի՞թե չգիտեին ՀՀ երկաթուղային փոխադրումների հնարավորությունը: Իսկ եթե, իսկապես, չեն իմացել, ուրեմն անլուրջ ընկերություն է, որին նման գործարան վստահելն ավելի անլուրջ գործ է: Իսկ եթե գիտեին, ինչն ավելի հավանական է, ուրեմն խաբել են մեր կառավարությանն ու հասարակությանը: Կամ էլ այդ խոստումները «Նաիրիտի» անհասկանալի սեփականատիրոջ եւ մեր կառավարության հերթական PR ակցիաներից էին: Մյուս կողմից՝ հիմա աշխատում են Փոթիից դուրս եկող լաստանավերը, որոնց միջոցով էլ իրականացվում է ՀՀ բեռնաշրջանառությունը: Արտաքին աշխարհի հետ տրանսպորտային կապ, այնուամենայնիվ, կա: Բացի այդ, արդեն հնարավոր է բութադիեն ներկրել նաեւ Իրանից: Հավանաբար միայն հարստանալու նպատակ ունեցող սեփականատերերն այլ ուղղություններ եւ տեխնոլոգիաներ գտնելու ժամանակ չունեն: Գործարանից չէին պատասխանել մեր այն հարցին, թե ինչ գնով են իրացնում 1 տոննա կաուչուկը` դա որակելով որպես առեւտրային գաղտնիք: Սակայն գործարանի փոխտնօրեն Ռուբեն Սաղաթելյանը փետրվարին թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե համաշխարհային շուկայում 1 տոննա կաուչուկի արժեքը մոտ 4500 դոլար է: Իսկ Միջպետական բանկի Արտաքին կապերի վարչության պետ Տատյանա Սերպկովան «168 Ժամին» փոխանցել էր, թե «գործարանից 1 տոննա կաուչուկը գնվում է 2700 դոլարով եւ «Ռայնովիլի» կողմից վերավաճառվում է նվազագույնը 4000 դոլարով: Գործարանից ստացված փողերը գնում են նոր տիրոջ գրպանը»: «Ռայնովիլի» պարտավորությունների մեջ նաեւ նշված է, որ սեփականատերը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 15 պետք է ներկայացնի գործարանի տարեկան հաշվետվությունը: 2007թ. չի ներկայացրել, որովհետեւ բաժնետոմսերի գնման 1 տարին դեռ չէր լրացել: Այսօր ՀՀ կառավարությանը «Ռայնովիլի» առաջին հաշվետվությունը ներկայացնելու վերջին օրն է: Ներկայացնելո՞ւ է ընկերությունն իր հաշվետվությունը: «Իհարկե` այո»,- նշված է ընկերությունից «168 Ժամին» ուղարկված գրավոր պատասխանում: Մենք հետամուտ կլինենք, թե ընկերությունն ինչ հաշվետվություն է ներկայացնելու ՀՀ կառավարությանը, եթե, իհարկե, ներկայացնելու է: Այժմ միայն պարզ է, որ մինչեւ 2008թ. հունվար նոր տեխնոլոգիաներ ներդնելու եւ տարեկան արտադրությունը 25.000 տոննայի հասցնելու պարտավորությունը չի կատարվել: Առաջիկայում կփորձենք ներկայացնել նաեւ, թե ի՞նչ ընթացք կունենա լեհական ընկերության հետ կնքած պայմանագիրը, եւ արդյո՞ք «Նաիրիտին» կհաջողվի ինչ-որ բանկից նոր վարկ վերցնել: Վերջում տեղեկացնենք, որ «Նաիրիտ գործարանը» Հայաստանի խոշոր գազ սպառողներից է եւ այս երկու տարիներին ամբողջությամբ օգտվել է ՀՀ կառավարության հատկացրած սուբսիդիայից` հարստացնելով սեփականատերերին: Գործարանից մեզ չպատասխանեցին, թե 2006թ. ապրիլից որքա՞ն գազ են սպառել, հետեւաբար հայտնի չէ, թե որքա՞ն սուբսիդիա է բաժին ընկել «Նաիրիտին»:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ԱՊՀ Միջպետական բանկի եւ «Նաիրիտ գործարանի» միջեւ կայացած գործարքում էական դերակատարություն է ունեցել ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԿԲ նախագահի պաշտոնը: